«Օրակարգ»-ը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ կրկեսի վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են: Ինչ վերաբերում է «Հաղթանակ» զբոսայգուն, քաղաքապետարանի պատասխանից կարելի է ենթադրել, որ ներդրումային ծրագրի դեմ հանդես են գալիս զբոսայգու ներկայիս 20 վարձակալները:
Քաղաքապետարանից «Օրակարգ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ «Տաշիր Գրուպ» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մեկնարկել և ներկայում ընթացքի մեջ է Երևանի կրկեսի արդիականացման ծրագիրը։ «Շինարարության ներկա փուլի և այդ աշխատանքներին առնչվող այլ մանրամասների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ ընկերությունից կամ շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունից», – ասված էր պատասխանում:
«Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը հաստատեց, որ քաղաքապետարանը «Տաշիր Գրուպ»-ին է հանձնել կրկեսի տնօրինումը, և այնտեղ արդեն շինաշխատանքներ են կատարվում: Պետրոսյանի խոսքով՝ կրկեսը ոչ շահութաբեր բիզնես էր, և ողջունելի է «Տաշիր Գրուպ»-ի նախաձեռնությունը:
Ուշագրավ է, որ շինաշխատանքները ցույց տվող վահանակների վրա նշված է «Երևանյան կրկես» ՍՊԸ, որից պարզ չէ, որ «Տաշիր Գրուպ»-ը մասնակցություն ունի ծրագրին: Սոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ այդ ՍՊԸ-ն պատկանում է «Տաշիր Գրուպ»-ին:
Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարության հովանու ներքո գործող Երևանի պետական կրկեսը 2005թ. գնահատվել էր Դ408 մլն և օտարվել մրցույթով: Հայտ ներկայացրած կրկեսի կոլեկտիվը՝ Սոս Պետրոսյանի գլխավորությամբ, Դ150 մլն-ով սեփականաշնորհել էր այն՝ պարտավորվելով երեք տարում կատարել Դ650 մլն-ի ներդրումներ: Սակայն մինչև 2011թ. կրկեսը շարունակում էր գործել վատթար պայմաններում:
Ըստ Պետրոսյանի՝ կրկեսի հիմնանորոգման աշխատանքներն սկսվել են օգոստոսի 1-ից, և նախատեսվում է դրանք ավարտել 2013թ. հոկտեմբերին: Նախատեսված ծրագրով՝ ամրացվելու է կրկեսի ներկայիս շենքը, ճակատը մնալու է նույնը, սակայն ավելանալու է ևս մեկ հարկ՝ 5-րդ հարկը, որը լինելու է դերասանների համար նախատեսված հյուրանոց: Բացի շենքի վերակառուցումից՝ ամբողջությամբ կթարմացվեն կրկեսի գույքը, սարքավորումները, տեխնիկական բազան, մասնավորապես՝ կլավացվեն ձայնային և հնչյունային, ինչպես նաև լուսային էֆեկտների հնարավորությունները:
Կրկեսի շենքը 1962թ. հիմնադրման օրվանից հետո չի վերանորոգվել:
«Հաղթանակ» զբոսայգում՝ «Դիսնեյլենդ»
Ապրիլին հայտարարվել էր նաև, որ Ռուբեն Վարդանյանը ներդրումային ծրագիր կիրականացնի «Հաղթանակ» զբոսայգում։ Ըստ նախատեսվող ծրագրի՝ «Հաղթանակ» զբոսայգին վերակառուցվելու է հասարակական և վճարովի գոտիների։ Վճարովի գոտում ստեղծվելու են ժամանակակից մանկական խաղահրապարակներ, ամֆիթատրոն, ատրակցիոններ, կախարդական այգի և զվարճանքի այլ ժամանակակից կառույցներ: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացումից հետո զբոսայգին կնմանվի հանրահայտ «Դիսնեյլենդ»-ին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Օրակարգ»-ի հարցմանը պատասխանեցին, որ զբոսայգու վերակառուցման և արդիականացման ծրագրի հայեցակարգի մշակումը իրականացվել է Ռուբեն Վարդանյանի ֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ $60 մլն։ Սակայն քաղաքապետարանը դեռ բանակցություններ է վարում հնարավոր ներդրողների ներգրավման ուղղությամբ։
Այգու 20 վարձակալները, որոնք ներկայում անորոշ վիճակում են, ըստ քաղաքապետարանի՝ ներգրավված կլինեն հնարավոր ներդրողների հետ բանակցությունների համապատասխան փուլերում՝ համագործակցության փոխշահավետ տարբերակի ընտրման նպատակով։
Civilnet











