Գլխավոր Լրահոս

Հուսառատ տարվա 
ակնկալիքով

Եթե փորձենք 2011-ը կարճ ներկայացնել աշխարհի մասշտաբով, պիտի ասենք, որ այն խառնաշփոթի, հուսախաբության և մտահոգությունների տարի էր։ Տարի, երբ անէացան վերջին պատրանքները, որ դեռ մնացել էին ԽՍՀՄ փլուզումից քսան տարի անց։

2011թ. Արևմուտքի տերությունների հիմնարար տնտեսական և քաղաքական սկզբունքները վերանայելու և վերաիմաստավորելու անհրաժեշտություն առաջացավ։ Խոր տնտեսական ճգնաժամի հետևանքով ամերիկյան հասարակական և քաղաքական որոշ շրջանակներ սկսեցին էկզիստենցիալ մտավախություններ ունենալ այն դոգմաների շուրջ, որոնց վրա են հիմնված Ամերիկայի տնտեսական և քաղաքական հաստատությունները։ Եվրոպան սկսեց խորհել իր իսկ ստեղծած միության էության և բնույթի առնչությամբ...

Արաբական աշխարհում զայրույթը խառնվեց ցավին և ծնեց զարթոնք ու հույս ժողովրդավարական ապագայի նկատմամբ։ Ասիայում հնչեցին քաղաքական և տնտեսական երկբայություններ։ Անգամ Ռուսաստանում 2011թ. վերջին ի հայտ եկան հանրային գիտակցության ծիլեր 21-րդ դարի Ռուսաստանի ոչ միանձնյա տեսլականի վերաբերյալ։

Քսանամյա Հայաստանի Հանրապետությունում պատմական տարեդարձը եկավ ու անցավ, բայց ոչ ոք չփորձեց նոր քաղաքական պատասխաններ փնտրել հասարակության տնտեսական ցավերին, ոչ ոք չխոսեց հանրային ծախսերը կամ պարտքը նվազեցնելու մասին, չեղավ մղում լրացուցիչ բարեփոխումներ իրականացնելու կամ հարկադրանք գոնե հարևանների հետ մրցելու համար։

Փոխարենը լռություն էր։ Ոչ միայն բարեփոխումների տրամադրություն չկար, ընդհանուր խթան անգամ չկար քաղաքական փոփոխության համար։ Իսկ ով բողոքում էր եղած վիճակից ու փոփոխության կոչ էր անում, կարծում էր, որ փոփոխություն իրականացնելու բավարար միջոցներ չունի։

«Սիվիլիթաս» հիմնադրամի՝ աշնանն անցկացրած հարցման մասնակիցների 2/3-ը պատասխանեց, որ նորից կքվեարկեր ԽՍՀՄ-ից դուրս գալու օգտին։ Նրանց համար և անգամ այն 1/3-ի համար, ում հիասթափությունը սահմանակից է զղջման, շատ բաներ արդեն անդառնալի են՝ անձնական ազատությունները, ազատ տեղաշարժվելու իրավունքը, կանանց և տղամարդկանց միջև հավասարության ընկալումը, խոսքի և հավատքի իրավունքը, նվազագույն կենսամակարդակի, առողջապահության և կրթության իրավունքը։

Անկախության սերունդն այս իդեալներն ընդունում է ինքնըստինքյան։ Նրանք չգիտեն ինչպես մշակել ռազմավարություն, ինչպես կազմակերպվել, ինչպես քաղաքականություն կամ փոփոխություն իրականացնել, բայց գիտեն, որ իրավունքներ ունեն, և վախ չունեն այդ իրավունքներն իրականացնելուց։

Հնարավոր է՝ նրանք նաև պատրանքներ չունեն, քանի որ դժվար տարիներ են տեսել։ «Սիվիլիթաս»-ի հարցմանը ամենալավատեսները 20-40 տարեկաններն էին և նրանք, ում վաթսունն արդեն բոլորել է։ Գուցե վերջին մի քանի տարիների խոստումները, դառն իրականությունը և անորոշությունները փարատվեն նոր տարում, որը կլինի առանց պատրանքների, բայց հույսերով լի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում