Մաքրել և ինքնամաքրվել
Օրերս Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը, խոսելով դեկտեմբերին Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո բողոքի զանգվածային ցույցերի մասին, հայտարարեց, որ հասարակությունն իրավունք ունի արտահայտել իր անհամաձայնությունը երկրում տիրող քաղաքական իրավիճակի մասին, իսկ իշխանությունները պետք է լսեն ցուցարարներին և համապատասխանաբար ճշգրտեն իրենց քաղաքականությունը։
Նոյեմբերին Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա Երկրորդը հերթական անգամ երկրի իշխանությունների տեսակետին հակառակ տեսակետ արտահայտեց՝ Ռուսաստանի՝ ազգությամբ վրացի քաղաքացի, միլիարդատեր Բիձինե Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ, որը քաղաքական հավակնություններ ունի այդ երկրում:
Հայ առաքելական եկեղեցու երկու քույր եկեղեցիներում արդեն կարծես ավանդույթ է հարկ եղած ժամանակ իշխանություններին հակադրվելը և երկրի հասարակական-քաղաքական համակարգում որոշակի բարոյական կանոնակարգ թելադրելը:
Հայ առաքելական եկեղեցու դեպքում այդ ավանդույթը չի ձևավորվում, չկա անգամ աննշան կառուցողական քննադատություն: Հայոց եկեղեցին գնալով ավելի է ամրապնդում գործադիր իշխանության կցորդի իր կարգավիճակը՝ գործադիրի կամակատար դարձած օրենսդիր և դատական համակարգերի կողքին: Հայ առաքելական եկեղեցու ղեկավարների համար կառավարությունն ու պետությունը նույնական են, ինչը և խանգարում է նրանց ստանձնել պետականապահպան այն կարևոր գործառույթը, որ որոշակիորեն ստանձնել են քույր եկեղեցիները: Այդ նույնականության զգացումն առավել ամրապնդվեց 2008թ. նախագահական ընտրություններից հետո:
Այսօրվա հասարակական-քաղաքական համակարգի արատների մասին բարձրաձայնելը եկեղեցուն ոչ թե կթուլացնի, այլ, ընդհակառակը, շատ ավելի կուժեղացնի: Արատները հասկանալով ու հաղթահարելով՝ կուժեղանա նաև իշխանությունը:
Մի երկրում, որտեղ բնակչության կեսից ավելին աղքատ է, եկեղեցին շատ ավելի շատ պարտավորված պետք է լինի կանխարգելիչ ու ախտահանիչ գործառույթներ իրականացնել:
Հայաստան-Սփյուռք սեպտեմբերյան համաժողովին Հայաստանի նախագահի և բարձրագույն իշխանավորների ներկայությամբ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ելույթը պետք է դաս լինի ոչ միայն ՀՀ իշխանություններին, այլև առաջին հերթին Էջմիածնի հոգևոր հայրերին:
Civilnet










