Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը «Օրակարգ»-ի հետ զրույցում ասում է, որ ընկերության վաճառքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ բիզնես մոդելը ոչ թե վաճառքի, այլ զարգացման մոդել է, քանի որ մատուցվում են այնպիսի ծառայություններ, որոնք այլ ընկերությունների կողմից դեռ չեն տրամադրվում։
-Պրն Եսայան, հեռահաղորդակցության շուկայում լուրեր են շրջանառվում, որ Ձեր ընկերությունը պատրաստվում է վաճառքի: Նշվում է, որ այդ նպատակով KPMG-ն արդեն աուդիտ է իրականացնում Ձեզ մոտ։
-Այդ տեղեկությունները չենհամապատասխանում իրականությանը: Այս պահի դրությամբ նման բան չկա։ Մենք գալիք տարի պետք է ապահովենք լուրջ ներդրումային հոսքեր, և հնարավոր է՝ այս հանգամանքն է դարձել պատճառ նման տեղեկությունների։ Գալիք տարի մենք սկսելու են տարածվել մարզերում և ծածկույթ ապահովել հանրապետության ամբողջ տարածքում։ Մենք չենք գնում վաճառքի, նման բան չկա։
Ինչ վերաբերում է աուդիտին, իսկապես KPMG-ն ուսումնասիրում է 2008-2010 թթ. մեր արդյունքները։ Դա նորմալ երևույթ է, քանի որ մեր շրջանառությունն արդեն Դ1 մլրդ է, Կառավարության որոշման համաձայն՝ պարտադիր աուդիտ պետք է անցնենք։ Այսինքն՝ այնպես չէ, որ որևէ ընկերություն աուդիտ է պատվիրել ընկերությունը գնելուց առաջ: Աուդիտ մենք անցնում ենք օրենքի պահանջով:
-Շուկայի մասնակիցները նշում են, որ Ucom-ի բիզնես ծրագիրը ոչ թե զարգացման է, այլ վաճառքի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Ես համաձայն չեմ այդ տեսակետին, որովհետև Ձեր ասած շուկայի մասնակիցներն անցած տարի էլ էին ասում նույնը, սակայն զարգացումներն ապացուցեցին հակառակը. մենք ձեռք բերեցինք երկու ընկերություն, ինչը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Ucom-ը դինամիկ զարգացող ընկերություն է։ Ընկերությունն ի սկզբանե, ինչպես և մյուս ընկերությունները, ստեղծվել է շահույթ հետապնդելու նպատակով:
Մեր արդյունքները բավական գոհացուցիչ են, մենք որակական չափանիշները, տեխնոլոգիան ընտրեցինք այնպես, որ Հայաստանի համար իսկապես նորություն լինեին։ Բացման օրվանից արագությունները ավելացրել ենք 64 անգամ։ 2009թ. երբ մենք սկսեցինք մատուցել ծառայություններ, նվազագույն արագությունը կազմում էր 128 Կբիթ/վ, այսօր մենք ակցիայի տեսքով առաջարկում ենք 8 Մբիթ/վ՝ Դ8 հազ-ով։
-Բայց շուկայում խոսվում է այն մասին, որ դա դեմպինգային գին է:
-Իսկ Դուք կարծում եք՝ գինը դեմպինգայի՞ն է: Արդեն մի քանի տարի է, ինչ խոսվում է Հայաստանում ինտերնետի չափազանց բարձր գնի մասին, և եթե նայենք համաշխարհային գներին, ապա դրանք դեմպինգային չեն կարող լինել: Այլ հարց է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող ծառայությունները տարբեր են։ Այսինքն՝ այդ ակցիայի շրջանակում ծառայությունը տրամադրվում է միայն ֆիզիկական անձանց և չի տրամադրվում կորպորատիվ հաճախորդներին։
Այդ սակագինը դեմպինգային չէ, և ակցիան տևելու է մինչև մարտ։ Պետք է հասկանանք, որ ֆիզիկական անձանց դեպքում կիրառվում է շերինգ, քանի որ բոլորն էլ գիտենք, որ նրանք ամբողջ օրը չեն օգտվում ինտերնետից։ Նաև պետք է հասկանալ, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ՝ փոխվում են սարքավորումների գները, նվազում է մեծածախ ինտերնետի գինը։
-Դուք ասում եք, որ անհրաժեշտ են լինելու ֆինանսական լուրջ միջոցներ։ Դրանց աղբյուրը հնարավո՞ր է՝ լինի նոր բաժնետիրոջ ներգրավումը։
-Ներդրումների աղբյուր մենք դիտարկում ենք վարկային միջոցների ներգրավումը և այս տարբերակը մենք մի քանի անգամ քննարկել ենք, կամ էլ բաժնետերերի միջոցները։ Մենք նոր ենք կազմում 2012թ. մեր ֆինանսական ծրագիրը, այն քննարկման փուլում է։ Այս պահին կարող եմ ասել, որ նոր բաժնետիրոջ ներգրավման տարբերակը չի քննարկվում։ Ֆինանսական աղբյուրների հարցում հստակեցում կլինի, երբ մենք ամփոփենք այս տարվա արդյունքները։
-Իսկ մարզերում կառուցելու եք օպտիկամանրաթելայի՞ն, թե՞ անլար՝ WiMAX տեխնոլոգիայով ցանց։
-Մարզերում հիմնական ցանցը լինելու է օպտիկամանրաթելային։ Աշխատելու ենք մեծ քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում և այլ քաղաքներում կառուցել օպտիկամանրաթելային ցանց, իսկ բարդ հասանելի և գյուղական վայրերում, որտեղ նման ցանցի կառուցումը ֆինանսական տեսակետից անարդյունավետ չէ, ինտերնետ հասանելիությունն ապահովելու ենք անլար տեխնոլոգիայով։
-Մարզեր գնալը ներդրումների վերադարձելիության տեսակետից գրավի՞չ է։
-Մարզերը Երևանի պես գրավիչ լինել, իհարկե, չեն կարող, բայց մենք մեր առջև խնդիր ենք դրել, որ պետք է ունենանք ծածկույթ։ Երևանի և մարզերի բնակչության գնողունակությունը տարբեր է։ Բայց մարզերում ներդրումների տեսակետից գրավչությունը ցածր է ոչ թե եկամուտների տարբերության, այլ բնակավայրերի ոչ խիտ բնակեցված լինելու պատճառով։
Այսինքն՝ մարզերում մեկ բաժանորդի միացման ծախսերն ավելի մեծ են, բայց ինչպես ես ասացի, մենք հարցին գլոբալ ենք նայում,և ցանկանում ենք այն բոլոր ծառայությունները, որոնք հասանելի են Երևանում, հասանելի լինեն նաև մարզերում։
-Ըստ Ձեզ՝ 2012թ. ինչպե՞ս է զարգանալու ինտերնետի շուկան։
-Նախորդ երկու տարիների ընթացքում տեղի է ունեցել շուկայի բևեռացում։ Քաղաքացիներն օգտվում էին անլար տեխնոլոգիաների՝ 3G, WiMAX, ինտերնետ հասանելիությունից բնակարաններում։ Արտերկրում նման բան չկա։ Հայաստանում 3G-ի օգտագործումը ինտերնետի համար արտերկրի համեմատ միջինը երեք անգամ ավել է։
Անլար տեխնոլոգիաները արտերկրում մարդիկ օգտագործում են որպես շարժական ինտերնետ, իսկ մեզ մոտ՝ նաև տանը։ Հիմա մարդիկ սկսել են հասկանալ, որ տանը պետք է օգտագործեն լարային տեխնոլոգիաները, այսպես կոչված՝ ֆիքս ինտերնետը, իսկ 3G, WiMAX-ի մոդեմները՝ բնակարանից դուրս։ Հիմա տեղի է ունենում շերտերի վերադասավորում: Կարծում եմ՝ 2012թ. անլար տեխնոլոգիաների բաժանորդների մի զգալի մասը կանցնի լարային տեխնոլոգիաների։
-Իսկ արագությունների և գների փոփոխություններ կանխատեսվո՞ւմ են։
-2012թ. մենք մտնում ենք այնպիսի արագություններով, որ չեմ կարծում՝ արագությունները մեկ տարվա ընթացքում կրկնապատկվեն։ Արագությունների մասով հասել ենք այն շեմին, որ դրանից բարձր արագություններն անհրաժեշտ են ավելի ծանր կոնտենտի համար։
Մինչ այժմ արագություններն ավելացան կոնտենտի ծանրացմանը զուգահեռ, և չեմ կարծում, որ գալիք տարի կոնտենտի լուրջ ծանրացում կլինի, որը պահանջի ավելի մեծ արագություններ։ Կարծում եմ՝ երկու տարի հետո արագությունների ավելացում կլինի, բայց այսօրվա արագությունը բավարար է, որ առցանց հեռուստացույց նայեք, խաղեր խաղաք։
Civilnet











