Խաղում ենք բացահայտումներ
Եթե այդքան մաքուր մարդ էր նստած Արդարադատության նախարարությունում, ինչո՞ւ եք հասարակությանը զրկում իր հրեշտակի հետ դատական խնդիրները լուծելու հույսից: Երրորդ՝ էթիկան անհատական ընկալում է, դուք ինչպե՞ս եք այն տարածելու բոլորի վրա, նույնիսկ եթե տարածվում է, այն միշտ վիճարկվող է:
Չորրորդ՝ դուք գրում եք, որ հանձնաժողովը պետք է ձևավորվի հասարակությանը հայտնի անձանցից, ու չեք մասնավորեցնում, թե հատկապես ովքե՞ր են այդ հայտնի մարդիկ: Էթիկան ինձ թույլ է տալիս մտածել, որ դրանցից մեկը, առնվազն, արդարադատության փոխնախարարը չէ: Իսկ հիմա ո՞ւր է արդարադատության արդեն նախկին փոխնախարարը:
Հասկանո՞ւմ եք, ոչ ոք չի կարող ասել, թե բարոյական ի՞նչ բարձր հատկանիշներով են օժտված հանձնաժողովի բոլոր անդամները: Բայց չի կարող ասել ոչ թե այն պատճառով, որ նրանք այդ հատկանիշները չունեն, այլ որովհետև դրանք չեն թմբկահարվում: Եվ եթե իշխանությանը տեսանելի են հանձնաժողովի անդամների բարոյական բարձր հատկանիշները, ապա հասարակության դիրքերից իշխանության հատկապես ի՞նչն է տեսանելի՝ կոռումպացվածությունը, ստախոսությունը, անպատժելիությունը, մեծամտությունը և կարեկցանքի բացակայությունը:
Եթե հանձնաժողովը մտադիր է բացահայտել բարձրաստիճան պաշտոնյաների շահերի բախումը, ինչպես գրված է օրենքում, նախ ո՞վ է ձևակերպելու այդ շահերը: Իսկ գիտե՞ք, որ այդ շահերը թելադրվում են: Գիտե՞ք, թե ով է թելադրում: Այո՛, հանձնաժողովի անդամներին նշանակող մարդը, որը կուսակցական է:
Հինգերորդ՝ նախատեսված է, որ հանձնաժողովը պետք է վերահսկի պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերը: Ինչո՞ւ են ՊԵԿ-ի կամ ոստիկանության իրավասությունները դրվել հանձնաժողովի վրա: Պատկերացնո՞ւմ եք, թե դրանից հետո ինչ հակամարտություն կարող է ծավալվել ՊԵԿ-ի և էթիկայի հանձնաժողովի միջեւ: Առաջինն ասում է, որ, դիցուք, Գալուստ Սահակյանի աշխատավարձն ու ընթացիկ ծախսերը միմյանց չեն բռնում, մյուսն ասում է՝ բռնում են:
Ո՞վ է լինելու այդ երկուսի դատավորը: Ինչպե՞ս են այդ մարդիկ իրենց բացահայտումներով հարվածի տակ դնելու իրենց աթոռները: Ովքե՞ր են նրանք: Եվ մի՞թե նրանց աչքի առաջ չէ հայտնի օրինակը՝ պետավտոտեսչությունում բենզինի գործով կատարված չարաշահումները բացահայտեց ոչ թե Վերահսկիչ պալատը, այլ հենց ոստիկանությունը:
Այստեղից էլ հստակ է դառնում հետեւյալը՝ նրանց կասեն՝ ում բացահայտել, ինչը բացահայտել, երբ բացահայտել: Իսկ ասողը, մենք արդեն գիտենք, լինելու է նրանց նշանակողը կամ նշանակողին առընթեր մարդիկ: Որովհետեւ ի՞նչ է նշանակում՝ էթիկայի անկախ հանձնաժողով է ձեւավորում ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող հանրապետականը: Պարզ չէ՞, թե ում վրա է իր պատկերացրած էթիկան նաղդելու այդ հանձնաժողովը: Եվ ի դեպ, հետադարձ ուժ ունի՞ այս հանձնաժողովի գործունեությունը: Թեպետ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հետադարձ ուժի սուբյեկտ չէ, նա ընդմիշտ է:
Թեմա
Մհեր Արշակյան










