Էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրել է տարբեր երկրների փորձը և գտնում է, որ ամենամյա փառատոներն ու տոնակատարությունները, որոնք ունեն ազգային, մշակութային բնույթ, գրավում են բազում զբոսաշրջիկների: Միջազգային փորձը հաշվի առնելով՝ նախարարությունը որոշել է, որ ավանդական տոնածիսակատարությունները արդյունավետ և արդիական միջոց կարող են լինել Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին իրազեկության բարձրացման և զբոսաշրջիկներին դեպի Հայաստան գրավելու գործում:
Ծրագրում նշվում է, որ 2011թ. երկու փառատոների կազմակերպումը ներգրավել է մոտ 14 հազ. միջազգային և ներքին զբոսաշրջիկների, ինչը խթանել է տարածքային զարգացումը, ակտիվացրել տեղի բնակչության մասնակցությունը թե՛ տնտեսական, թե՛ մշակութային առումով, նպաստել դրամական հոսքերին դեպի տեղական բյուջեներ:
Անցած տարվա փորձը նախարարությանը հուշել է ապահովել փառատոների շարունակականությունը և պետբյուջեից միջոցներ ծախսել դրանց կազմակերպման համար։ Գալիք տարի պետբյուջեի հովանու ներքո կանցկացվեն զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված տոնակատարությունը, Հայոց ավանդական տոնածիսական ուտեստների փառատոնը, գինու փառատոնը:
Էկոնոմիկայի նախարարությունը հաշվարկել է, որ պետբյուջեից հատկացնելով մոտ Դ3 մլն յուրաքանչյուր փառատոնի համար՝ այդ փառատոներից յուրաքանչյուրը կապահովի մոտ 8-10 հազ. զբոսաշրջիկի մասնակցություն, և եթե յուրաքանչյուր զբոսաշրջիկ ծախսի մեկ օրվա ընթացքում միջինը Դ25-40 հազ., ապա դրամական ներհոսքը տեղական բյուջե կկազմի մոտ Դ200-400 մլն:
Նշենք, որ եթե պետբյուջեից հատկացվելիք Դ50 մլն-ը ուղղվի միայն փառատոների կազմակերպմանը, ապա կարելի է կազմակերպել 16 փառատոն և ապահովել 160 հազ. զբոսաշրջիկների մասնակցություն (ըստ էկոնոմնախի մեթոդաբանության) կամ սպասվածի մոտ 20%-ը: Սակայն նախարարությունը որոշել է պետական միջոցների հիմնական մասն ուղղել միջազգային ցուցահանդեսների մասնակցության ծախսերին, օտարերկրյա լրագրողների, տուրօպերատորների և փորձագետների ճանաչողական այցերին, Հայաստանը ներկայացնող գովազդատեղեկատվական նյութերի տպագրմանը:
Civilnet











