Ըստ զեկույցի՝ 2012թ. Եվրոպայի զարգացող երկրներն ունենալու են ավելի թույլ տնտեսական աճ, ավելի մեծ ֆինանսական խոցելիություն և վարկանշային մի շարք բացասական գործընթացներ: ԱՊՀ երկրների համար հիմնական ռիսկը, ըստ զեկույցի, հումքի գների հավանական նվազումն է:
«Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի զարգացող տնտեսություններն ավելի շատ են կրելու եվրոգոտու ճգնաժամի հետևանքները՝ պայմանավորված ուժեղ առևտրային հոսքերով, փոխկապակցված բանկային համակարգով, պորտֆելային ներդրումների արդյունքում առաջացած արտարժութային ռիսկերով և արտաքին ֆինանսավորման նկատմամբ առկա պահանջարկով»,– ասել է Fitch-ի սուվերեն վարկանիշների խմբի ղեկավար Չառլզ Սևիլը:
Ըստ նրա՝ ԱՊՀ երկրներն ավելի քիչ են ուղղակիորեն ենթարկվելու այդ ռիսկերին, սակայն հումքի գների անկումը խիստ բացասական ազդեցություն է ունենալու այդ տնտեսությունների վրա ևս:
Fitch Ratings-ը վերջերս նվազեցրել էր Արևելյան Եվրոպայի 2012թ. տնտեսական աճի կանխատեսումը հունիսյան 4.1%-ից մինչև 2,8%: Այս նվազեցումը հիմնականում պայմանավորված է 2012թ. եվրոգոտու ՀՆԱ-ի աճի կրճատմամբ՝ հունիսին կանխատեսած 1.8%-ից մինչև 0.4%:
Ըստ գործակալության՝ ԱՊՀ երկրներն ավելի քիչ են ենթարկվելու եվրոգոտու անկայունության ուղղակի հարվածներին: Fitch-ի գնահատմամբ՝ Հայաստանը և Վրաստանը, որի վարկանիշը Fitch-ը դեկտեմբերին բարձրացրեց մինչև BB- կայուն կանխատեսմամբ առաջընթաց ունեն բյուջետային պակասուրդի նվազեցման հարցում, ինչը կարևոր գործոն է տնտեսության կայունության համար: Երկու երկրներն էլ ճգնաժամի պայմաններում միջազգային ֆինանսական օգնության շնորհիվ առավելություն են ստացել, սակայն արտաքին սպառնալիքների չեզոքացման ավելի ծանր խնդիրների առաջ են կանգնած:
Սեպտեմբերին Fitch Ratings-ը Հայաստանի վարկանիշը թողել էր անփոփոխ BB-, կանխատեսումը՝ կայուն։
Fitch-ը կանխատեսում է, որ Ռուսաստանի տնտեսությունը 2012թ. աճելու է 3.5%-ով: Գործակալությունը դրական հեռանկարներ է տեսնում բնական պաշարներով հարուստ Ղազախստանում և Ադրբեջանում, որոնք ունեն «դրական» վարկանիշ:
Զեկույցում նշվում է, որ տարածաշրջանի երկրները դեռ շատ անելիքներ ունեն պետական ֆինանսները կայունացնելու ուղղությամբ, չնայած 2011թ. երկրների մեծ մասը շարունակել է կրճատել բյուջեի պակասուրդը: Արդյունքում Արևելյան Եվրոպայի երկրների բյուջետային համախառն պակասուրդը 2011թ. նվազել է մինչև ՀՆԱ-ի 1,4%՝ 2010թ. 4%-ի համեմատ:
Civilnet











