Ըստ ԱՄՀ զեկույցի՝ 2011թ. Հայաստանի տնտեսությունը շարունակել է աճել՝ արձանագրելով ՀՆԱ-ի 4,6% աճ: Աճը հիմնականում խթանել են արդյունաբերության, հանքարդյունաբերության և ծառայությունների ոլորտները, իսկ գյուղատնտեսությունն ընթացիկ տարում վերականգնվել է անցյալ տարվա անկումից:
Զեկույցն ամփոփում է Հայաստանի տնտեսության այս տարվա ձեռքբերումները: Ըստ ԱՄՀ-ի՝ գնաճային միտումները 2011թ. կտրուկ նվազել են շնորհիվ ԿԲ քաղաքականության, ինչը ենթադրում էր ճկուն տոկոսադրույքներ, ծախսերի զսպում:
Ըստ զեկույցի՝ լրացուցիչ խթաններ են եղել գյուղատնտեսության վերականգնումը և գլոբալ շուկաներում գների բարենպաստ մակարդակը: Սակայն ԱՄՀ մասնագետները կարծում են, որ ռեպո տոկոսադրույքի հետագա նվազեցումը պետք է լինի զգուշավոր, քանի որ գնաճը պետք է պահպանվի թիրախային մակարդակում:
Ընթացիկ տարում, ըստ ԱՄՀ մասնագետների, դրամը պահպանել է իր կայունությունը, իսկ ԿԲ-ն, բացի թիրախային ծրագրից, ստեղծել է լրացուցիչ պահուստներ: 2011թ. Միջազգային պահուստների աճը ստեղծել է ապահովության բարձիկ տնտեսության համար, որն անհրաժեշտ է ճգնաժամի պայմաններում մեծացած պետպարտքի առաջիկա մարումներն իրականացնելու համար:
Ըստ ԱՄՀ- ի՝ ընթացիկ հաշվեկշռի պակասուրդի կրճատումը դանդաղ է: Շնորհիվ դրամական փոխանցումների և արտահանման (մասնավորապես մետաղների և հումքի) աճի՝ ընթացիկ հաշվեկշռի պակասուրդը 2010թ. 14,7%-ից 2011թ. կկրճատվի մինչև 12%:
ԱՄՀ-ն համարում է, որ դրամը գերարժևորված է 10-15%-ով: Զեկույցում նշվում է, որ ԿԲ-ն շարունակում է ինտերվենցիաներն արժութային շուկայում, որպեսզի մեղմի փոխարժեքի կտրուկ տատանումները:
Ըստ զեկույցի՝ Հայաստանի տնտեսական քաղաքականության մարտահրավերները մնում են նույնը՝ պետական պարտքի և ֆինանսական համակարգի կայունության ապահովում, հարկահավաքման ավելացում, տնտեսական կայունություն և աճ, թիրախավորված սոցիալական ծրագրերի իրականացում, բիզնես միջավայրի բարելավում, աղքատության, գործազրկության և արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի կրճատում:
Հայաստանի տնտեսության համար վտանգավոր է նաև համաշխարհային տնտեսական աճի դանդաղումը, որը բացասաբար կազդի տրանսֆերտների, արտահանման և ներդրումների հոսքերի վրա: ԱՄՀ-ն ռիսկային է համարում նաև 2012թ. ընտրությունների փուլում առաջացող ճնշումները և ձախողումները, ինչպես նաև ԼՂ հակամարտությունը:
ԱՄՀ մասնագետները, նշելով, որ բարեփոխումներ են իրականացվում հարկային վարչարարության, հակամենաշնորհային մարմինների ուժեղացման բնագավառներում, արձանագրում են, որ այդ միջոցառումները շրջադարձորեն չեն բարելավել գործարար և ներդրումային միջավայրը և չեն նպաստել տնտեսական աճին:
Բանկային համակարգն առողջ է
ԱՄՀ մասնագետների կարծիքով՝ Հայաստանի բանկային համակարգը, չնայած վարկավորման աճին, առողջ է: 2011թ. սեպտեմբերին նախորդ տարվա համեմատ վարկավորումն աճել է 37%-ով, ընդ որում՝ վարկերը գրեթե հավասար են բաշխվել բնակչության տարբեր խմբերի և տնտեսության տարբեր ոլորտների միջև: Վարկեր/ ՀՆԱ ցուցանիշը շարունակում է մնալ ցածր՝ 30%: Զեկույցի հեղինակները մտահոգիչ են համարում դոլարային վարկերի և ավանդների բարձր մակարդակը:
Դոլարային վարկերի աճը, որն ընթացիկ տարվա սեպտեմբերին նախորդ տարվա համեմատ աճել է 47%-ով, ավելացնում է փոխարժեքի տատանումների նկատմամբ տնտեսության խոցելիությունը և լինելով ավելի ռիսկային՝ հանգեցնում է կապիտալի համարժեքության ցուցանիշների (capital adequacy ratios, CAR) նվազմանը: Այնուամենայնիվ, համակարգի CAR-ը 20% է, ընդ որում՝ բոլոր բանկերի ցուցանիշը գերազանցում է պահանջվող 12%-ը:
Նշվում է, որ բանկային համակարգի ռիսկերը նվազեցնելու համար պետք է բարելավել սթրես թեստերի մեթոդաբանությունը՝ զարգացնելով վարկերի ռիսկայնության չափման մոդելը և օգտագործելով վարկային պատմությունները: Ըստ զեկույցի՝ ԿԲ-ն համաձայնել է, որ արտարժութային վարկավորման ռիսկերի մոնիթորինգի համար անհրաժեշտ է ընդլայնել գործիքակազմը:
Այլընտրանքային սցենարներ
Այլընտրանքային սցենարների ստանդարտ հավաքածուն և սթրես թեստերը ցույց են տալիս, որ արտաքին պարտքի հեռանկարը մնում է խոցելի դրամի կտրուկ արժեզրկման նկատմամբ: Եթե դրամը 2012թ. արժեզրկվի 30%-ով, ապա արտաքին պարտքի ներկայիս արժեքը 2010թ. ՀՆԱ-ի (գումարած տրանսֆերտները) 28%-ից 2012թ. կաճի մինչև 39%, իսկ 2031թ.՝ կնվազի մինչև 26%:
Երկրորդ ոչ բարենպաստ սցենարը արտահանման ցածր աճն է, որը, ըստ զեկույցի հեղինակների, կհանգեցնի նրան, որ արտաքին պարտքի ներկայիս արժեքը 2013թ. կազմի ՀՆԱ-ի (գումարած տրանսֆերտներ) 32%-ը, իսկ 2031թ.՝ 19%-ը: Առաջին սցենարի պարագայում պարտքի սպասարկումը 2011թ. եկամուտների 4%-ից կաճի մինչև 19%՝ 2013թ. և 14%՝ 2031թ.:
Մեկ այլ սցենարով դիտարկվում է «Նաիրիտ»-ի վերագործարկման համար անհրաժեշտ փոխառությունների ազդեցությունն արտաքին պարտքի վրա: ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի ակնկալվող $400 մլն վարկը կավելացնի պետական պարտք (գումարած պետական երաշխավորված պարտք)/ՀՆԱ ցուցանիշը 3%-ով՝ նվազեցնելով փոխառություններ ներգրավելու հնարավորությունն արտաքին շոկերի դեպքում:
Կանխատեսում 2012թ. համար
ԱՄՀ-ն 2012թ. համար Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի 4% աճ, որի հիմնական խթանիչ ոլորտները կշարունակեն մնալ հանքարդյունաբերությունը, արտադրությունը և ծառայությունները: Ակնկալվում է, որ 2011թ. վերջին և 2012թ. գնաճը կվերադառնա թիրախային մակարդակ՝ 4±1,5%: ԱՄՀ կանխատեսմամբ՝ վարկավորման աճը 2012թ. կլինի ավելի փոքր, քան այս տարի՝ պայմանավորված տնտեսական չափավոր ակտիվությամբ և կապիտալի համարժեքության ավելի ցածր ցուցանիշի նկատմամբ բանկերի արձագանքով:
Ըստ ԱՄՀ-ի՝ նախատեսվում է հարկաբյուջետային կոնսոլիդացիա, որի արդյունքում բյուջեի պակասուրդը 2012թ. կկազմի ՀՆԱ-ի 3,1%-ը, 2013թ.՝ 2,3%-ը, 2014թ.՝ 2%-ը:
Զեկույցում նշվում է, որ 2012թ., ինչպես և 2011թ. կառավարության հիմնական նպատակները պետք է լինեն տնտեսության վերականգնումը և աղքատության կրճատումը՝ գնաճի ցածր մակարդակի պայմաններում: Սա պահանջում է շրջահայաց դրամավարկային քաղաքականություն, փոխարժեքի ճկունություն, շարունակական ֆինանսական ճշգրտումներ և կառուցվածքային հետագա բարեփոխումներ:
Civilnet











