Գլխավոր Լրահոս

Գործարար միջավայրի ինդեքսը նվազել է

Գործարար միջավայրի ինդեքսը նվազել է

Կենտրոնական բանկը երեկ հրապարակել է 1229 կազմակերպությունների հարցումների հիման վրա կազմված այս տարվա չորրորդ եռամսյակի տնտեսական ակտիվության և գործարար միջավայրի ինդեքսները։

Ըստ այդմ՝ տնտեսական ակտիվության ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ նվազել է 6%-ով՝ պայմանավորված սպասման ենթաինդեքսի ցածր արժեքով: Գործարար միջավայրի ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ նույնպես նվազել է 2,7%-ով՝ պայմանավորված արդյունաբերության և առևտրի ոլորտների պատասխաններով:

Տնտեսական ակտիվության և գործարար միջավայրի ինդեքսների վատացումը ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ չորրորդ եռամսյակը համարվում է ամենաակտիվը՝ պայմանավորված նախամանորյա աժիոտաժով։ Տնտեսական ակտիվության ինդեքսը չորրորդ եռամսյակում 100-բալանոց սանդղակով կազմել է 60,5։ Ըստ մեթոդաբանության՝ այն գտնվում է աճի տիրույթում, բայց դա դեռ բավարար չէ, որպեսզի նշվի, որ այն իսկապես կայուն է։

Ըստ մեթոդաբանության՝ հաշվեկշռի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը՝ աճ, իսկ 45-ից մինչև 55-ը՝ կայուն վիճակ։ Թեև տնտեսական ակտիվությունը գտնվում է աճի միջակայքում, գործարարների սպասումներն այդքան էլ լավատեսական չեն. սպասումների ենթացուցիչը կազմել է 37,8, ինչը նշանակում է, որ տնտեսավարողներն այդքան էլ դրական չեն պատրաստվում դիմավորել նոր տարին և վատատես են գալիք տարվա նկատմամբ։

Ինչ վերաբերում է գործարար միջավայրին, ապա թեև Կառավարությունը բազմիցս հայտարարել է գործարար միջավայրի բարելավման մասին, գործարարներն այլ կարծիքի են։ Այսպես՝ գործարար միջավայրի ինդեքսը կազմել է 45,3 այն դեպքում, երբ երրորդ եռամսյակում այն կազմել էր 48,1։ Թեև գործարար միջավայրի ինդեքսը գտնվում է «կայուն» միջակայքում (45-ից մինչև 55), այն շատ մոտ է վատանալուն։

Ըստ ոլորտների՝ գործարար միջավայրի ինդեքսն այդքան էլ լավատեսական չէ, քանի որ այն ըստ էության վատ է շինարարության (43,1), արդյունաբերության (44,9), առևտրի (44,9) ոլորտներում։ Միակ ոլորտը, որտեղ գործարար միջավայրը կայուն է, ծառայություններն են (47,5)։

ԿԲ հրապարակման մեջ նշվում է, որ չորրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի նկատմամբ ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնած կազմակերպությունների տեսակարար կշիռը նվազել է. ընթացիկ եռամսյակում հարցված կազմակերպությունների ընդամենը 26,5%-ն է կատարելու ներդրումներ:

Այս եռամսյակում փաստացի ներդրումներ կատարած կազմակերպությունների թիվը փոքր է նախորդ եռամսյակի կազմակերպությունների ներդրում անելու սպասումից։ Գալիք եռամսյակում ներդրումներ պատրաստվում են իրականացնել արդյունաբերական կազմակերպությունների 27%-ը, շինարարական կազմակերպությունների 14,2%-ը, ծառայությունների և առևտրի ոլորտի կազմակերպությունների համապատասխանաբար 24,0%-ը և 33,5%-ը։

Ուշագրավ է, որ եթե 2009-ից ի վեր՝ որպես գործունեությունը խոչընդոտող առաջնային գործոն տնտեսավարողները նշում էին պահանջարկի նվազումը, ապա այս եռամսյակում միտումը փոփոխվել է, և այդ գործոնը նշվել է ընդամենը չորրորդը: Առաջին դիրքում հայտնվել է փոխարժեքի տատանումների գործոնը:

Բացի այդ՝ փոփոխվող հաջորդականությամբ կազմակերպությունների համար հիմնական խոչընդոտ են հանդիսացել առկա ֆինանսական խնդիրները և ոչ բարենպաստ տնտեսական միջավայրը: Ըստ հաճախականության՝ մյուս գործոնը հարկային վարչարարությունն է: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում