Գլխավոր Լրահոս

Կարո՞ղ է լրագրողը վիրավորել եթերում

Ես չեմ վիճարկում Գեորգի Վանյանի ասածը, նա կարող է արդարացնել հայերի ցեղասպանությունը, հրեաների Հոլոքոստը, կարող է ասել, որ բոլոր հայ մեծությունները, միասին վերցրած, չարժեն ադրբեջանցի մսագործ Ռամիլ Սաֆարովի եղունգը:

Այս ամենը նա կարող է հայտարարել, կարող է նույնիսկ հանրահավաք հրավիրել Երեւանի կենտրոնում ու միտինգավորներից յուրաքանչյուրի աչքերի մեջ նայելով՝ կրկնել այս ամենը: Բայց հեռուստատեսությունը հաշիվ մաքրելու օջախ չէ, հեռուստատեսությամբ ոչ ոք եթեր չի հեռարձակել դերասան Գեորգի Վանյանի այն պնդումը, թե ԼՂ-ն «այսպես կոչված չճանաչված հանրապետություն է»:

Իսկ եթե չեք ցուցադրել, բարի եղեք լռության մատնել այդ մարդու գոյությունը: Մինչեւ լրագրողի մեկնաբանությունը ո՞վ էր լսել, որ նման բան է ասվել: Ինչո՞ւ, ասենք, դեկտեմբերի 13-ի «Առաջին լրատվական»-ը (նախկին «Հայլուր»-ը) կես բառով չի անդրադարձել այդ փաստին, որ Վանյանը Բեռլինում ավել-պակաս խոսել է: Որտեղի՞ց ձեզ՝ եթերի հնարավորություն ունեցողներիդ, այն համոզմունքը, որ դուք ավելի ճիշտ եք, քան նրանք, ովքեր նույնիսկ տպագիր լրատվամիջոցներում խոսքի իրավունք չունեն:

Այդպիսի մի բարոյական լինչահարման երկու շաբաթ առաջ «Կենտրոն» հեռուստատեսությամբ ենթարկվեց Վանաձորի Հելսինկյան գրասենյակի ղեկավարը, որը Բրյուսելում հայտարարել էր, թե Հայաստանը ադրբեջանցիներից պակաս չի զինվում մինչեւ ատամները: Այս դեպքում բարոյական կողմը պահպանվել էր՝ Արթուր Սաքունցն անձամբ էր պատասխան տալիս իր արտահայտությունների համար:

Սակայն հարցազրուցավարը նրան հրավիրել էր ոչ թե պարզաբանումներ լսելու, այլ իր մեղադրանքները հնչեցնելու, ընդ որում՝ հենց մեղադրական տոնով՝ ինչո՞ւ ես դավաճանական հայտարարություն արել: Երբ մեղադրում եք եթերում, հիշեք, թե ձեզանից ով է հյուրը: Հասկանո՞ւմ եք՝ եթերում մեղադրել քո հայրենակցին դավաճանության մեջ նշանակում է ազգայնականին «наводка» տալ՝ իմանալու իր զոհին: Եթե վաղը մի խելագար որոշի սպանել Վանյանին կամ Սաքունցին, լրագրողը կարո՞ղ է պատասխան տալ:

Ժողովրդավարության լուրջ պակասությամբ աչքի ընկնող երկրում լրագրողը պետք է կարողանա համադրել՝ եթե Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Հենրիկ Մխիթարյանը Ստրասբուրգում չի բողոքում Հայաստանի սպառազինության ծավալներից, ուրեմն Արթուր Սաքունցից լա՞վն է, կամ եթե դու ինքդ՝ լրագրողդ, չես բողոքում, որ «Ադրբեջանի ջրաղացին ջուր չլցնես», ուրեմն դու ավելի լա՞վն ես:

Ի՞նչ է նշանակում համադրել՝ դա նշանակում է, որ երբ մեր հավաքականի ֆուտբոլի մարզահագուստն ես հագնում ու մտնում ես եթեր՝ ավետելու, որ այս տարի մեր հավաքականը փայլուն էր, պետք է հիշես, որ մեկ օրում կարող են տեղի ունենալ բաներ, որոնք չեն կարող քեզ թույլ տալ տարի ամփոփել:

Դիցուք, դուք տեղյա՞կ եք, որ այդ օրը Գավառում երեք հոգի խեղդվել է շմոլ գազից: Զոհերից մեկը՝ 1,5 տարեկան երեխա: Եվ այստեղ կոչ չկա հակագազով մտնել եթեր: Եթեր պետք է մտնել որպես հասարակական տագնապների հաղորդիչ, որը մեզ կարող է փոխանցել խնդիրներ, որոնք մենք չենք տեսնում: Ոչ թե չեն ցուցադրում, այլ ցուցադրում են, բայց մեր աչքերը բաց չեն դրանք տեսնելու համար:

Եթերում պետք է հիշել, որ օրվա ասելիքը ծնողների կամ գազի գրասենյակի անփութությունից զոհված երեխան է, ոչ թե ֆուտբոլի հավաքականը: Իսկ ինչու է, այնուամենայնիվ, ֆուտբոլի հավաքականը թեմա. որովհետեւ ածականներով նախադասությունները, ինչպիսիք են գովեստները եւ վիրավորանքները, մեծ ջանքեր չեն պահանջում լրագրողից: Փոքրիկ խնդիր է այն, թե ո՞ւմ անունից լրագրողն իրավունք ունի եթերում վիրավորել կամ փառաբանել ինչ-որ մեկին: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում