Գլխավոր Լրահոս

Ծովը կապ չունի

Վրաստանի Ազգային զբոսաշրջային գործակալությունը նախօրեին հրապարակել է 2011թ. այդ երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը՝ 2,8 մլն հոգի, որից 700 հազարը՝ Հայաստանից: Ակնկալվում է, որ 2011թ. Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կլինի շուրջ 800 հազար, փաստորեն գրեթե նույնքան, որքան Հայաստանից մեկնողներինը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ամեն տարի Հայաստանից Վրաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 20 տոկոսով ավելանում է:

Երեկ հրավիրված ասուլիսին Հայաստանի ներգնա տուրօպերատորների ասոցիացիայի հիմնադիր Մարինե Կպրյանը հայտարարել է, որ միտում չի տեսնում, որ արտերկրից զբոսաշրջիկներ գան ու ամանորյա տոներն ու հանգիստն անցկացնեն Հայաստանում: Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ ասել է, որ Հայաստանում նորմալ վայրում հանգստանալու համար 4-6-օրանոց փաթեթը 4-հոգանոց ընտանիքի համար տատանվում է 2-4 հազար դոլարի սահմաններում:

Ուշագրավ է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ զբոսաշրջային ենթակառուցվածքները շատ ավելի զարգացած են, հայաստանցի 4-հոգանոց ընտանիքը կարող է հանգստանալ նույնիսկ ավելի քիչ գումարով, քան սեփական երկրում: (Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում միջին աշխատավարձը շուրջ 300 դոլար է, պարզ է, որ հայաստանյան միջին ընտանիքը չի կարող մտածել հանգստանալու, առավել ևս՝ սեփական երկրում հանգստանալու մասին):

Իհարկե, Հայաստանը շատ հեռու է ԱՄԷ-ի չափ զբոսաշրջային հրապուրիչ վայր դառնալուց, սակայն փաստը, որ տարեցտարի ավելի շատ հայաստանցիներ ոչ միայն իրենց ամառային, այլև ձմեռային հանգիստը նախընտրում են անցկացնել հարևան Վրաստանում, պետք է լուրջ հետևությունների տեղիք տա զբոսաշրջային քաղաքականության պատասխանատուներին:

Եթե ամառային արձակուրդը Վրաստանում անցկացնելու հայաստանցիների ձգտումը պայմանավորված է ծովով, անհասկանալի է ձմեռն այնտեղ գնալու միտումը: Թերևս ոչ էլ անհասկանալի է...

Վրաստանում հայաստանցիներին գրավում են ոչ միայն ավելի էժան ծառայությունները, այլև ավելի քիչ կոռուպցիան, բարեկիրթ ոստիկաններն ու Կովկասում իրական Եվրոպային ավելի մոտ լինելը: Եթե հայերն իրենց Ամանորն անցկացնում են Թբիլիսիում, ինչու վրացիները դա չեն անում Երևանում:

Այս հարցի պատասխանը բնության զանազանության և ծովի հետ թերևս կապ չունի: Պատճառները պետք է փնտրել ներսում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում