Թեժ փետրվարի ակնկալիք

«Ժառանգություն»-ը չի բացառում նախընտրական դաշինքն «Ազատ դեմոկրատներ»-ի հետ
«Շատ են դեպքերը, երբ մեր հայտարարություններին և առաջարկություններին «Ազատ դեմոկրատներ»-ը դրական են արձագանքել, ինչը թույլ է տալիս ասել, որ մենք կարող ենք ունենալ համագործակցության եզրեր»,– Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ մեկնաբանելով «Ժառանգության» հետ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագործակցության մասին այդ կուսակցության անդամ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հայտարարությունը:
Ալեքսանդր Արզումանյանը նախօրեին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է «Ժառանգության» հետ հնարավոր համագործակցությանը՝ նշելով, որ համագործակցության ձևերը պարզ կլինեն մոտ ժամանակներում:
Հարցին, թե որքանով է հնարավոր «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքը խորհրդարանական ընտրություններից առաջ, Ստյոպա Սաֆարյանը պատասխանել է, որ ընտրություններից առաջ դաշինքներ և ճակատներ կազմելու հարցին հստակ պատասխան չեն տա, քանի որ պատրաստվում են դրանց անդրադառնալ կուսակցության՝ փետրվարին կայանալիք արտահերթ համագումարում:
Civilnet










