Շարժվել գետի հունին հակառակ
Երեկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ ոստիկանության համակարգում շարունակվող կադրային փոփոխությունները պայմանավորված են աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: «Համակարգի ուռճացվածությունը իջեցնելով՝ ավելի լավ կաշխատի այս կառույցը, կադրերի ջարդը բերում է արդյունավետության»,– ասել է նա (Mediamax.am):
Ոստիկանապետի հայտարարությունը, որ կադրային ջարդը բերում է արդյունավետության, այնքան էլ համոզիչ չէ: Եթե կադրային փոփոխությունները պայմանավորված են որոշակի հայեցակարգով, բարեփոխումների տրամաբանությամբ, որոնց հիմքում ոստիկան լինելու որոշակի չափանիշներ են դրված, այո՛, փոփոխություններն արդյունավետ կարող են լինել:
Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի ոստիկանական համակարգում կադրային փոփոխություններն առավելապես պայմանավորված են եկող և գնացող ոստիկանապետների և նրանց վերադասերի անձնական պատկերացումներով ու նախասիրություններով: Գուցեև պարոն Գասպարյանը լավ մենեջեր է, որի կատարած փոփոխությունների արդյունքում բարձրանալու է համակարգի արդյունավետությունը, բարելավվելու է ոստիկանի կերպարը:
Սակայն համակարգում փոփոխությունները չպետք է հիմնվեն գուցե-ների վրա, քանի որ գուցե այդ փոփոխությունները կատարվում են ոչ թե պետությանը, այլ անձերի կամ անձանց խմբերի ծառայելու տեսանկյունից, գուցե դրանք արվում են, որ թմրամոլներ հայտնաբերվեն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է:
Ամեն անգամ բարի նախանձով ստիպված ենք լինում վկայակոչել ոստիկանական բարեփոխումները Վրաստանում: Այդ երկրում համակարգի փոփոխությունները ոստիկանապետների անձերով չէին պայմանավորված: Փոփոխությունների ազդակները եկան վերևից և ներքևից ու կատարվեցին հասարակության կամքով: Հայաստանում առաջին ազդակը բացակայում է:
Ոստիկանապետի պատկերացրած «միլիցա-պեպելնիցայի» կերպարից կարելի է ազատվել միայն այն դեպքում, երբ որ համակարգը փոփոխությունների արդյունքում ծառայի ոչ թե իշխանություններին, այլ պետությանն ու հասարակությանը:
Այստեղ հարկավոր է շարժվել գետի հունին հակառակ:
Civilnet










