Գլխավոր Լրահոս

Չարած գործերի ամփոփում

Չարած գործերի ամփոփում

Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգիծ

Մանուկ Վարդանյանի խոսքով՝ 2011թ. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (ՀԿԵ) նախապատարստել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորումը, որի հիմքում ընկած են հինգ ծրագրեր, որոնցից ընտրվել է մեկը։ Այն առաջիկա օրերին կներկայացվի Կառավարության հաստատմանը:

«Այս երկաթգծի նախնական արժեքը $200 մլն է, դա կատարվել է ռուսական գնագոյացման մեխանիզմով, մեզ մոտ մի քիչ էժան կլինի»,– ասաց նախարարը՝ հավելելով, որ կան երկաթուղային հատվածներ, որոնք չեն օգտագործվում, և չի բացառվում, որ թույլատրվի դրանք ապամոնտաժել և օգտագործլ նոր երկաթուղային գծում։

Ըստ նախարարի՝ ծրագիրը պետք է իրականացվի պետություն-մասնավոր հատված 50/50 համագործակցության արդյունքում: «Չի բացառվում, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվենք ՀԿԵ-ի երկաթուղու կոնցեսիոն վճարներն ուղղել այդ ծրագրի ֆինանսավորմանը»,– ասաց նա:

Նշենք, որ Վանաձոր-Ֆիոլետովո 32 կմ-անոց երկաթուղային նախագծի արժեքը ավելի վաղ գնահատվում էր շուրջ $100 մլն:

Հայաստան-Իրան երկաթգիծ

Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան երկաթուղային նախագծի գաղափարին, ապա, ըստ նախարարի, այդ ծրագրի ուղղությամբ կատարված են որոշակի աշխատանքներ, և ներկայում բանակցություններ են ընթանում առանձին կազմակերպությունների հետ։

«Առաջիկա երեք ամիսներին կունենանք լրացուցիչ ինֆորմացիա, և չի բացառվում, որ աշխատանքները Վանաձոր-Ֆիոլետովոյի հետ զուգահեռ սկսենք։ Մենք ցանկանում ենք այն իրականացնել պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով, քանի որ պետության համար բավական ծանր կլինի նման արժողությամբ միջոցների տակ մտնելը»,– ասաց նախարարը։

Նշենք, որ Հայաստանը Իրանին միացնող երկաթուղային նախագծի նախնական արժեքը, եվրոպացի մասնագետների հաշվարկներով, շուրջ $4 մլրդ է, ամերիկացիների հաշվարկներով՝ շուրջ $1,8 մլրդ, իսկ հայ և իրանցի պաշտոնյաների հաշվարկներով՝ $1-1,2 մլրդ։

Հյուսիս-հարավ ավտոմայրուղի

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) վարկային միջոցներով իրականացվելիք Հյուսիս-հարավ ավտոմոբիլային ճանապարհի ծրագրի մասին Մանուկ Վարդանյանն ասաց, որ «Ծրագիր-1» և «Ծրագիր-2»-ի փաստաթղթերն ուղարկվել են ԱԶԲ-ին, և բանկից պատասխան ստանալուց հետո շահող ընկերության հետ կստորագրվի պայմանագիր։

«Օրակարգ»-ի հարցին, թե այս տարի վերջապես հայտնի կդառնա՞ հաղթող ընկերության անունը, նախարարը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է ԱԶԲ-ից. «Եթե մինչև դեկտեմբերի 25-ը բանկից ստացվեն պատասխանները, ապա այո, եթե ոչ, ապա արդեն գալիք տարի»։

Նշենք, որ ընդհանուր առմամբ 82 կմ երկարությամբ և $243 մլն արժողությամբ Աշտարակ-Թալին, Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարական ընկերության մրցույթի հայտերը բացվել էին հոկտեմբերի 10-ին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 19-ին Բաթումում իր վրաց պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության մրցույթի արդյունքները պետք է ամփոփվեն երկու շաբաթում...

Ըստ Մանուկ Վարդանյանի՝ արդեն պատրաստ է երրորդ տրանշի՝ Թալին-Գյումրի 41 կմ հատվածի փաթեթը, և առաջիկայում կհայտարարվի շինարարական ընկերության մրցույթը։

Տարեսկզբին ակնկալվում էր, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի աշխատանքները պետք է արդեն այս տարի սկսված լինեին:

Ավտոկայարան

Հարցին, թե որ փուլում է «Հայավտոկայարան» ընկերությունը կոնցեսիոն պայմաններով մասնավոր ընկերության տրամադրելու գործընթացը, Վարդանյանը պատասխանեց, որ այս տարիներին ավտոկայարանի դերը էապես նվազել է, քանի որ ուղևորափոխադրումները իրականացվում են մասնավորի կողմից: «Մենք մշակել ենք փաթեթ, որը կներկայացնենք Կառավարությանը:

Մենք ցանկանում ենք արդիական ավտոկայաններ, երթակարգավորման կետեր»,– ասաց նա՝ հավելելով, որ հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո նախարարությունը միջպետական, միջմարզային և ներմարզային ուղղությունները պատվիրելու է ավտոկայանին:

Նախարարի խոսքով՝ ոչ թե նախարարությունը, այլ արդեն ավտոկայանի կառավարիչը կհայտարարի մրցույթներ, կընտրի փոխադրողներին և պատասխանատվություն կկրի ուղևորափոխադրումների համար, իսկ նախարարությունը միայն պետք է վերահսկի պայմանագրի պահանջների կատարումը։

«Հայավտոկայարան» ընկերությունը կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը բարձրացվել էր դեռ 2008թ.: Նախատեսվում էր, որ 2010թ. ընթացքում արդեն պետք է պատրաստված լիներ ավտոկայարանները կոնցեսիոն կառավարման հանձնելու հայեցակարգը, սակայն այն դեռ պատրաստ չէ։

Վճարովի ճանապարհ

Մանուկ Վարդանյանը տեղեկացրեց, որ Հայաստանում հնարավոր է՝ կառուցվեն վճարովի ավտոճանապարհներ: Ըստ նրա՝ այդ ուղղությամբ ներկայում բանակցություններ են ընթանում մասնավոր ընկերությունների հետ, և վճարովի ճանապարհները կլինեն առկա ճանապարհների այլընտրանքը։ Ըստ նախարարի՝ այդ ճանապարհները պետք է լինեն ավելի որակյալ, և քննարկվում է վճարովի ավտոճանապարհ ունենալու տարբերակը Սիսիան-Մեղրի հատվածում: Նախարարը չնշեց, թե որ ընկերության հետ են բանակցություններ վարում:

Նշենք, որ Հայաստանում վճարովի ավտոճանապարհ ունենալու գաղափարը 2009թ. հղացել էր էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Ներսես Երիցյանը, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել էր երկու ամսվա ընթացքում մշակել դրա հայեցակարգը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում