2011թ. ինը ամիսներին Հայաստանից արտահանվել է $43,1 մլն-ի 1,6 տոննա ոսկի՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի $17 մլն-ի 988 կգ-ի համեմատ կամ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր արտահանման մոտ 5%-ը: Հայաստանի արտահանման շուրջ կեսը (45%) բաժին է ընկնում մետաղներին:
2011թ. ընթացքում նվազել են գունավոր մետաղների գները, մասնավորապես՝ նիկելի, ցինկի, պղնձի և ալյումինի: Եթե տարեսկզբին պղնձի 1 տոննայի գինը $9,5 հազ. էր, ապա այս շաբաթ այն տատանվում էր $7,4 հազ-ի սահմաններում: Թանկարժեք մետաղների շարքում աճել են ոսկու և արծաթի գները, իջել են պլատինի և պալադիումի գները:
ForexClub-ի վերլուծաբան Միքայել Վերդյանի պատրաստած «Մետաղների շուկայի վերլուծություն»-ում նշվում է, որ ոսկու գնի աճը պայմանավորված է համաշխարհային տնտեսության վերականգնման անորոշ հեռանկարներով և եվրոգոտու պարտքային խնդիրներով:
«Շուկայի մասնակիցները որպես ապահով ակտիվ սկսել են դիտարկել հենց այս թանկարժեք մետաղը: Ոսկու գնի աճը պայմանավորված էր նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տիրող քաղաքական անկայունությամբ, զարգացող երկրներում՝ Չինաստանում և Հնդկաստանում, ոսկու նկատմամբ բարձր արդյունաբերական պահանջարկով»,– նշված է վերլուծությունում:
Ըստ Վերդյանի վերլուծության՝ համաշխարհային շուկայում 2011թ. ոսկու գինն աճել է միջինը 19%-ով՝ $1690 տրոյական ունցիայի համար: Ոսկու թանկացումը պայմանավորված էր նաև բազմաթիվ երկրների կենտրոնական բանկերի կողմից ոսկու ձուլակտորների՝ որպես ապահով ակտիվների գնման ծավալի աճով: Արդյունքում դեղին մետաղի գինը 2011թ. հասավ նոր կարճաժամկետ ռեկորդի՝ $1921/1 ունցիա:
Հատկանշական է, որ այս տարի Հայաստանից արտահանվող ոսկու փոշու 1 կգ-ի գինը կազմել է $27 հազ. ($960/1 ունցիա), այն դեպքում, երբ համաշխարհային շուկայում ոսկու 1 կգ-ի նվազագույն գինը ինը ամիսներին եղել է $42,8 հազ. ($1530/1 ունցիա):
Ըստ ForexClub-ի վերլուծության՝ եվրոգոտու չլուծված պարտքային խնդիրները և ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի՝ տնտեսության խթանմանն ուղղված հնարավոր մասշտաբային ծրագիրը միջնաժամկետ հեռանկարում ոսկու համար ստեղծում են դրական սպասումներ: Սակայն չի բացառվում, որ 2012թ. առաջին կիսամյակում ոսկու գինը իջնի՝ կապված համաշխարհային տնտեսական աճի դանդաղման և ԱՄՆ դոլարի արժևորման հետ:
Վերդյանի կանխատեսմամբ՝ 2012թ. երկրորդ կեսին, կայունացող համաշխարհային տնտեսական աճին զուգահեռ, ոսկու արդյունաբերական և ներդրումային պահանջարկը կաճի: Արդյունքում ոսկու գինը 2012թ. վերջին կարող է աճել 15.4%-ով՝ մինչև $1,950/1 ունցիա:
Civilnet











