Երեկ հրավիրված ասուլիսին ԱՎԾ գների վերահսկողության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը հրապարակել է 2011թ. գնաճի ցուցանիշները՝ նշելով, որ 2011թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 4,7%՝ նվազագույն ցուցանիշը 2005-ից հետո: Ըստ նրա՝ պարենային ապրանքների գնաճը գերազանցել է ոչ պարենային ապրանքների գնաճին և կազմել 6,1%: Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 4,3%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 2,9%-ով:
Մարտիրոսյանը նաև հրապարակել է դեկտեմբերին գների փոփոխությունը նոյեմբերի նկատմամբ։ Ըստ այդմ՝ նոյեմբերի համեմատ դեկտեմբերին սպառողական գներն աճել են 2,5%-ով. պարենային ապրանքների գներն աճել են 4,4%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,5%-ով, իսկ ծառայությունների ոլորտի սակագները՝ 0,1%-ով:
Նշենք, որ ըստ էության թեև դեկտեմբերին եղել է գնաճ, ԱՎԾ հաշվարկներով ստացվել է, որ դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նոյեմբերի նույնանման ցուցանիշից 0,1-տոկոսային կետով ցածր է (նոյեմբերին 12-ամսյա գնաճը կազմել էր 4,8%): Եթե հաշվի առնենք, որ բացառվում է բազայի գործոնը, այսինքն՝ 2010թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ավելի մեծ գնաճը (2010թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գնաճը փաստացի եղել է 1,8%), ապա իրականում 2011թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը պետք է ավելի մեծ լիներ, քան նոյեմբերինը։ Սակայն թեև բոլոր թվերը և շուկայում տեղի ունեցող զարգացումները հուշում են բարձր գնաճի մասին, ԱՎԾ-ն թվերի մանիպուլյացիայի միջոցով ստացել է 4,7% գնաճ, որը տեղավորվել է պետբյուջեով նախանշված թիրախային ցուցանիշի 4±1,5% շրջանակում:
Բացի մանիպուլյացիայից՝ առկա է մեթոդաբանության խնդիր։ Հայաստանում ԱՎԾ-ն, ըստ գործող մեթոդաբանության, գների դիտարկումը կատարել էր դեկտեմբերին 20-ին՝ 470 անվանում ապրանք-ծառայությունների գծով, մինչդեռ գներն առավել բարձրանում են դեկտեմբերի վերջին տասնօրյակում: Այդ թանկացումները, ըստ մեթոդաբանության, հաշվի կառնվեն միայն այս տարվա հունվարի գնաճի հաշվարկման ժամանակ։
Գուրգեն Մարտիրոսյանը երեկվա ասուլիսին ասել է, որ դեկտեմբերի 20-ից հետո որոշ թանկացումներ են նկատվել գյուղմթերքի գծով՝ լոլիկ, վարունգ, ներմուծված մրգեր, գազար, կանաչեղեն:
Ըստ էության՝ ԱՎԾ-ն գնաճը հաշվարկելիս չի տեսել նախատոնական գների աճը, արդյունքում տարեկան գնաճը ստացվել է Կառավարության համար բավական հաճելի։ Պետք է հաշվի առնել, որ թղթի վրայի և իրական գնաճի միջև շեղումը ոչ թե մասնագիտական թերացում է, այլ հրամայական։ Վիճակագիրները պրոֆեսիոնալ են և նվիրված են իրենց գործին, բայց նրանց առջև խնդիր էր դրված՝ տարվա կտրվածքով թղթի վրա ապահովել գների նվազում։ Խնդիրն այն է, որ անցած տարի Կառավարության և ԿԲ-ի բոլոր ջանքերն ուղղված էին ոչ թե տնտեսական աճի խթանմանը, այլ գնաճի զսպմանը։ Իրականացված կոշտ դրամավարկային և զսպված հարկաբյուջետային քաղաքականության արդարացման միակ գործոնը ցածր գնաճն է։
Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում գնաճն իրականում պայմանավորված է առաջարկով, այլ ոչ թե պահանջարկով, Կառավարության և ԿԲ-ի մոնետար գործիքակազմի ազդեցությունը գնաճի վրա նվազագույն է։ Մյուս կողմից՝ կոշտ քաղաքականության արդյունքում Կառավարությունը վնասել է տնտեսական աճին, մասնավորապես պարտատոմսերի եկամտաբերության աճը տնտեսապես ոչ շահավետ է դարձրել կորպորատիվ պարտատոմսերի թողարկումը և «սպանել է» արժեթղթերի շուկան։
2011թ. թիրախային ցուցանիշի շրջանակում ցածր գնաճը Կառավարությանը նաև անհրաժեշտ է այն տեսակետից, որ անցած երկու տարին՝ 2009թ. և 2010թ., գնաճը դուրս էր այդ շրջանակից և կազմել էր համապատասխանաբար 6,5% և 9,4%։ Երրորդ տարին անընդմեջ բարձր գնաճը կապացուցեր Կառավարության անգործունակությունը:
Մի խոսքով՝ Կառավարությանը ձեռք է մեկնել ԱՎԾ-ն։
Civilnet











