Գլխավոր Լրահոս

Ամանորն ու աճը

Ամանորն ու աճը

Սեզոնային այս կտրուկ տատանումը կարելի է համարել Հայաստանի տնտեսության առանձնահատկությունը: Ամանորի հետ կապված՝ տնտեսական ակտիվության տատանումներ տեղի են ունենում նաև այլ երկրներում, սակայն ոչ նման կտրուկ չափերով: Հայաստանում նախաամանորյա տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է երեք գործոնով՝ առևտրաշրջանառություն, էլեկտրաէներգիայի արտադրություն (դեկտեմբերը ձմռան առաջին ամիսն է) և ծառայություններ (այդ թվում՝ զբոսաշրջություն): Թեև ազգային վիճակագրությունը 2011թ. դեկտեմբերի տվյալները դեռ չի ամփոփել, կարելի է վստահ լինել, որ նախորդ տարիներին ձևավորված այս միտումները 2011թ. նույնպես կպահպանվեն:

Ամանորյա տոնական իրարանցումը նաև մի շարք խնդիրներ է հարուցում, հիմնականում դրամաշրջանառության ոլորտում: Դեկտեմբերի վերջը Հայաստանում աշխատավարձերի, նպաստների, պարգևավճարների վճարման ժամանակն է։ Հիմնարկների մեծ մասը ձգտում է ժամանակից շուտ վճարել աշխատավարձը, հնարավորության դեպքում՝ պարգևավճար տրամադրել։ Ստացվում է՝ մարդիկ դեկտեմբերին երկու աշխատավարձ են ստանում, իսկ հունվարին՝ ոչ մի:

Բնականաբար, բանկային համակարգն իր գանձարկղային մնացորդների հաշվին անկարող է սպասարկել կանխիկի նկատմամբ պահանջարկի կարճաժամկետ ուժեղ աճը։ Մեր հաշվարկներով՝ դեկտեմբերի վերջին տասնօրյակում բանկային համակարգին անհրաժեշտ է լրացուցիչ մոտ Դ40-50 մլրդ-ի կանխիկ գումար, կամ կանխիկ դրամի ծավալը պետք է ավելացնել 10-15%-ով։ Կարճաժամկետ կտրվածքով սա զգալի աճ է և առաջացնում է ուժեղ ճնշում գների վրա: Հենց այդ հանգամանքով է պայմանավորված նախաամանորյա գնաճը, որ սովորաբար Հայաստանում տեղի է ունենում: Օրինակ՝ 2011թ. դեկտեմբերի վերջերին Հայաստանում թանկացան միսն ու մրգերը, թեև առաջարկի դեֆիցիտ չի գրանցվել:

Դեկտեմբերի վերջին շաբաթում կանխիկ փողի նկատմամբ մեծ պահանջարկը ստիպում է Կենտրոնական բանկին լրացուցիչ դրամներ նետել դեպի շրջանառություն։ Եղել են տարիներ, երբ օրական Դ10-15 մլրդ է նետվել շրջանառության։ 2011թ. վերջին նույնպես շրջանառությունում փողն ավելացել է, սակայն ավելի չափավոր տեմպերով։ Կենտրոնական բանկի հրապարակման համաձայն՝ փողի բազան իր առավելագույն մակարդակին հասել է դեկտեմբերի 26-ին՝ կազմելով Դ656,5 մլրդ, սակայն այնուհետ մի փոքր նվազել է:

Այսինքն՝ միայն դեկտեմբերին փողի բազան ավելացել է մոտ Դ55 մլրդ-ով: Աճ են արձանագրել փողի բազայի բոլոր բաղադրիչները, հատկապես կանխիկ դրամը: Այսպես՝ դեկտեմբերի 29-ին կանխիկ դրամի ծավալը հասել է իր պատմական առավելագույն մակարդակին՝ Դ403,8 մլրդ (առաջին անգամ գերազանցելով Դ400 մլրդ-ի սահմանագիծը): Համեմատության համար՝ 2010թ. դեկտեմբերի 29-ին կանխիկ փողի ծավալը Դ350 մլրդ էր, իսկ 2011թ. նոյեմբերին՝ մոտ Դ370 մլրդ:

Դրամաշրջանառությունում փողի ծավալների էական աճի հիմնական մասը տեղի է ունենում դեկտեմբերի վերջին տասնօրյակում: Այսպես՝ միայն 2011թ. դեկտեմբերի 26-ի երկուշաբթի օրը լրացուցիչ շրջանառություն է մտցվել մոտ Դ6 մլրդ-ի կանխիկ գումար:

Կառավարությունն ու Կենտրոնական բանկը փորձում են ձեռնարկել որոշ կանխարգելիչ միջոցներ ՝ տարեվերջին փողի նկատմամբ պահանջարկի էական աճը զսպելու համար: Այսպես՝ սկսած 2010-ից՝ թոշակների վճարումն իրականացվում է ոչ թե դեկտեմբերի վերջին, ինչպես նախորդ տարիներին, այլ հունվարի սկզբին։ Սակայն դա էլ իր բացասական հետևանքներն է ունենում՝ հունվարի սկզբին շարունակվում է փողի քանակությունն աճել, ու գնաճային ճնշումները պահպանվում են: Փողի քանակության չափազանց բարձր աճը, բացի գնաճին նպաստելուց, կարող է անդրադառնալ փոխարժեքի վրա (նպաստում է դրամի թուլացմանը)։

Շրջանառությունում կանխիկ փողի նկատմամբ պահանջարկի զսպմանը ամենաշատը ի զորու է նպաստել քարտային համակարգը:

Աշխատավարձերի վճարումը քարտերի միջոցով հանգեցնում է նրան, որ գումարների մի մասը, այնուամենայնիվ, չի կանխիկացվում: Պատահական չէ, որ քարտային համակարգի ընդլայնմանը զուգահեռ՝ փողի բազայի կառուցվածքում կանխիկ դրամի տեսակարար կշիռը շարունակաբար նվազում է և ներկայում գտնվում է մոտ 61,5%-ի սահմաններում (համեմատության համար՝ 2008թ. այդ ցուցանիշը կազմում էր մոտ 84%): Ըստ Կենտրոնական բանկի հրապարակման՝ 2011թ. երրորդ եռամսյակում քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է Դ16,7 մլրդ՝ 2010թ. չորրորդ եռամսյակի Դ12 մլրդ-ի համեմատ:

Ըստ վերջին տվյալների՝ հանրապետությունում շրջանառվող քարտերի թվաքանակը հասել է մոտ 900 հազ-ի: Բայցևայնպես, քարտային շրջանառության ծավալները շարունակում են մնալ ցածր: Մեկ եռամսյակի ընթացքում քարտերով իրականացվող գործառնությունների ընդհանուր ծավալը 2011թ. երրորդ եռամսյակում կազմել է Դ188 մլրդ, և այստեղ նախորդ տարվա վերջի համեմատ էական աճ չի գրանցվել: Բացի այդ՝ քաղաքացիները շարունակում են քարտերին փոխանցված գումարների կանխիկացումը՝ առանց դրա անհրաժեշտության:

Մեր կարծիքով՝ միայն այն բանից հետո, երբ անկանխիկ վճարումների ծավալը կգերազանցի առևտրաշրջանառության գոնե 20%-ը, նախաամանորյա աժիոտաժը գների ու դրամաշրջանառության կայունության վրա կդադարի էական ազդեցություն ունենալ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում