Գլխավոր Լրահոս

Ճշմարտության պահը

Ճշմարտության պահը

Ֆրանսիայի Ազգային ժողովը երեկ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը եթե հավանության արժանանա Սենատում, ապա վավերացնի երկրի նախագահը, կստանա օրենքի ուժ, ինչը կնշանակի, որ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողները կենթարկվեն մինչև 1 տարվա ազատազրկման և 45 հազ. եվրո տուգանքի:

Դեռ 2006թ. Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել էր օրինագիծ, որով 1915թ. ժխտումը որակվում էր քրեորեն պատժելի արարք, իսկ ժխտողներին սպասվում էր մեկ տարի ազատազրկում և 45 հազ. եվրո տուգանք: Սակայն օրենքի ուժ ստանալու համար անհրաժեշտ էր, որ Սենատը և նախագահը ևս վավերացնեն օրինագիծը:

Այսպիսով՝ նույն գործընթացն է և նույն հույսերը, ինչպես հինգ տարի առաջ: Նույնն է նաև մղիչ ուժը՝ նախագահական ընտրությունները: Այսօր և՛ Սարկոզին, և՛ ընդդիմությունը կարիք ունեն ֆրանսահայության քվեի:

2007թ. նախագահական ընտրությունների նախօրեին Սարկոզին խոստացավ, որ ընտրվելու դեպքում օրինագծի վավերացման ուղղությամբ քայլեր կձեռնարկի, որպեսզի այն բերվի Սենատ: Ընտրվելուց կարճ ժամանակ անց իր պատվիրակի միջոցով թուրքերին հասկացրեց, որ օրինագիծը «կթաղվի» Սենատում:

Ֆրանսիան այն պետությունն է, որը Հայոց ցեղասպանությունը օրենքի մակարդակով ճանաչել է դեռ տասը տարի առաջ՝ 2001թ.: Հետևաբար՝ իրավունք չունենք արժեզրկել երեկվա քվեարկության արդյունքները, նաև՝ ֆրանսիացի օրենսդիրների անկեղծությունը: Սակայն հինգ տարի առաջ տեղի ունեցածը հուշում է, որ դեռ պետք է սպասել և տեսնել՝ արդյոք մարտին և՞ս Սենատը հավանություն կտա բանաձևին:

Անկախ արդյունքներից՝ երեկվա քվեարկության ամենաշահավետ կողմը ոչ այնքան քվեարկության դրական արդյունքն էր, որքան Թուրքիայի և թուրքերի հակազդեցությունը: Այդ երկրում լրատվամիջոցներն ու պետական-քաղաքական գործիչները աննախադեպ նյարդայնությամբ էին արձագանքում Ֆրանսիայում սպասվելիք քվեարկությանը:

Այդ նյարդայնությունն ու ժխտողականությունը բերում է նրան, որ Թուրքիայի ներսում սկսվում է հանրային քննարկում: Ցեղասպանության հարցն այդ երկրում տաբուից վերածվում է բանավեճի: Թուրքիայի պատմությանը և օսմանյան ավանդույթներին ծանոթ մարդիկ հասկանում են, որ Անկարան չի ճկվում դրսի ճնշումների տակ, սակայն խոցելի է ներքին ընդդիմության պահանջների դեպքում:

Թուրքիան պատ էր քաշել իր հասարակության և պատմության միջև, որպեսզի 1915-ը չքննարկվի երկրի ներսում: Այդ պատը, սակայն, ամեն տարի քանդվում է: Երեկ այդ պատից քանդվեց ևս մեկ կտոր: Թուրքիայի նոր սերունդն ուզում է իմանալ, թե ինչ է տեղի ունեցել 1915թ.:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում