Գլխավոր Լրահոս

Մեծամասնությունը մեծամասնականի դեմ

Խորհրդարանական ընդդիմությունը՝ Դաշնակցություն և «Ժառանգություն» կուսակցությունները, հայտարարել են, որ Ազգային ժողովի օրակարգ են մտցնելու օրինագիծ, որը ենթադրում է մեծամասնական ընտրակարգի վերացում և 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի ներդրում:

Երեկ հրավիրված ասուլիսին ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը հայտարարել է, որ խորհրդարանական մեծամասնությունը քաղաքական որոշում է կայացրել, որ ընտրություններից առաջ նպատակահարմար չէ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելը, և ընդդիմության նախաձեռնությունը կմերժվի: «100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելը այս պահին ունի որոշակի խոչընդոտներ: Նախ պետք է Սահմանադրության մեջ որոշակի փոփոխություններ կատարվեն և այնուհետև՝ Ընտրական օրենսգրքում, որը ժամկետների առումով գրեթե անհնար է»,– ասել է նա:

Մեծամասնական ընտրակարգը վերացնելու նախաձեռնությունը դրա հեղինակները հիմնավորում են նրանով, որ այն ծառայում է իշխանությունների վերարտադրման համար, քանի որ որպես կանոն մեծամասնական մանդատները ստանում են իշխանության ներկայացուցիչները, և ընդդիմությունը դուրս է մղվում խորհրդարանից:

Նախաձեռնությունը ողջունել է Հայ ազգային կոնգրեսը, դրան դեմ չի արտահայտվել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Փաստորեն, կարելի է ասել, որ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի քաղաքական պահանջ երկրում կա:

Մեծամասնական ընտրակարգի կողմնակիցները հայտարարում են, որ այդպես ընտրվողներն ավելի լավատեղյակ են կոնկրետ տարածքի խնդիրներին և այլն: Սակայն փորձը ցույց է տալիս, որ մարզերում մեծամասնական ընտրակարգով հիմնականում ընտրվում են Երևանից թեկնածությունը դրած անձինք:

Փորձը նաև ցույց է տալիս, որ մեծամասնական ընտրակարգով ընտրվածներն ավելի անկարգապահ են իրենց պատգամավորական գործունեության մեջ, ավելի քիչ կամ գրեթե չեն մասնակցում ԱԺ նիստերին:

Հայաստանյան իրականությունում մեծամասնական ընտրակարգի թերություններից մեկն այն է, որ ընտրությունները վերածվում են առևտրի կոնկրետ թեկնածուների կամ նրանց հովանավորողների միջև:

Եթե իշխանություններն իրոք անկեղծ են ազատ և արդար ընտրություններին ավելի մոտենալու հարցում, պետք է թողնեն, որ այդ օրենքն ընդունվի, թեկուզ այն աշխատի ոչ թե առաջիկա, այլ հետագա ընտրություններում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում