2011թ. զեկույցում Հայաստանը տնտեսական ազատության մակարդակով 36-րդն էր (69,7 միավոր), 2010թ.՝ 38-րդը (69,2 միավոր), իսկ 2009թ.՝ 31-րդը (69,8 միավոր): Եվրոպական տարածաշրջանի 43 պետություններից Հայաստանը տնտեսական ազատության առումով 19-րդ տեղում է։ Հարևան Վրաստանը աշխարհի 179 երկրների շարքում տնտեսական ազատության ցուցանիշով զբաղեցրել է 34-րդ տեղը (69,4 միավոր), Ադրբեջանը՝ 91-րդ տեղը (58,9 միավոր), Թուրքիան՝ 95-րդը (58,6 միավոր), Ռուսաստանը՝ 144-րդը (50,5 միավոր), Իրանը՝ 171-րդը (42,3 միավոր)։
Տնտեսական ազատության վարկանիշը հիմնվում է տասը տնտեսական ցուցիչների վրա, որոնց քանակական միջինացված հաշվարկի միջոցով տրվում է զեկույցում ներառված երկրների տնտեսական ազատության ամփոփիչ վարկանիշը: Այդ ցուցանիշները ներառում են գործարար ազատությունը, առևտրի ազատությունը, հարկաբյուջետային ազատությունը, կառավարության՝ պետական միջոցները ծախսելու ազատությունը, դրամավարկային ազատությունը, ներդրումային ազատությունը, ֆինանսական ազատությունը, սեփականության իրավունքի պաշտպանվածությունը, ազատությունը կոռուպցիայից և աշխատանքային ազատությունը:
Տվյալ երկրի տնտեսական ազատության ամփոփիչ ցուցիչը սահմանվում է 0-100 միավոր սանդղակով, որտեղ 100 միավորը համարվում է ազատության բարձրագույն ցուցանիշ: Տնտեսության ազատականացման աստիճանավորման արդյունքում ազատ են այն երկրների տնտեսությունները, որոնք ստացել են 80-100 միավոր։ Հիմնականում ազատ տնտեսություն ունեցող երկրների գնահատականն է 70-79,9, չափավոր ազատ՝ 60-69,9, հիմնականում ոչ ազատ՝ 50-59,9, ճնշված՝ 0-49,9:
Հայաստանը երեք ցուցիչներով բարելավել է դիրքերը՝ բիզնեսի, աշխատանքի և հարկաբյուջետային ազատությունների մասով: Սեփականության պաշտպանության, ներդրումների պաշտպանության և ֆինանսական միջոցների հասանելիության մասով դիրքերը մնացել են անփոփոխ: Կոռուպցիայի, դրամավարկային և առևտրի ազատության և պետական ծախսերի կառավարման ցուցիչներով Հայաստանը նահանջել է:
Ուշագրավ է, որ կոռուպցիայից ազատության ցուցիչով հետընթացը կազմել է 5 կետ. նախորդ տարվա 123-րդ տեղից Հայաստանը նահանջել է մինչև 128-րդ տեղը: Հատկապես լուրջ նահանջ է եղել պետական ծախսերի կառավարման մասով՝ 38-րդ տեղից մինչև 61-րդը:
Civilnet











