Գլխավոր Լրահոս

Երեխաներն ու արդար մրցակցությունը

Երեխաներն ու արդար մրցակցությունը

«Հայկական գովազդային խորհուրդ» հասարակական  կազմակերպությունը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ)՝ գովազդային հոլովակներում անչափահասների անհարկի օգտագործումը անթույլատրելի և անբարեխիղճ մրցակցություն համարելու համար:

Հատուկ մոնիթորինգ պետք չէ ապացուցելու, որ օրենքը համատարած խախտվում է: Բազմաթիվ են այն հոլովակները, որտեղ անչափահասները գովազդում են առավելապես մեծահասակների համար նախատեսված ծառայություններ՝ ոչ մանկական սննդի տեսակներ, բջջային կապի փաթեթներ և այլն:

Ճիշտ է՝ այդ ապրանքներից կամ ծառայություններից օգտվում են նաև անչափահասները (ավելի ճիշտ՝ նրանց մի մասը), սակայն մեծ հաշվով դրանք հատուկ անչափահասների համար նախատեսված ապրանքներ չեն: Որքանո՞վ օրինակ իրավաչափ է արևածաղկի գովազդում օգտագործել երեխաներին:

Ըստ ՏՄՊՊՀ անդամ Հրայր Արամյանի՝ իրենք գրավոր պարզաբանում են խնդրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից, սակայն այնտեղից պատասխանել են, որ որևէ խնդիր չեն տեսնում:

Նշենք, որ այս խնդիրն առկա է ու կարգավորման ենթակա նաև այլ պետություններում: Հայտնի է, որ երեխաներն օժտված են շրջապատի նկատմամբ գերակտիվ հետաքրքրությամբ, որսում ու վերլուծում են գրեթե ողջ տեսաձայնային տեղեկատվությունը: Երեխայի կերպարը մաքուր ու անձեռնմխելի է: Երեխաների գոյատևման, պաշտպանության ու զարգացման համաշխարհային հռչակագրի տեքստում գրված է. «Աշխարհի երեխաները անմեղ են, խոցելի և կախյալ» (Նյու Յորք, 30 սեպտեմբերի, 1990թ.):

Այդ պատճառով օրենսդիրը պարտավոր է հաշվի առնել այդ առանձնահատկությունները օրենքներ հաստատելիս: Նշենք, որ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին հռչակագրով (ընդունված 1959թ. նոյեմբերի 20-ին)՝ «երեխան իր ֆիզիկական և մտավոր անհասունության հետևանքով կարիք ունի հատուկ պաշտպանության և հոգատարության, ներառյալ պատշաճ իրավական պաշտպանությունը, ծնվելուց առաջ և հետո»:

Այսպիսով՝ գովազդը չպետք է չարաշահի երեխաների դյուրահավատությունը և անբավարար կենսափորձը: Սա է ընկած գովազդներում երեխաների կերպարների օգտագործման օրենսդրական սահմանափակումների հիմքում, որ այս կամ այն կերպ օգտագործվում է այլ երկրներում:

Ղազախստանում անգամ արգելում են կաթնամթերքի (կաթնաշոռ և այլն) գովազդներում երեխաների կերպարներ օգտագործել: Սակայն Ղազախստանի օրենսդրությունում մի կարևոր նրբություն կա՝ երեխաների գովազդն արգելվում է օգտագործել այն ապրանքների ու ծառայությունների համար, որոնք «անմիջականորեն նախատեսված չեն երեխաների համար»: Հայաստանի օրենսդրությունում այդ «անմիջականորեն» բառը բացակայում է, ինչը թույլ է տալիս համարյա թե ցանկացած գովազդային հոլովակ կապել երեխայի հետ:

Ռուսաստանում 2006թ. որոշեցին հրաժարվել օրենքի այն դրույթից, որն ընդհանրապես արգելում էր անչափահասների կերպարների օգտագործումը: Արգելքը պահպանվեց միայն ալկոհոլի, ծխախոտի և զենքի գովազդների համար: Ընդհանուր առմամբ՝ երկրները տարբեր չափերով կամ ձևերով են իրականացնում երեխաների պաշտպանությունը հեռուստատեսային ագրեսիվ գովազդներից: Որոշ երկրներում սահմանափակումը տարածում են անգամ երիտասարդության վրա (օրինակ՝ Գերմանիայում): Ընդ որում՝ սահմանափակումները կարող են շատ ավելի լայն լինել, քան պարզապես գովազդային հոլովակները: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում