Գլխավոր Լրահոս

Եվրոպան փնտրել Հայաստանում

Երեկ հաղորդվեց, որ Եվրոպական Միության խորհուրդը լիազորել է Եվրահանձնաժողովին սկսել ռեադմիսիայի և մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ («Մեդիամաքս»): Բանակցությունների ավարտից հետո Եվրոպական Միության խորհուրդը պետք է որոշում կայացնի համապատասխան համաձայնագրերի ստորագրման մասին, որի համար կպահանջվի Եվրոպական խորհրդարանի համաձայնությունը:

Եվրամիության հետ վիզային ռեժիմի դյուրացումը, ինչ խոսք, ողջունելի կլինի երկկողմ հարաբերություններում: Խնդիրը, սակայն, միայն դեսպանատների առջև Հայաստանի քաղաքացիների հերթերը պակասեցնելը չպետք է լինի (թեև դա էլ շատ կարևոր է, քանի որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքը նույն եվրոպական դեսպանատներում լավանալու շատ տեղ ունի):

Եվրամիության հետ պաշտոնական հարաբերություններում մեզ համար թերևս ավելի կարևոր պետք է լինի եվրոպական արժեքների ու ստանդարտների ներդրումը մեր ներքին քաղաքականության ու տնտեսության մեջ: Իսկ դա ենթադրում է քաղաքական և տնտեսական արմատական բարեփոխումներ, ժողովրդավարական ինստիտուտների անխափան գործունեություն, ազատ շուկայական տնտեսություն, մարդու և սեփականության իրավունքների պաշտպանություն:

Առանց այս խնդիրների լուծման դժվար է երաշխավորել, որ վիզային ռեժիմի դյուրացումն անպայմանորեն միայն դրական արդյունքներ է ունենալու: Դա կարող է բացել արտագաղթի ավելի հեշտ ճանապարհ: (Ասվածն ամենևին չի նշանակում, որ դռները պետք է փակ պահվեն. 21-րդ դարում անհեթեթություն է փակ դռներով պաշտպանվելը: Ժամանակակից աշխարհում սահմանները գնալով ավելի ֆորմալ են խաղում):

Այնուամենայնիվ, արտագաղթը կանխելը ոչ թե ներսից կամ դրսից դռներ փակ պահելը պետք է լինի, այլ այնպիսի հասարակության և պետության կառուցումը, որի բաց դռներից մարդիկ փորձեն ներս գալ, ոչ թե հակառակը:

2011թ. աշխարհն ականատես եղավ աննախադեպ ցնցումների: Այդ ցնցումների հիմքում երկու հիմնական դրդապատճառ կար՝ հաց և ձայն:

Հացը տնտեսական հավասար հնարավորությունների պահանջն է, ձայնը՝ ավելի շատ իրավունքներն ու ազատությունները:

Մենք հավասարապես երկուսի կարիքն էլ ունենք, և այդ երկուսը պետք է փնտրենք ներսում՝ Հայաստանում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում