
Քարածխի այրումից կրկնակի շատ СО2 գազ է արտանետվում մթնոլորտ, քան գազի այրումից։ Սակայն քարածուխը հարաբերականորեն էժան վառելիք է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ դրա պաշարները կան:
ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզի քարածխի հանքավայրի շահագործման արդյունքում քարածխի ինքնարժեքի հիմնական մասը կկազմեն տրանսպորտային ծախսերը, ընդ որում՝ այդ ծախսերի զգալի մասը բաժին է ընկնելու ավտոմոբիլային փոխադրումներին։ Նախ՝ Մաղավուզից քարածուխը նախատեսվում է բեռնատարներով տեղափոխել Սոտք՝ Քարվաճառի ավտոճանապարհով, իսկ Սոտքից՝ երկաթուղով Երևան։ Մոտավոր հաշվարկներով՝ մինչև Սոտք 1 տոննա քարածխի տեղափոխման ծախսը կկազմի մոտ Դ10 հազ., մոտ Դ3 հազ. էլ կծախսվի երկաթուղով Երևան տեղափոխելու համար։
Եթե նույնիսկ տրանսպորտային ծախսերը կազմեն Երևանի ջէկ հասած քարածխի գնի կեսը՝ Դ13 հազ., և 1 տոննայի գինը կազմի Դ26 հազ., միևնույն է, քարածխով արտադրվելիք էլեկտրաէներգիան ավելի էժան կլինի, քան գազով արտադրվողը։
1 տոննա քարածխի այրումից հնարավոր է ստանալ 2 հազ. ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը նշանակում է, որ 1 ԿՎտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրությունում վառելիքի ծախսը կկազմի Դ13։ Եթե հաշվի առնենք Երևանի ջէկի ընթացիկ ծախսերը, շահույթը, ինչպես նաև այն, որ բոլոր հաշվարկները մոտավոր են, ապա 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի գինը չի գերազանցի Դ20-ը։ Համեմատության համար նշենք, որ ներկայում «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» կողմից գազի այրումով արտադրվող 1 ԿՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը կազմում է Դ28,8 և համարվում է ամենաթանկը Հայաստանի էներգահամակարգում։
Քարածուխ՝ ուրանի փոխարեն
Անկախ էկոլոգիական հետևանքներից՝ Երևանի ջէկի 100 Մվտ դրվածքային հզորությունների շահագործումը կբարձրացնի հանրապետության էներգետիկ անվտանգությունը։ Չի բացառվում, որ չոր վառելիքով ջէկի դրվածքային հզորությունների գործարկմամբ իշխանությունները նախապատրաստվում են նաև Մեծամորի ատոմակայանի հնարավոր փակմանը (շահագործման ժամկետն ավարտվում է 2016թ.)։
Իհարկե, իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Մեծամորի ատոմակայանը շահագործումից կհանվի միայն համապատասխան դրվածքային հզորությունների առկայության պայմաններում, այսինքն՝ նոր միջուկային էներգաբլոկի շահագործումից հետո, սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ 1060 Մվտ դրվածքային հզորությամբ նոր միջուկային էներգաբլոկը չի շահագործվի 2016թ., քանի որ մի կողմից այդպես էլ չի լուծվել ներդրումների հարցը՝ ավելի քան $5 մլրդ, մյուս կողմից՝ շինաշխատանքների համար անհրաժեշտ է 5-7 տարի։
Իհարկե, Մեծամորի ատոմակայանի շահագործումը երկարաձգելու համար նախնական գնահատականներով կպահանջվի $150 մլն, բայց պետք է հաշվի առնել, որ Եվրամիությունն անընդհատ դեմ է արտահայտվում Մեծամորի ատոմակայանի շահագործմանը և պարբերաբար կոչ է անում այն նախատեսվածից շուտ շահագործումից հանել։
Եվրամիությունը դեռ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել Մեծամորի ատոմակայանի շահագործման հնարավոր երկարաձգման վերաբերյալ, քանի որ Հայաստանի կողմից նույնպես պաշտոնական հայտարարություն չի եղել շահագործումը երկարաձգելու մասին։ Չի բացառվում, որ երբ 2013թ. Հայաստանի իշխանությունները քննարկեն շահագործման ժամկետի երկարաձգման հարցը, Եվրամիությունը սպառնա պատժամիջոցներ կիրառել և Հայաստանի իշխանություններին ստիպի գնալ զիջումների, ինչի համար անհրաժեշտ կլինի ունենալ լրացուցիչ դրվածքային հզորություններ։
Ներկայում Մեծամորի ատոմակայանը տարեկան արտադրում է մոտ 2,5 մլրդ ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա և բավարարում է ընդհանուր պահանջարկի մոտ 40%-ը: Այդ ծավալը հնարավոր է փոխարինել Երևանի ջէկի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանով, չոր վառելիքով աշխատող երկու բլոկներով և Հրազդանի ջէկի 5-րդ էներգաբլոկով։ Իհարկե, այս սցենարի դեպքում որոշակիորեն կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը վերջնական սպառողի համար, բայց էներգահամակարգում լուրջ խնդիրներ չեն լինի։
Այնուամենայնիվ, Մաղավուզի քարածխի հանքի պաշարների ծավալի մասին առայսօր չի հայտարարվել: Եթե դրանք մեծ չեն, ապա ատոմակայանի շահագործումը կամ նորի կառուցումը երկարաժամկետ կտրվածքում չի ունենա այլընտրանք:
Civilnet











