Հայաստանում որոշ բանկեր նույնպես տրամադրում են ուսանողական վարկեր, սակայն դրանք ավելի շուտ սպառողական վարկի են նման. տրամադրվում են ոչ թե ուսանողներին, այլ ծնողներին, ընդ որում՝ մինչև 24% տոկոսադրույքով և կարճ ժամկետով:
Ուսանողական վարկերը հիմնված են այն պարզ սկզբունքի վրա, որ շրջանավարտը ապագայում կունենա այնպիսի եկամուտ, որը կգերազանցի վարկի սպասարկման գումարը: Բրիտանական The Economist հանդեսի գնահատմամբ՝ գործազրկության ներկայիս մակարդակը բարձր եկամուտ ունեցող երկրներում կասկածի տակ է դնում այդ սկզբունքը: Նշվում է, որ 2010թ. Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության երկրներում բուհերի շրջանավարտների 4,4%-ը գործազուրկ է եղել:
Արևմուտքում մտավախություն ունեն, որ բարձր գործազրկության պայմաններում ուսանողներն ի վիճակի չեն լինելու վերադարձնել վարկերը: Միայն ԱՄՆ-ում ուսանողների պարտքը գերազանցում է $1 տրլն-ը, և այդ պարտքի վերադարձելիության հետ կապված խնդիրներն ընդհանուր տնտեսության լճացման վտանգ են պարունակում:
Դժբախտաբար, թե բարեբախտաբար Հայաստանն այս առումով անհանգստանալու պատճառ չունի. ուսանողական վարկերը հայաստանյան բանկերի կողմից տրամադրվում են առավելագույնը 1 տարով, 22-24% տոկոսադրույքով:
«Ուսանողական վարկ» հասկացությունը Հայաստանում միայն անունով է ուսանողական, դրանք ըստ էության սպառողական վարկեր են: Այդ վարկերի նպատակը ոչ թե կրթության ֆինանսավորումն է, այլ ուսանողների ծնողներից կարճաժամկետ հատվածում բարձր տոկոսավճարներ կորզելը:
Արևմուտքում ուսանողական վարկերը տրամադրվում են արտոնյալ ժամանակահատվածով՝ 4-5 տարի, վարկառուն հանդիսանում է ուսանողը, ոչ թե այդ ուսանողի խնամակալը կամ ծնողները, վարկերի տոկոսադրույքը ցածր է, իսկ վարկի մարումն իրականացվում է ուսանողի ապագա եկամուտների հաշվին:
Օրինակ՝ ԱՄՆ-ում տարածված են դաշնային և մասնավոր վարկերը, ընդ որում՝ վարկերը տրամադրվում են ոչ միայն ուսման, այլև դրա ընթացքում գոյապրուստի համար: Շվեդիայում բարձրագույն կրթությունն անվճար է, բայց ուսանողը կարող է վարկ ստանալ, որպեսզի վճարի ուսման հետ կապված ապրուստի ծախսերը:
Գերմանիայում նույնպես զարգացած է պետական վարկավորման համակարգը: Ուսման համար վարկ կարող են ստանալ 18-ից 30 տարեկան բոլոր ուսանողները: Ուսանողական վարկն այստեղ պարզապես անտոկոս փոխատվություն է:
Նիդեռլանդներում վարկ ստանալու իրավունք ունեն միայն առկա ուսուցմամբ սովորող մինչև 30 տարեկան ուսանողները: Վարկի մարումը սկսվում է ուսումն ավարտելուց երկու տարի անց, իսկ վարկն ամբողջությամբ մարվում է 15 տարվա ընթացքում: Վարկի տոկոսադրույքը չի անցնում 4%-ը:
Լատվիայում պետությունն ուսանողներին վարկ է տալիս տասը տարի ժամկետով: Սովորելու ընթացքում վարկի դիմաց վճարվող տոկոսները զրոյական են, իսկ ուսումն ավարտելուց հետո 12 ամիս անց հավասարվում են տարեկան 5%-ի: Նույնիսկ ոչ այնքան զարգացած Ղազախստանում ուսման դիմաց վճարումները կատարվում են ամսական կտրվածքով, իսկ վարկի մարման ժամկետը 10-15 տարի է:
Հայաստանում արդեն մի քանի տարի է՝ մի շարք բանկեր ուսանողական վարկեր են տրամադրում՝ Դ50 -500 հազ-ի սահմաններում, 3-6 ամիս ժամկետով և 24% տոկոսադրույքով: Այստեղ ավելի շատ թերևս գործում է հայ ծնողների ավանդական՝ երեխաներին ամեն գնով կրթություն ապահովելու ինքնազոհողությունը, ինչից բանկերը հաջողությամբ օգտվում են:
Դասական իմաստով ուսանողական վարկերի ներդրումը Հայաստանում տնտեսության զարգացման կարևոր նախապայմաններից է: Առանց դրա գիտելիքահեն տնտեսություն ունենալու մասին հռետորաբանությունը նման է դատարկաբանության:
Civilnet











