
Անցած տարվա նոյեմբերի վերջին ԱԺ-ն ընդունեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության ներկայացրած օրինագիծը, ըստ որի՝ 2012թ. հունվարի 1-ից տեղական արտադրության գարեջրի ակցիզային հարկը բարձրացվում էր 50%-ով և հավասարեցվում ներմուծվողին (30%, բայց ոչ պակաս, քան 1 լ-ի համար Դ105), իսկ ավտոմոբիլային յուղերը դառնում էին ենթաակցիզային ապրանք (ակցիզային հարկի դրույքաչափը՝ 10%, բայց ոչ պակաս, քան Դ400/1 կգ):
Պատգամավորները հապճեպ ընդունեցին փոփոխությունների փաթեթը: Այդ մասին վկայում է թեկուզ քվեարկության ընթացքը։ Օրինակ՝ «Երևան գարեջուր» ընկերության (արտադրում է «Կիլիկիա» գարեջուրը) սեփականատեր, պատգամավոր Հակոբ Հակոբյանը և «Գյումրի-Գարեջուր» (արտադրում է «Գյումրի» գարեջուրը) ընկերության սեփականատեր, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը «կողմ» քվեարկեցին իրենց բիզնես շահերից չբխող օրենքի նախագծին։ Ամենայն հավանականությամբ՝ նրանք չեն ընդդիմացել Կառավարությանը, քանի որ 1լ գարեջրի ակցիզային հարկի ավելացումը Դ35-ով լրջորեն չի ազդի շահույթների վրա և ավելացումը կփոխանցվի սպառողների ուսերին։ Կամ էլ գործարար-պատգամավորների վրա որոշակի ճնշում է եղել օրինագծին կողմ քվեարկելու համար:
Ինչպես և սպասվում էր, տարեսկզբից արդեն տեղական արտադրության գարեջուրը թանկացել է Դ20-30-ով: Օրինակ՝ «Գյումրի» (0,5 լ) գարեջուրը սուպերմարկետներում վաճառվում է Դ360-ով, «Կիլիկիա»-ն՝ Դ330-ով։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ 15,5 մլն լ գարեջուր, ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման արդյունքում պետբյուջե կմուտքագրվի լրացուցիչ ավելի քան Դ0,5 մլրդ։
Ավտոմոբիլի շարժիչի յուղը ենթաակցիզային ապրանքների շարքում դասելով և ակցիզային հարկի դրույքաչափը սահմանելով 10%, բայց ոչ պակաս, քան Դ400/1 կգ՝ Կառավարությունը նպաստել է նրան, որ 1 լ յուղը՝ կախված տեսակից, թանկանա Դ500-900-ով: Ըստ էության՝ ակցիզային հարկի պատրվակով յուղ ներկրողները և վաճառողները գները ոչ համաչափ են բարձրացրել։
Հայաստանում շահագործվում է ավելի քան 380 հազ. ավտոմեքենա: Կոպիտ հաշվարկով՝ միջին վարորդը տարեկան երկու անգամ փոխում է շարժիչի յուղը՝ միջինը օգտագործելով 8 լ (2x4): Այս հաշվարկի դեպքում ստացվում է, որ յուղերի ակցիզային հարկից պետբյուջե կմուտքագրվի շուրջ Դ1,2 մլրդ, իսկ ներկրողների և վաճառողների լրացուցիչ եկամուտները ոչ համաչափ բարձրացման արդյունքում կկազմեն մոտ Դ1 մլրդ։
Փաստորեն, «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությունն առաջին հերթին ընկնելու է վերջնական սպառողի ուսերին:
Civilnet











