Վստահությո՛ւն որոնեք

Երեկ Ֆեյսբուքը ողողված էր մի տեսանյութով, որտեղ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ոչ այնքան «մազպետավայել» խոսում էր մարզի Քաջարան գյուղի տարածքում հանքարդյունաբերական ծրագրի դեմ հանդես եկող ակտիվիստների հետ: Խաչատրյանը բնապահպաններից մեկին ասել է՝ «ա՛յ ճպուռ, քիչ խոսա», «նայի՝ քեզ բան չըլնի» և այլն:
Բնապահպաններն ու հասարակական ակտիվիստները դեմ են հանդես գալիս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Քաջարան գյուղի տարածքում հանքարդյունաբերական ծրագրի իրականացմանը: Մարզի իշխանություններն էլ, ինչպես և վերադասը, պնդում են, որ ծրագիրը պետք է իրականացվի:
Քաղաքակիրթ երկրներում այս հարցը ոչ թե լեզվակռիվ կլիներ, այլ հասարակական բանավեճ, որտեղ կքննարկվեին ոչ թե «ճպուռ» կամ «աղվես» լինելու հարցերը, այլ ծանրութեթև կարվեին ծրագրի արդյունքներն ու հետևանքները: Այնտեղ ամեն ինչ կդիտարկվեր պետության գերակա շահի և մասնավոր սեփականության իրավունքի պաշտպանության համատեքստում:
Հայաստանում բանավեճ չկա, դրան փոխարինում են էմոցիաները:
Ինչո՞ւ է այդպես: Թերևս այն պատճառով, որ վստահություն չկա իշխանության և ընդհանրապես իշխողների նկատմամբ:
Հենց վստահության պակասն է, որ քաջարանցիներին ստիպում է կառչել իրենց ոչ այնքան բարվոք տներից: Նրանք չեն հավատում, որ իրենց տները քանդելով՝ պետությունն ավելի լավ տներ է հատկացնելու, չեն հավատում, որ իրենց քթի տակ հողից հանվող միլիոններից բաժին են ունենալու, չեն հավատում, որ իրենց տարածքում խոշոր արդյունաբերական ծրագրի իրականացումն իրենց աշխատանք ու եկամուտ է ապահովելու, իսկ իրենց երեխաներին՝ կրթվելու և զարգանալու ավելի մեծ հնարավորություն...
Նրանց թերահավատությունն օբյեկտիվ հիմքեր ունի: Գյուղացու գլուխը պետք չէ տանել վիճակագրությամբ, որ Հայաստանի արտահանման կեսը բաժին է ընկնում մետաղներին, որ երկրի տնտեսությունը ծայրահեղորեն կախված է այդ արտահանումից և այլն:
Նրանք տեսնում են հակառակը՝ հողի տակից հանվող միլիոններ և գյուղերի թշվառ վիճակ, տեսնում են կանանց հետ «հատուկ վերաբերմունք» ունեցող մարզպետին ու նրան արդարացնող իշխանություններին, տեսնում են շատ այլ անընդունելի բաներ:
Քանի դեռ այդ ամենը տեսնում ու զգում են, բանավեճ չի լինի: Պետությունը, տվյալ դեպքում՝ իշխանությունը, նախքան որևէ տարածք գերակա շահ հայտարարելը, պետք է գերակայություն համարի ժողովրդի իրական վստահությունը ձեռք բերելը:
Civilnet










