Կառավարության առաջարկով 2010թ. հոկտեմբերին Ազգային ժողովը «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություն էր կատարել, ըստ որի՝ մինչև 2014թ. յուրաքանչյուր տարի բարձրանալու են սիգարետների հաստատագրված վճարները։ Այսպես՝ հունվարի 1-ից ֆիլտրով տեղական 1000 հատիկ սիգարետի հաստատագրված վճարը կազմում է Դ6,25 հազ. (աճը՝ Դ750), ներկրված սիգարետինը՝ Դ7,5 հազ. (աճը՝ Դ500)։ Ըստ էության հարկադրույքի բարձրացման հետևանքով տեղական արտադրության 1 տուփ (20 հատիկ) սիգարետի ինքնարժեքը բարձրացել է Դ15-ով, իսկ ներկրվածինը՝ Դ10-ով։
Սա նշանակում է, որ ներկրողները և արտադրողներն այդ ավելացումը անմիջապես տեղափոխելու են սպառողների վրա՝ բարձրացնելով արտադրանքի գինը։ Բայց ինչպես երևում է, տեղական արտադրողներ «Գրանդ Տոբակո», «Ինտերնեշնլ Մասիս Տաբակ» և «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունները որոշել են օգտվել ընձեռված հնարավորությունից և հարկադրույքի բարձրացման պատրվակով 1 տուփ սիգարետը թանկացրել են ոչ թե հիմնավորված Դ15-ով, այլ Դ20-50-ով։ Առաջիկա օրերին նրանց օրինակին կհետևեն նաև ներկրողները: Թե որքանով կթանկանան ներկրվող սիգարետները, կտեսնենք առաջիկայում։
«Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրենքի 2010թ. փոփոխությունները ենթադրում են ոչ միայն հաստատագրված վճարների բարձրացում, այլև տեղական և ներկրված սիգարետների հարկադրույքի միջև առկա տարբերությունների կրճատում։ Դա նշանակում է, որ տեղական և ներկրված սիգարետների գների միջև շեղումը գնալով կրճատվելու է։
Սիգարետների հաստատագրված վճարների բարձրացման գործընթացը Կառավարության 2009թ. քաղաքականության հետևանքն է։ Խնդիրն այն է, որ 2009թ. տեղական և ներկրվող սիգարետների համար հաստատագրված վճարի ոչ համաչափ բարձրացման արդյունքում (տեղական ֆիլտրով սիգարետների 1000 հատի հաշվով հաստատագրված վճարը բարձրացվել է Դ750-ով, ներկրվողի համար՝ Դ1000-ով), Կառավարությունը ոչ միայն չստացավ հավելյալ եկամուտներ (սիգարետից պետբյուջեի մուտքերի Դ5 մլրդ ավելացման փոխարեն դրանք կրճատվեցին մոտ Դ1,5 մլրդ-ով), այլև հայտնվեց միջազգային սկանդալի կենտրոնում։
2009թ. և 2010թ. Հայաստանում տեղական և ներկրված սիգարետների հարկադրույքների միջև շեղումը Դ1750 էր (1000 սիգարետի հաշվարկով ներկրվող ֆիլտրով սիգարետների հաստատագրված վճարը կազմում էր Դ6,5 հազ., իսկ տեղականինը՝ Դ4750), ինչը հանգեցրեց Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) Հայաստանի դեմ Ուկրաինայի բողոքին: ԱՀԿ կանոններով՝ ներմուծվող սիգարետի նկատմամբ թույլատրվում է կիրառել մինչև 15% մաքսատուրք, ինչը նշանակում է, որ ներկրվող և տեղական սիգարետների հարկադրույքների շեղումը չի կարող գերազանցել Դ1,5 հազ-ը (1000 հատիկի հաշվով)։
Երկար բանակցությունների և ճնշումների արդյունքում ի վերջո 2010թ. հոկտեմբերին Հայաստանի Կառավարությունը գնաց զիջումների և «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրենքներում կատարած փոփոխություններով 2011թ. տարբերությունը կրճատեց Դ250-ով՝ հասցնելով Դ1,5 հազ-ի: 2013թ. այդ տարբերությունը կհասցվի Դ1000-ի՝ 1000 հատիկ ֆիլտրով սիգարետի հաշվով: Սա նշանակում է, որ 2013թ. տեղական սիգարետների համար հաստատագրված հարկը բարձրանալու է ևս Դ750-ով (1000 հատիկի հաշվով), իսկ ներկրվածինը՝ Դ500-ով։ Արդյունքում գալիք տարի 1 տուփ տեղական սիգարետը միայն հարկային գործոնի հետևանքով կթանկանա առնվազն Դ15-ով, իսկ ներկրվածը՝ Դ10-ով։
2014թ. սիգարետները հարկման հաստատագրված վճարների դաշտից կտեղափոխվեն հարկման ընդհանուր դաշտ, ինչը նշանակում է, որ հարկադրույքը կախված է լինելու արժեքից՝ վճարվելու է ԱԱՀ, մաքսատուրք, ինչպես նաև ակցիզային հարկ (ֆիլտրով 1000 հատիկի հաշվով Դ5 հազ.)։ Սա նույնպես ենթադրում է, որ 2014թ. սիգարետների գները նորից բարձրանալու են։
Civilnet











