Գլխավոր Լրահոս

Դրամը տարին արժեզրկմամբ է սկսում

Դրամը տարին արժեզրկմամբ է սկսում

Առաջիկա երկու ամիսներին, ամենայն հավանականությամբ, դրամը շարունակելու է արժեզրկվել։ Խնդիրն այն է, որ նախորդ տարիների միտումները վկայում են, որ սովորաբար տարվա առաջին երկու ամիսներին Հայաստան դոլարի ներհոսքը զգալիորեն զիջում է մյուս ամիսների միջին ամսական ներհոսքին։ Այսպես՝ օրինակ անցած տարի հունվարին մասնավոր փոխանցումների ծավալը կազմել էր $67 մլն, արտահանման ծավալը՝ $72 մլն, իսկ մարտին այդ ցուցանիշներն արդեն կազմել են համապատասխանաբար $102 մլն և $98 մլն: Արդյունքում 2011թ. հունվար-փետրվարին դրամը արժեզրկվել էր 5 կետով կամ 1,5%-ով։

Մյուս կողմից՝ այդ ամիսներին ներկրման ծավալները մնում են գրեթե անփոփոխ, ինչը նշանակում է, որ հունվար և փետրվար ամիսներին դոլարի պահանջարկը գերազանցելու է առաջարկը, և լողացող փոխարժեքի քաղաքականության պայմաններում դոլարն արժևորվելու է, իսկ դրամը՝ արժեզրկվելու։

Այս տարվա առաջին երկու ամիսներին դրամի արժեզրկումը կարող է ավելի զգալի լինել, քանի որ մի կողմից միջազգային կառույցները կանխատեսում են համաշխարհային տնտեսության դանդաղում և որպես հետևանք՝ դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների հոսքի կրճատում, մյուս կողմից՝ Հայաստանի մակրոմիջավայրը պատրաստ է թույլ դրամին։

Հայաստանը 2011թ. փակեց 4,7% գնաճով (թիրախային ցուցանիշի 4±1,5% շրջանակում), ինչը նշանակում է, որ հունվարին գնաճային ճնշումները լինելու են ավելի թույլ։ Ակնկալվում է, որ նման պայմաններում Կենտրոնական բանկը գնաճի զսպման հարցում չի դիմի փոխարժեքի օգնության և կթույլատրի դրամի բնականոն արժեզրկումը։

Որ դրամը արժևորված է, նշվում էր նաև Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)՝ դեկտեմբերի 22-ին հրապարակած Հայաստանի 2011թ. տնտեսական իրավիճակն ամփոփող զեկույցում (տե՛ս «Օրակարգ», թիվ 69, 2011թ., «ԱՄՀ-ն գնահատել է Հայաստանի անցնող տարին» հոդվածը): Ըստ ԱՄՀ-ի՝ դրամը գերարժևորված է 10-15%-ով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում