Աշխարհում էլեկտրոնային առևտրի ծավալը 2011թ. գնահատվում է $680 մլրդ (աղբյուրը՝ Invesp.com): Կանխատեսվում է, որ 2015թ. այդ թիվը կհասնի $1,5 տրլն-ի: ԱՄՆ-ում այն հասնում է $187 մլրդ-ի, Գերմանիայում՝ $36 մլրդ-ի: Ռուսաստանում էլեկտրոնային առևտրի ծավալը դինամիկ աճում է և հասել է մոտ $800 մլն-ի, Ուկրաինայում՝ $500 մլն-ի:
Էլեկտրոնային առևտուրը սկիզբ է առել 1960-ական թթ. վերջերին: Ավելի ճիշտ՝ էլեկտրոնային առևտրի սկիզբը համարվում է 1970թ., երբ ԱՄՆ-ում ի հայտ եկան Համակարգչային ցանցի միջոցով տվյալների փոխանակման (EDE, Electronic Data Exchange) և Բանկերի կողմից համակարգչային ցանցերով գումարների էլեկտրոնային փոխանցման (EFT, Electronic Fund Transfer) համակարգերը: Սակայն էլեկտրոնային առևտուրը միայն վերջին տասնամյակում դուրս եկավ բանկային ոլորտից և լայն զարգացում ապրեց: Դա պայմանավորված է ինտերնետի զարգացմամբ:
Ներկայում էլեկտրոնային առևտուր ասելով՝ հասկանում են առևտրային գործարքների իրականացումը էլեկտրոնային կապի միջոցով: Ընդ որում՝ գործարքն իրականացվում է առցանց ռեժիմով (ինտերնետով):
Խոչընդոտներ Հայաստանում
Հայաստանում էլեկտրոնային առևտուր կարելի է իրականացնել սահմանափակ կայքերի միջոցով: Այն էլեկտրոնային կայքերը, որտեղ պարզապես հայտարարություններ են տպագրվում, էլեկտրոնային առևտրի մասնակից չեն համարվում, քանի որ թեև դրանք օգնում են ինտերնետի միջոցով գտնել անհրաժեշտ ապրանքը, սակայն ապրանքի առաջխաղացումը (մատակարարումը) չի իրականացվում ինտերնետի միջոցով:
Հայաստանում տարածված է հանրահայտ ebay.com և amazon.com կայքերի միջոցով առևտուրը: Երկուսն էլ առաքումն իրականացնում են փոստային համակարգի միջոցով: Սակայն Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման հարցում առկա են էական խոչընդոտներ: Օրինակ՝ ֆիզիկական անձանց թույլատրվում է առանց մաքսատուրք վճարելու միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրել մինչև 20 կգ և մինչև Դ150 հազ. ընդհանուր արժեքը չգերազանցող բեռ, սակայն՝ 180 օրը մեկ անգամ: Նման քանակական, ժամկետային և արժեքային սահմանափակումները լուրջ խոչընդոտ են արտասահմանյան կազմակերպությունների հետ էլեկտրոնային առևտրի համար:
Ներքին շուկայում նույնպես չկարգավորված հարցեր կան: Այսպես՝ կարգավորված չէ, թե ինչ վճարային փաստաթուղթ պետք է ներկայացնել հարկային մարմնին, եթե ապրանքի կամ ծառայության համար վճարումն իրականացվել է էլեկտրոնային տարբերակով: Ըստ օրենսդրության՝ վճարային փաստաթղթերն օրինական են միայն այն դեպքում, երբ դրանց վրա առկա են գործարք իրականացնող բոլոր կողմերի ստորագրությունները, բայց եթե գնորդը ստորագրելու համար պարտադիր պետք է ժամանի մատակարարի մոտ, էլեկտրոնային առևտրի կարևոր առավելությունը կորչում է:
Նույնիսկ այն դեպքերում, երբ վճարումն իրականացվում է կանխիկ (գնորդը վճարում է կանխիկ՝ իր հասցեում ապրանքը ստանալիս), հայտնի չէ, թե ինչպես պետք է տրամադրել ՀԴՄ կտրոն, քանի որ յուրաքանչյուր ՀԴՄ սարք ամրագրված է տվյալ տարածքում գործունեություն իրականացնող կոնկրետ իրավաբանական անձի:
Էլեկտրոնային առևտրի իրականացման համար լուրջ խոչընդոտ է դիտարկվում նաև Visa միջազգային քարտերի օգտագործման անհնարինությունը: Օրինակ՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկները գործնականում չեն կարողանում հյուրանոցներում, էլեկտրոնային գործարք իրականացնելիս, օգտվել այդ միջազգային քարտերից, քանի որ հայաստանյան բանկերը չունեն Visa ընկերության լիցենզիաներից մեկը՝ Visa International e-commerce license-ը:
Լիցենզիայի բացակայության պատճառով արտասահմանից Հայաստանի հետ էլեկտրոնային առևտուր իրականացնելիս ֆինանսական գործարքները մերժվում են, քանի որ Հայաստանը որակվում է «ոչ վստահելի»: Որպես այլընտրանք՝ հայկական ընկերությունները թղթակցային հաշիվներ են բացում արտասահմանյան բանկերում և դրանց միջոցով են իրականացնում գործարքները:
Էլեկտրոնային առևտրի խոչընդոտների վերացման ուղղությամբ մի շարք քննարկումներ ու խորհրդակցություններ են անցկացվել, ստեղծվել է հատուկ միջգերատեսչական հանձնաժողով: Առկա են մի շարք նախնական համաձայնություններ, սակայն թե երբ դրանք առարկայական տեսք կստանան, հայտնի չէ:
Civilnet











