
Ըստ զեկույցի՝ 2011թ. երրորդ եռամսյակում եվրոգոտու երկրների պարտքային խնդիրները խորացրել են ֆինանսական շուկաների անկայունությունը: Դրա հետևանքով զարգացած երկրներում տնտեսական իրավիճակի վատթարացումն անդրադարձել է նաև միջազգային առևտրի վրա: Այսպես՝ 2011թ. օգոստոսի միջազգային առևտրի 1,4% աճին հետևել է 1% անկումը սեպտեմբերին:
Սակայն ի տարբերություն զարգացած տնտեսությունների՝ ԱՊՀ երկրները կարողացել են բավականաչափ տնտեսական աճ ապահովել: Ըստ ԵԶԲ-ի նախնական տվյալների՝ 2011թ. հունվար-սեպտեմբերին ԱՊՀ տարածաշրջանում ՀՆԱ-ի աճը միջինը կազմել է 4.5%: Առավել բարձր տնտեսական աճ է ունեցել Թուրքմենստանը՝ 14,6%, իսկ ամենացածրը՝ Ադրբեջանը՝ 0,5%: Հայաստանի տնտեսական աճը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 4,5%: ԱՊՀ տարածաշրջանում զգալի տնտեսական աճը, ըստ ԵԶԲ մասնագետների, պայմանավորված է գյուղատնտեսության աշխուժացմամբ, որը 2011թ. արձանագրել է 14,7% աճ՝ 2010թ. 10% անկման դիմաց:
ԱՊՀ երկրների մեծ մասում, սակայն, դանդաղել է արդյունաբերության ոլորտի աճը՝ բացառությամբ Հայաստանի, Ղրղըզստանի և Մոլդովայի, որտեղ արդյունաբերությունը շարունակում է մնալ հիմնական խթանիչ ոլորտ:
Զեկույցի համաձայն՝ 2010թ. և 2011թ. սկզբին միջազգային շուկաներում սննդամթերքի և վառելիքի թանկացումով և դրամավարկային խթանիչ քաղաքականությամբ պայմանավորված գնաճային ճնշումները 2011թ. երկրորդ կեսից մեղմվել են շնորհիվ կենտրոնական բանկերի կոշտ քաղաքականության: Արդյունքում ԱՊՀ–ի գրեթե բոլոր երկրները կարողացել են զսպել գնաճը, ընդ որում՝ առավել մեծ հաջողության է հասել Հայաստանը, որտեղ, ըստ ԵԶԲ զեկույցի, տարեկան գնաճը 2011թ. մարտի 11,5%-ից նվազել է մինչև 4,8% նոյեմբերին:
Կանխատեսումներ Հայաստանի համար
ԵԶԲ վերլուծաբանների կանխատեսմամբ՝ 2011թ. վերջին ամիսներին և 2012թ. առաջին կեսին Հայաստանի տնտեսական աճը կրելու է ներկայիս վարկավորման տեմպերի դանդաղման բացասական ազդեցությունները, սակայն գլոբալ ցնցումների բացակայության դեպքում այդ բացասական ազդեցությունները վտանգավոր չեն լինելու:
ԵԶԲ-ի գնահատականը Հայաստանի տնտեսության համար երկարաժամկետ կտրվածքում ընդհանուր առմամբ լավատեսական է: Նրանք, հաշվի առնելով, որ նույնիսկ ներդրումների լճացման պայմաններում Հայաստանում տարեկան 4-5% աճ է արձանագրվում, նշում են, որ այն կարող է արագանալ մինչև 6-7%:
Ըստ զեկույցի՝ եթե Հայաստանի Կենտրոնական բանկն անսպասելի սխալներ թույլ չտա, կկարողանա պահպանել գնաճի ներկա մակարդակը՝ տարեկան մոտ 5%: Ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում դրան կնպաստի այն, որ աշխարհում ներկա տնտեսական իրավիճակի պայմաններում Հայաստանը չի կարող ակնկալել կապիտալի ներհոսքերի կամ արտահանվող ապրանքների գների արագ աճ: Եթե համաշխարհային տնտեսության անբարենպաստ զարգացումները չխարխլեն Հայաստանի կայունությունն այն չափով, որ անխուսափելի դառնա դրամի գգալի արժեզրկումը, դա կհեշտացնի ԿԲ-ի կողմից գնաճի վերահսկման գործառույթը:
Զեկույցում նաև նշվում է, որ Հայաստանի տնտեսությունն ունի մի շարք կառուցվածքային խնդիրներ: Դրանցից մեկը գործազրկության կայուն մակարդակն է, որն ամենաբարձրն է տարածաշրջանում:
Մեկ այլ կառուցվածքային խնդիր է արտաքին հաշվեկշռի մշտական դեֆիցիտը, ինչը վտանգավոր է Հայաստանի տնտեսության համար կապիտալ ներհոսքերի կրճատման և արտահանվող հումքի գների կտրուկ նվազման դեպքում: Ըստ վերլուծաբանների՝ Հայաստանը նման խնդիրների արդեն բախվել է 2008-2009 թթ., և չի բացառվում, որ նման իրավիճակը կրկնվի: ԵԶԲ-ի գնահատականով՝ ներկայում Հայաստանի իշխանություններն ավելի քիչ ռեսուրս ունեն նման իրավիճակի պարագայում պայքարելու համար, քանի որ պետական պարտքը կտրուկ աճել է վերջին տարիներին:
Տնտեսության կառուցվածքային խնդիրների երկարաժամկետ լուծումը ԵԶԲ մասնագետները տեսնում են Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման, մենաշնորհների կրճատման, գործարար միջավայրի բարելավման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման մեջ: Ըստ ԵԶԲ զեկույցի՝ տնտեսության արտաքին կայունության հասնելու համար պետք է դիվերսիֆիկացնել արտահանման կառուցվածքը, որի ավելի քան 60%-ը բաժին է ընկնում մետաղներին և հանքահումքին, ինչպես նաև աստիճանաբար նվազեցնել արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը:
Civilnet











