Գլխավոր Լրահոս

Աշխատելու իմիտացիա

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կաթնամթերքի արտադրության մեջ կոկոսի յուղ և կաթի փոշի օգտագործելու համար երեկ տուգանեց կաթնամթերքի շուկայի առաջատար երեք ընկերություններին՝ «Աշտարակ կաթ»-ին, «Դուստր Մարիաննա»-ին և «Անի կաթ»-ին՝ համապատասխանաբար Դ50  մլն,  Դ20 մլն և Դ5 մլն (Տե՛ս «Կոկոս են հայտնաբերել» հոդվածը): Ընկերություններից մեկն արդեն հայտարարել է, որ համաձայն չէ հանձնաժողովի որոշմանը և դատական կարգով վիճարկելու է այն:

Ընդհանրապես, կարծես արդեն պրակտիկա է դառնում, երբ հանձնաժողովը տուգանում է, և տնտեսավարողները վիճարկում են որոշումը: Ու մինչ դատարանները կքննարկեն այս որոշումների իրավացիությունը, տնտեսավարողներն ըստ էության կարող են շարունակել նախկին գործելաոճը:

Օրինակ՝ «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից օղիների նմանակման վերաբերյալ ՏՄՊՊՀ-ն բազմաթիվ որոշումներ է ընդունել, սակայն այդ թղթերը շարունակում են սպասել դատավորների ուշադրությանը, իսկ «Ալեքս Գրիգ»-ը անգամ չի էլ մտածում նմանակած օղիները շրջանառությունից հանելու մասին:

Մի կողմ թողնենք այն, որ Հայաստանի տնտեսական մրցակցությունը կարգավորող օրենսդրությունը անկատար է, և ՏՄՊՊՀ-ն կարիք ունի ավելի շատ լիազորությունների:

Իրականում նույնիսկ առկա լիազորությունների սահմաններում ՏՄՊՊՀ-ն կարծես թե նախապատվությունը տալիս է ոչ թե իրական մրցակցությունը պաշտպանելուն, այլ հրապարակային շոուներ սարքելուն, և ձվի մեջ մազ է փնտրում:

Հայաստանում անզեն աչքով կարելի է տեսնել, որ արդար մրցակցության սկզբունքներն ամենուր խախտվում են:

Երբ խոշոր սուպերմարկետների ցանցերից մեկի տնօրենը հայտարարում է, որ մրցակից ցանցի շաքարավազ ներկրող մենատերը շաքարավազի գին է թելադրում և դիմում է անարդար մրցակցության, ՏՄՊՊՀ-ն լուռ է: Երբ անցյալ տարի հավկիթի շուկայում ակնհայտ դեմպինգ իրականացվեց, չգիտես ինչու հանձնաժողովը դա չտեսավ: Արդյունքում Ամանորի նախօրեին շուկայում ձվի դեֆիցիտ առաջացավ:

Հասկանալի է, իհարկե, որ տնտեսական դաշտում որևէ հանձնաժողով առանց վերադասի մանդատի չի կարող իր գործառույթը 100 տոկոսով իրականացնել: Եվ հանձնաժողովին այլ բան չի մնում, քան շեշտադրել ոչ թե իրական աշխատանքը, այլ դրա իմիտացիան:

Ամեն դեպքում, մրցակցության պաշտպանության խնդիրները վերևից են գալիս՝ քաղաքականությանը սերտաճած բիզնես համակարգից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում