Խուսափել պայթյունից
Բրիտանական հեղինակավոր «Էկոնոմիստ» հանդեսը զեկույց է հրապարակել՝ գնահատելով աշխարհի 165 երկրներում ժողովրդավարության վիճակը (տե՛ս «Հայաստանում ժողովրդավարության ուղղությամբ փոփոխություն չկա» հոդվածը):
Զեկույցում նշվում է, որ անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում ժողովրդավարության ուղղությամբ որևէ փոփոխություն չի արձանագրվել, շարունակում են մնալ նույն խնդիրները՝ էական խախտումներով ուղեկցվող ընտրություններ, համատարած կոռուպցիա, թույլ քաղաքացիական հասարակություն և օրենքի թույլ իշխանություն:
Ուշագրավ է զեկույցի անդրադարձը Արաբական աշխարհի իրադարձություններին: «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները զգուշացնում են, որ վերոնշյալ իրողությունները, ինչպես նաև իշխանությունը երկարաձգելու և ժառանգորդներին հանձնելու փորձերը կարող են վերաճել զանգվածային ընդվզումների նաև ԱՊՀ տարածաշրջանում:
«Էկոնոմիստ»-ի զեկույցի հրապարակումը համընկավ Ռուսաստանում հետընտրական զանգվածային դժգոհություններին և Ղազախստանում աննախադեպ անկարգություններին: Եթե ռուսաստանյան դեպքերը պայմանավորված էին հետընտրական դժգոհություններով, ապա Ղազախստանում նման պատճառ չկար: Ավելի վաղ հետընտրական հուզումները ճնշեց Բելառուսի բռնապետ Լուկաշենկոն: Բերնեբերան լցված բաժակը հնարավոր չէ այլևս դատարկել...
Մենք դասեր ունենք քաղելու այսպիսի զեկույցներից: Տնտեսության մասով էլ ԱՄՀ-ն զգուշացրեց, որ բեկումնային փոփոխություններ են անհրաժեշտ:
Հայաստանը չունի նավթ, ծով, բարենպաստ աշխարհագրական դիրք, հետևապես նրա ռեսուրսը, մրցակցային հիմնական առավելությունը տարածաշրջանի երկրների նկատմամբ պետք է լինի ժողովրդավարությունը: Դա հենց այն ճանապարհն է, որը կօգնի հաղթահարել քաղաքական-տնտեսական ներկա համակարգի արատները:
Այդ համակարգի պահպանման փորձերն անկանխատեսելի հետևանքներ կարող են ունենալ: Արաբական աշխարհից Հայաստանի իշխանությունը դասեր ունի քաղելու: Խոսքն իհարկե Կադաֆիի ճակատագրին արժանանալու մասին չէ, այլ այն մասին, որ պայթյունի դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել թե՛ իշխանության, թե՛ ժողովրդի համար:
Civilnet










