Գլխավոր Լրահոս

ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը սկսվե՞լ է

ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը սկսվե՞լ է

Արմեն Մովսիսյանի ամենաուշագրավ հայտարարությունը ատոմակայանին էր վերաբերում: Պարզվում է՝ անցյալ տարվանից արդեն սկսվել է ՀԱԷԿ-ի նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը: «Կառուցել չի նշանակում քլունգը վերցնել և հողը բան անել։ Դա ընդհանուր ծրագրում կազմում է մոտավորապես 30%-ը։

Կառուցումը գնում է՝ սկսած ֆինանսավորման աղբյուրից, նախագծման աշխատանքներից, ուսումնասիրության աշխատանքներից»,– ասաց նախարարը՝ հավելելով, որ բուն շինարարական փուլը նախատեսվում է սկսել 2013թ. կեսերին՝ «բուն քլունգի գործը»։

Նախարարն իհարկե նշեց, որ էներգետիկ անվտանգությունից ելնելով՝ նախատեսել են բոլոր քայլերը, այդ թվում՝ գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը։ «Ատոմակայան կառուցելը սովորական օբյեկտ կառուցել չէ, և պետք չէ այդ խնդրին այդքան հեշտ նայել»,– ասաց նա՝ հավելելով, որ եթե ամեն ինչ նորմալ լինի, նոր էներգաբլոկը հնարավոր կլինի շահագործման հանձնել 2016թ. կամ 2017թ.:

Իսկ եթե, ըստ նախարարի, նոր էներգաբլոկը պատրաստ լինի 2018-ից հետո, գործող ատոմակայանը կշարունակի աշխատել մինչև նորի գործարկումը:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում Եվրամիությունը գործող ատոմակայանի շահագործման ժամկետի հնարավոր երկարաձգմանը, Մովսիսյանը պատասխանեց. «Վերաբերվում ենք այնպես, ինչպես մինչև հիմա ենք վերաբերվել: Նրանք փորձում են մեզ օգնել, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ նոր էներգաբլոկը շահագործենք»։

Արմեն Մովսիսյանի խոսքով՝ այս տարի 2010թ. համեմատ 14,5% ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրվել (7,4 մլրդ կՎտ/ժ), արտահանման ծավալը կազմել է 1,36 մլրդ կՎտ/ժ (աճը՝ 28%), ներքին շուկայում սպառվել է 5,8 մլրդ կՎտ/ժ (աճը՝ 10%)։ Այս տարի 17,7%-ով աճել է գազի ներկրումը (2 մլրդ խմ, որից 0,6 մլրդ խմ-ը՝ իրանական գազը)։ Գազի սպառման աճ է արձանագրվել սպառման բոլոր խմբերի մասով. ամենամեծ աճը արձանագրվել է էներգետիկ ընկերությունների մասով (35,8%)։

Հայ-իրանական կաղացող ծրագրեր

Հայ-իրանական ծրագրերը (Մեղրիի հէկ, Թավրիզ-Երասխ նավթամթերքի խողովակաշար) պետք է սկսվեին այս տարի, բայց չեն սկսվել, ինչը, ըստ Մովսիսյանի, կապված է Իրանում առկա իրավիճակի հետ։ Նա հույս հայտնեց, որ Մեղրիի հէկի կառուցումը կսկսվի հաջորդ տարի, և նշեց, որ դեկտեմբերի 23-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Հայաստան կատարելիք այցի ընթացքում նախատեսված է ստորագրել Մեղրիի հէկի շինաշխատանքների սկսման կոնկրետ ժամկետներին վերաբերող փաստաթուղթ։

Չի բացառվում, որ Ահմադինեժադի ստորագրությունն էլ չօգնի Մեղրիի հէկին. անցած տարի հոկտեմբերին Երևանում Հայաստանի և Իրանի էներգետիկայի նախարարները չորս փաստաթուղթ էին ստորագրել, որոնցից հիմնականը վերաբերում էր հենց Մեղրիի հէկի կառուցմանը։ Այդ նախագիծը քննարկվում է 2001-ից: Հենց այդ տարի ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, 2009թ. ևս մեկ հուշագիր ստորագրվեց: 130 Մվտ հզորությամբ հէկի ծրագիրը գնահատվում է $323 մլն:

Էլեկտրաէներգիան չի թանկանա, եթե...

Արմեն Մովսիսյանն իր պատասխաններով ամբողջովին հերքեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կանխատեսումները։ Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ գալիք տարվա համար ծրագրվում է կրճատել իրանական գազի ներկրումը (ՀԾԿՀ 2012թ. գործունեության ծրագրի համաձայն՝ իրանական գազի ներկրումը կրճատվելու է 17,2%), Մովսիսյանը պատասխանեց, որ փորձելու են հնարավորության սահմաններում ավելացնել «գազ-էլեկտրաէներգիա» սխեմայով Իրանից ներկրվող գազի ծավալները, որպեսզի հնարավոր լինի շահույթի տեսքով գազ ունենալ և դրանից արտադրված էլեկտրաէներգիայի հաշվին չթույլատրել վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի թանկացումը։ Ըստ նախարարի՝ ներկայիս պայմանների պահպանման դեպքում գալիք տարի վերջնական սպառողի համար սակագինը չի բարձրանա։

Դիտարկմանը, որ ՀԾԿՀ ծրագրում բերված աղյուսակից երևում է, որ գալիք տարի էլեկտրաէներգիայի սպառման շուրջ 6,7% աճը նախատեսվում է բավարարել «Հրազդանի էներգետիկ կազմակերպության (ՀրազՋԷԿ)» թանկ էլեկտրաէներգիայով, նախարարն արձագանքեց, որ եթե նախկինում սպառման ծավալների պահանջարկի ավելացումը բավարարվել է «ՀրազՋԷԿ»-ի էլեկտրաէներգիայով, ապա գալիք տարի դա արվելու է Հրազդանի ջէկի 5-րդ էներգաբլոկի («Հրազդան-5») էլեկտրաէներգիայով, որն ավելի էժան է։ «Ես չգիտեմ, որ աղյուսակի մասին է խոսքը, բայց դեռ վերջնական հաստատված աղյուսակ չկա, թե որ կայանով պետք է անենք, բայց բնականաբար պետք է անենք 5-րդ էներգաբլոկով»,– ասաց նա։

Գազից քարածուխի

Մովսիսյանը տեղեկացրեց, որ 2012թ. առաջին եռամսյակի վերջին նախատեսվում է Երևանի ջէկի հին էներգաբլոկներով սկսել էլեկտրաէներգիայի արտադրություն ղարաբաղյան քարածխով։ Ըստ նախարարի՝ Լեռնային Ղարաբաղում հայտնաբերվել են քարածխի պաշարներ, և ներկայում Երևանի ջէկում վերազինում է իրականացվում, որ հնարավոր լինի չոր վառելիքի օգտագործմամբ էլեկտրաէներգիա արտադրել։

«Թեև տեղափոխումը ավելի ծանր է լինելու, բայց գազի համեմատ բավական մեծ տնտեսական էֆեկտ կստեղծի էներգահամակարգում և հնարավորություն կտա նորից մեղմել էլեկտրաէներգիայի վրա էներգակիրների գների ազդեցությունը»,– ասաց Մովսիսյանը: Ըստ նրա՝ նախատեսվում է շահագործել Երևանի ջէկի երկու բլոկները (յուրաքանչյուրը՝ 50 Մվ) և օգտագործել օրական 2 հազ. տոննա ածուխ։

Վերահսկիչ պալատը հետազոտել էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության տակ գործող պետական ընկերությունների 2009-2010 թթ. գործունեությունը և արձանագրել, որ Երևանի ջէկը ներկրել է էլեկտրաէներգիա և փոխարենը արտահանել է բնական գազ «Վրաստանի միջազգային էներգետիկ կորպորացիա» կազմակերպությանը՝ 1 խմ իրանական գազի դիմաց 4,5 կՎտ/ժամ հարաբերակցությամբ: Մովսիսյանն ասաց, որ թեև հայ-իրանական պայմանագրով իրանական գազի արտահանումը արգելված չէ, բայց հայկական կողմը իրանական գազ այլ երկիր չի արտահանել, և նման բան չկա։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում