Գլխավոր Լրահոս

Աճը քուն է մտնում

Աճը քուն է մտնում

ԱՎԾ-ի երեկ հրապարակած մակրոտնտեսական օպերատիվ տվյալներից երևում է, որ հոկտեմբերին տնտեսական ակտիվության աճը եղել է ոչ թե 2,4%, ինչպես նշված էր նախորդ՝ նոյեմբերյան հրապարակման մեջ, այլ 3%։ Հոկտեմբերին տնտեսական ակտիվությունը «ճշգրտվել» է այն բանի արդյունքում, որ ԱՎԾ-ն թեև մինչ այդ գտնում էր, որ արդյունաբերական արտադրանքի գներն աճել էին 5,7%-ով, բայց հոկտեմբերի 20-ից այս կողմ ընկած ժամանակահատվածում «որոշել» է, որ աճը եղել է ավելի մեղմ՝ 2%, արդյունքում արդյունաբերության աճը ավելացել է 2,7-տոկոսային կետով՝ կազմելով 17%։

Պաշտոնական վիճակագրության տվյալներից երևում է, որ նոյեմբերին պահպանվել է սեպտեմբերից սկսված տնտեսական ակտիվության դանդաղման միտումը։ Դանդաղումը գյուղատնտեսության ոլորտում բերքահավաքի սեզոնի ավարտի հետևանք է։ Թեև տնտեսական ակտիվության տեմպը նոյեմբերին դանդաղել է, պահպանվել են առաջին տասը ամիսների զարգացումները. աճի հիմնական շարժիչը եղել են գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը, իսկ շինարարությունն այդպես էլ չի կարողանում դուրս գալ «փոսից»։

Այս տարվա նոյեմբերին, բացի շինարարությունից, տնտեսության բոլոր ճյուղերում արձանագրվել է աճ։ Նոյեմբերին թեև անկումը շինարարության ոլորտում դանդաղել է, այն զգալի է՝ 13,3%։ Հոկտեմբերին արձանագրված ցուցանիշի համեմատ տնտեսական ակտիվության դանդաղումը 11,7-տոկոսային կետով պայմանավորված է պետական միջոցների և վարկային ծրագրերով իրականացված աշխատանքների մեկնարկով։

Տնտեսությունում ամենամեծ աճ արձանագրվել է էներգետիկայի ոլորտում՝ նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այն կազմել է 61,8%։ Դա հիմնականում պայմանավորված է Մեծամորի ատոմակայանի պլանային վերանորոգման աշխատանքների ավարտով և էներգահամակարգին միացումով, ինչպես նաև Երևանի ջէկի կողմից էլեկտրաէներգիայի արտադրության ավելացումով։

Արդյունաբերությունը, ինչպես և նախորդ ամիսներին, նոյեմբերին արձանագրել է տպավորիչ աճ՝ 18,8%, ինչը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի աճով։ Մանրածախ առևտրի ոլորտում աճի տեմպը արագացել է և կազմել 3,4%, ինչը պայմանավորված է նախատոնական գնումների մեկնարկով։

Գյուղատնտեսության ոլորտում բերքահավաքի սեզոնի ավարտին զուգահեռ նվազել են աճի տեմպերը՝ նոյեմբերին կազմելով 6,2%։ Ծառայությունների ոլորտում նույնպես արձանագրվել է աճի տեմպի դանդաղում՝ 4,4%։

Նոյեմբերին 12-ամսյա գնաճը վերադարձել է թիրախային միջակայք (4±1,5%)՝ կազմելով 4,8%։ Եթե նախորդ ամիսներին միջին աշխատավարձի աճի տեմպը զիջել էր գնաճին, նոյեմբերին այն ավելի մեծ է եղել՝ 6,3%։ Մասնավոր հատվածում նախորդ տարվա նոյեմբերի համեմատ միջին աշխատավարձն աճել է 6,4%-ով՝ կազմելով Դ141,3 հազ., իսկ պետական համակարգում՝ 5,8%-ով՝ կազմելով Դ92 հազ.։ Ուշագրավ է, որ եթե նոյեմբերի 20-ի ԱՎԾ-ի հրապարակման համաձայն՝ հոկտեմբերին միջին աշխատավարձը պետական համակարգում կազմում էր Դ94,3 հազ., երեկվա հրապարակման մեջ այն ճշգրտվել է մինչև Դ91,3 հազ.։

ԱՎԾ-ի ճշգրտումներն այնքան էլ հասկանալի չեն, եթե հաշվի առնենք, որ պետական համակարգում, ի տարբերություն մասնավորի, աշխատավարձերն ամբողջությամբ գրանցված են։ Մյուս կողմից, սակայն, «ճշգրտման» արդյունքում ապահովվում է պետական համակարգում աշխատավարձերի աճի շարունակականությունը։

Այս տարվա նոյեմբերին արտաքին առևրտաշրջանառության ծավալը կազմել է $504,5 մլն (աճը՝ 10,2%)։ Արտահանումն ավելացել է 22,3%-ով՝ կազմելով $124,1 մլն, ներկրումը՝ 6,7%-ով՝ կազմելով $380,4։ Թեև արտահանման տեմպը մոտ երեք անգամ գերազանցել է ներմուծման տեմպին, արտաքին առևտրի հաշվեկշիռը մտահոգիչ է՝ ներմուծումը նույնչափ (եռակի) գերազանցում է արտահանումը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում