Երեկ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8%: Վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերանայվել էր անցած տարվա սեպտեմբերին և իջեցվել 0,5-տոկոսային կետով: Այն ժամանակ ԿԲ-ն գնաց այդ քայլին, քանի որ օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել էր 4,8%, իսկ հիմա, երբ 2011թ. արդյունքներով գնաճը կազմել է 4,7%, ԿԲ-ն նման քայլի չի գնում։
Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2011թ. դեկտեմբերին արձանագրվել է 2,5% գնաճ. արդյունքում 2011թ. տարեկան գնաճը կազմել է 4,7%, որը գտնվում է 4% նպատակային թիրախի ±1,5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:
«Խորհուրդն արձանագրեց, որ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումները կարճատև ժամանակահատվածում թույլ են. համաշխարհային տնտեսության ակտիվության նվազման հեռանկարում դեկտեմբերին արձանագրվել է հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գների անկում: Այդուհանդերձ, ԿԲ ուշադրության կենտրոնում են գտնվում համաշխարհային տնտեսության զարգացումները և ապագայում դրանցից բխող գնաճային ռիսկերը»,– նշված է հաղորդագրությունում
Ըստ ԿԲ-ի՝ Հայաստանի տնտեսության զարգացումներից բխող գնաճային ճնշումները նվազագույն են. ինչպես հարկաբյուջետային քաղաքականության և մասնավոր ծախսումների, այնպես էլ աշխատանքի շուկայի ազդեցությունները գնաճային միջավայրի վրա գնահատվում են չեզոք:
ԿԲ խորհուրդն ամփոփել է, որ Հայաստանի տնտեսությունը զարգանում է դրամավարկային քաղաքականության ծրագրերում կանխատեսված միտումներին համապատասխան, և 12-ամսյա հորիզոնի համար նախանշված 4% նպատակային թիրախի ±1,5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքը կլինի հասանելի:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը գնաճի զսպման ֆինանսական գործիքներից է, և դրա վերանայումը պայմանավորված է առաջին հերթին գնաճային միջավայրով։ Տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշումից կարելի է ենթադրել, որԿԲ-ում այնքան էլ չեն հավատում Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած գնաճի ցուցանիշին, քանի որ ցածր գնաճը ենթադրում է փողի էժանացում և տնտեսական աճի խթանում։
Մյուս կողմից՝ ԿԲ-ն արձանագրել է, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին միջավայրի գնաճային ճնշումները նվազագույն են, ինչը ենթադրում է, որ տոկոսադրույքը պետք է իջեցվեր։ Խնդիրն այն է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը դեռևս գտնվում է բավական բարձր մակարդակում, քանի որ օրինակ՝ 2010թ. 2-րդ կիսամյակում, երբ գնաճը գտնվում էր թիրախային ցուցանիշի շրջանակից դուրս, և տարեկան գնաճը կազմել էր 9,4%, վերաֆինանսավորման տոկոսադրույքը շարունակում էր մնալ 7,25%։
ԿԲ երեկվա որոշումն ըստ էության ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի մակարդակի և գնաճի միջև կապը գրեթե բացակայում է։ Պարզ ասած՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը որևէ կերպ չի ազդում գնաճի վրա, քանի որ վերջինս Հայաստանում հիմնականում պայմանավորված է առաջարկի գործոնով, այնինչ վերաֆինանսավորման տոկոսադրույքն ազդում է պահանջարկով պայմանավորված գնաճի վրա։
Հայաստանում նաև թույլ արտահայտված է վերաֆինանսավորման տոկոսադրույքի և բանկերի ավանդների և վարկերի տոկոսադրույքների միջև կապը։ Անցած տարի, երբ առաջին չորս ամիսներին ԿԲ-ն բարձրացնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքները՝ դրանով իսկ թանկացնելով փողը, առևտրային բանկերը նվազեցնում էին վարկերի տոկոսադրույքները։
Ըստ էության՝ ԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի որոշումները ֆինանսական շուկայի և գնաճի վրա թողնում են չեզոք ազդեցություն։
Civilnet











