-Պրն Գաբրիելյան, 2012թ. բյուջեի հիմքում մենք ընդունել էինք համաշխարհային տնտեսության սեպտեմբերյան կանխատեսումները, բայց այսօր արդեն դրանք վերանայվել են դեպի նվազում։ Ինչո՞ւ Կառավարությունը չգնաց բյուջեի ծրագրված ցուցանիշների վերանայման, եթե հաշվի առնենք, որ լրացուցիչ Դ101 մլրդ եկամուտների մոտ Դ70 մլրդ-ը ապահովելու է 4,2% տնտեսական աճը և գնաճը։
-Ռիսկերի հնարավորության վերաբերյալ մենք ունենք տարբեր գնահատականներ։ Ճիշտն ասած՝ նմանատիպ մտահոգություն կար նաև Moody's-ի հաղորդագրությունում, և մենք տվեցինք մեր բացատրությունը։ Մենք ճիշտ այդ նույն ռիսկերը համեմատական աղյուսակով արտահայտել ենք բյուջեի ուղերձում։
Մենք նշել ենք եվրոպական տնտեսության, Ռուսաստանի տնտեսության զարգացման հավանական սցենարները, և այդ սցենարների հիմքում ընդունել ավելի վատ և էլ ավելի վատ զարգացումները։ Երկու դեպքում էլ պետք է հասկանանք, թե ինչ հնարավորություններ ունենք այդ մարտահրավերներին դիմակայելու, եթե լինի ավելի ցածր տնտեսական աճ, եկամուտների ավելի ցածր մակարդակ։
Մեր կարծիքով՝ ռիսկերը կառավարելի են։ Ասել, որ ընդհանրապես ռիսկեր չկան, ճիշտ չէ, բայց նաև ասել, որ ընդհանրապես տնտեսության աճ չի լինի, նույնպես ճիշտ չէ։ Այդ իսկ պատճառով մենք կգնանք այս սցենարով՝ միաժամանակ ուշադիր լինելով այն զարգացումներին, որոնք առկա են Եվրոպայում և Ռուսաստանում։ Չի բացառվում, որ խնդիրներ ունենալու դեպքում արտաքին օժանդակություն ստանանք։
-Եթե իրադարձությունները զարգացան բացասական սցենարով, Կառավարությունը գնալու է ծախսերի կրճատմա՞ն, թե՞ բյուջեի պակասուրդի ավելացման ճանապարհով։
-Մենք դիտարկելու ենք բոլոր հնարավոր միջոցները։ Բնականաբար, կարող ենք որոշակի ծախսեր կրճատել, կարող ենք որոշակի եկամուտների ավելացում ունենալ և կարող ենք բանակցել դոնորների հետ լրացուցիչ աջակցություն ստանալու ուղղությամբ։
-Իսկ հետագայում խնդիրներ չե՞ն լինի բյուջեի պակասուրդի մեծացման հետ կապված։
-Մենք գնում ենք պակասուրդի կրճատման՝ նախանշված սցենարով, և երբեք չենք շեղվել դրանից։ Այս տարի մենք կունենանք բյուջեի պակասուրդ ոչ թե ՀՆԱ-ի 3,9%-ի չափով, այլ 0,2-0,3-տոկոսային կետով ավելի ցածր։ Այսինքն՝ այնպես չէ, որ մենք պակասուրդը չենք կրճատում, այդ ուղղությամբ քայլեր չենք անում և ֆիսկալ կոնսոլիդացիա չենք կատարում։ Իրականում մենք այդ ամենը կատարում ենք։ Եթե մենք կտրուկ կրճատենք պակասուրդը, դա կարող է ազդել տնտեսական աճի վրա։ Այսպիսով՝ մենք մի քանի բան հավասարակշռելու խնդիր ունենք։
Այդ գործոնների մեջ մտնում են թե՛ տնտեսական աճը, որը պայմանավորվում է նաև ծախսերի մակարդակով, թե՛ տնտեսության որոշակի ազատություն թողնելը, թե՛ արտաքին պարտքի բեռը։ Այդ բոլորը հաշվի առնելով՝ կարծում ենք, որ խնդիրը կառավարելի սահմաններում է։ Այսինքն, եթե մենք չնվազեցնեինք պակասուրդը, չիրականացնեինք ֆիսկալ կոնսոլիդացիա, կարող էինք խնդիրներ ունենալ։ Բայց ես չեմ կարծում, որ այդ տեսակետից խնդիրներ ունենք։
Եթե ուշադիր նայեք Moody's-ի և այլոց գնահատականներին, որոնք չէի ասի, որ ահավոր լավատեսական են, կտեսնեք, որ այնտեղ ֆիսկալ կոնսոլիդացիայի տեսակետից որևէ հարց չի բարձրացվում։ Հարցը բարձրացվում է միայն արտաքին շուկաներից եկող ազդակների մասով։ Կարծում եմ՝ այդ ազդակները պետք է լինեն կառավարելիության մակարդակում։
-Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին հերթական տրանշը հատկացնելու վերաբերյալ հաղորդագրությունում նշել է, որ անհրաժեշտ է ապահովել փոխարժեքի ավելի մեծ ճկունություն, բեկում տնտեսության թափանցիկությունը մեծացնելու, հավասար դաշտ ապահովելու առումով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Երբ մենք անցանք ԱՄՀ վերջին գնահատումները, փոխարժեքի քաղաքականության հետ նրանք որևէ խնդիր չունեին։ Ինչ վերաբերում է մենաշնորհներին, դուք կարող եք խնդիրներ ունենալ կամ չունենալ, եթե ունեք լեգալ մենաշնորհներ կամ մենաշնորհ, որը հակամրցակցային խնդիրներ ունի։ Եթե դուք ունեք չափից մեծ մենաշնորհներ, որոնք գալիս են իրենց գործողությունների չափից, դրանք մեկ օրում վերացնելը, բեկումնային ինչ-որ բան անելը բարդ է։
Որևէ երկիր միանգամից նման քայլեր չի կարողանում իրականացնել։ Դա պահանջում է երկար տարիների ջանք, հետևողական աշխատանք, տվյալների հավաքագրում և այլ աշխատանքներ։ Կարծում եմ՝ մեր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ճիշտ տրամաբանությամբ այդ ուղղությամբ աշխատում է, և մենք կտեսնենք բարեփոխումներ։ Բայց ես որևէ փաստաթղթում չեմ տեսել, որ մեզ մոտ հեղափոխական փոփոխություններ պետք է լինեն։
-Իսկ ինչո՞ւ մենք արագ չենք լուծում հարկային վարչարարության խնդիրը, բարելավում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը։
-Այդ տեմպերն այնպիսին են, որ մեզ հնարավորություն են տալիս բարձրացնել հարկահավաքման մակարդակը և էապես չվտանգել եկամուտների ապահովումը։ Այն ցուցանիշները, որոնք դրված են 2012թ. բյուջեում, ցածր չեն։ Վերջին տարիներին մենք երբեք նման եկամուտների ավելացում չենք ունեցել։ Սա մեր երկրորդ լավագույն ցուցանիշն է վերջին տարիներին, նման աճ ունեցել ենք, կարծեմ, 2008թ. և եթե մենք այս տեմպով շարժվենք, կրկին առաջընթաց կունենանք։
-Բայց չէ՞ որ, օրինակ, Վրաստանում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմում է մոտ 25%, այնինչ Հայաստանում այն գալիք տարի հասնելու է ընդամենը մոտ 17,4%-ի։
-Կան կառուցվածքային և այլ խնդիրներ, որոնք տարբեր երկրներում տարբեր են։ Վրաստանի խնդիրներն ամբողջովին նույնը չեն, ինչ մերը։ Բայց չեմ կարծում, որ մենք Վրաստանից սովորելու բան չունենք, չեմ էլ կարծում, որ ավելացնելու տեղ չունենք։ Բայց դա կարվի կամաց-կամաց, և մենք կունենանք այդ ցուցանիշները։
Civilnet











