Հոսանքին կստիպեն թանկանալ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2012թ. գործունեության ծրագրի համաձայն՝ 2011թ. համեմատ կանխատեսվում է էլեկտրաէներգիայի սպառման շուրջ 6,7% (315,5 մլն կՎտ/ժ) աճ. սպառվելու է 4,994 մլրդ կՎտ/ժ: Գալիք տարի ծրագրվում է արտադրել 7,343 մլրդ կՎտ/ժ (աճը՝ 3% կամ 220 մլն կՎտ/ժ)։
Ծրագրվում է, որ 2012թ. էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ ատոմակայանի մասնաբաժինը կկազմի 34,6% (2011թ.՝ 35,7%), ջերմային էլեկտրակայաններինը՝ 33,4% (2011թ.՝ 28,1%), հիդրոէլեկտրակայաններինը՝ 31,4% (2011թ.՝ 35,7%)։
Ընդհանուր ծավալում արտադրող կայանների մասնաբաժինների փոփոխությունը, ըստ էության, պայմանավորված է բոլոր կայանների կողմից արտադրության կրճատման և միայն «Հրազդանի էներգետիկ կազմակերպության» («ՀրազՋԷԿ») կողմից էլեկտրաէներգիայի 2,3 անգամ կամ 521,9 մլն կՎտ/ժ աճով (ծրագրվում է արտադրել 900 մլն կՎտ/ժ)։ Այս ջէկի կողմից էլեկտրաէներգիայի արտադրության ավելացումը մտահոգիչ է, քանի որ կայանի էլեկտրաէներգիան ամենաթանկն է համակարգում (28,88/1 կՎտ/ժ՝ ներառյալ ԱԱՀ-ն)։
«ՀրազՋԷԿ»-ի արտադրելիք էլեկտրաէներգիան կազմելու է բոլոր կայանների կողմից արտադրվածի 12,2%-ը (2011թ.՝ 5,4%-ի դիմաց) և սպառվելիքի՝ 18%-ը (2011թ.՝ 8,2%), բայց համակարգում թանկ էլեկտրաէներգիայի տեսակարար կշռի ավելացումը կարող է հանգեցնել վերջնական սպառողների համար սակագնի բարձրացման։
Փաստորեն, գալիք տարի մի կողմից Հայաստանում ավելանալու է թանկ էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը, մյուս կողմից՝ նվազելու է էժան էլեկտրաէներգիայի արտադրությունը: Հէկերը, մասնավորապես, արտադրությունը կրճատելու են 10%-ով (236 մլն կՎտ/ժ), Երևանի ջէկը՝ 4,3%-ով (70,6 մլն կՎտ/ժ):
Ստացվում է, որ նույնիսկ եթե այս տարի վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր լինի անփոփոխ թողնել հէկերի և Երևանի ջէկի էժան էլեկտրաէներգիայի հաշվին, սպասվելիք պայմաններում վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի ներկայիս սակագները պահպանելու հնարավորությունները նվազում են։
Էլեկտրաէներգիայի թանկացմանը կարող է նպաստել նաև 2012թ. ապրիլի 1-ից Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի գնի ակնկալվող բարձրացումը: Գազի թանկացման դեպքում թանկանալու է «ՀրազՋԷԿ»-ի էլեկտրաէներգիան:
Ինչ վերաբերում է իրանական գազին, ապա Հայաստանը կարծես ոչ միայն պատրաստ չէ ծավալների ավելացմանը, այլև գնում է դրանց նվազեցմանը։
2004թ. ստորագրված հայ-իրանական պայմանագրի համաձայն՝ Իրանը Հայաստանին պետք է տարեկան մատակարարեր մինչև 1,1 մլրդ խմ գազ (օրական շուրջ 3 մլն խմ), իսկ 2014-ից այդ ծավալը պետք է կազմի մինչև 2,3 մլրդ խմ:
Հայաստանը ներկայում չի կարողանում սպառել նույնիսկ պայմանագրով ամրագրված նվազագույն ծավալները։ Հայաստանում իրանական գազի սպառողը Երևանի ջէկն է, որը յուրաքանչյուր 1 խմ գազի դիմաց Իրան է առաքում 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Մնացած 2 կՎտ-ը մնում է Հայաստանին: Այս տարի ակնկալվում է, որ ներկրվող իրանական գազի ծավալը կկազմի 426,7 մլն խմ, որի դիմաց կառաքվի 1,280 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Հայաստանը գալիք տարի նախատեսում է Իրանից ներկրել 353 մլն խմ գազ կամ այս տարվա համեմատ 73,7 մլն-ով քիչ։
Մյուս կողմից՝ «ՀայՌուսգազարդ»-ը ներկայում իրականացնում է Հրազդանի 5-րդ էներգաբլոկի կարգաբերման աշխատանքները և նախատեսում է դրանք ավարտել 1-2 ամսից, ինչը նշանակում է, որ էներգաբլոկը կգործի արդեն գալիք տարի և կմասնակցի «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» հայ-իրանական սխեմային:
Civilnet










