1990-1991. հայկական ժողովրդավարության աստեղային ժամը 1990-1991 թթ. մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում, որը դե յուրե դեռ հոգեվարք ապրող Խորհրդային Միության կազմում էր և որևէ երկրի կողմից չէր ճանաչվել, անցկացվեցին համապետական երեք ընտրություններ՝ նախ խորհրդարանական, ապա անկախության հանրաքվե և նախագահական ընտրություններ: Այսօրվա ընկալումով, այդ ընտրություններից և ոչ մեկը չէր դիտարկվում միջազգային կառույցների կողմից, թեկնածուների համար ստեղծվել էին համեմատաբար հավասար պայմաններ, չկար ընտրակաշառք, չկային լցոնումներ, ընտրական գործընթացում հաստավիզները ու թաղային հեղինակությունները դեռ չէին ներգրավվել, իսկ պայքարը գերազանցապես քաղաքական էր:
Պայքար էր հնի ու նորի, տոտալիտարիզմի և ժողովրդավարության, Մոսկվայից կառչած նոմենկլատուրայի և անկախության ձգտողների միջև: Այս առումով նորաստեղծ Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ) շահեկան դիրքում էր կոմունիստների նկատմամբ: Հավանաբար այդ առավելությունն էր նաև պատճառը, որը ՀՀՇ-ն խրտնում էր ընտրակեղծիքների դիմելուց: Ի՞նչ իմաստ ունի դիմել նման քայլերի, երբ հաղթանակն անխուսափելի է: Կոմկուսից և ՀՀՇ-ից բացի՝ Հայաստանում մինչև հանրապետության անկախության հռչակումը գործում էին մի քանի այլ քաղաքական և ռազմաքաղաքական ուժեր՝ Պարույր Հայրիկյանի Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ), Վարդան Վարդանյանի և Ռազմիկ Վասիլյանի Հայոց ազգային բանակը (ՀԱԲ), Աշոտ Նավասարդյանի Հանրապետական կուսակցությունը, Հրանտ Խաչատրյանի Սահմանադրական իրավունք միությունը (ՍԻՄ), երեք ավանդական կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՀՌԱԿ-ը և ՍԴՀԿ-ն, ապա նաև Ազգային ժողովրդավարների միությունը (ԱԺՄ) և այլ ուժեր:
1990թ. մայիսին, ապա և հունիսին (երկրորդ փուլ) կայացած Գերագույն խորհրդի ընտրություններն անցկացվեցին բացառապես մեծամասնական ընտրակարգով, ՀՀՇ-ն և կոմունիստները ստացան մոտավորապես հավասար թվով տեղեր: ՀՀՇ-ն, ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, ստանձնեց խորհրդարանի և փաստացի նաև՝ երկրի կառավարումը: Խորհրդարանի ձևավորումից որոշ ժամանակ անց հիմնականում կոմունիստական և ՀՀՇ-ական խմբերից ձևավորվեցին մի քանի ներկայացուցչական խմբակցություններ՝ ՀՅԴ, ՀՌԱԿ, ԱԺՄ:
Արդյունքում ՀՀՇ-ն խորհրդարանի ամենամեծ ուժն էր, սակայն չուներ որակական մեծամասնություն, ինչի շնորհիվ Գերագույն խորհրդում իրական քաղաքական պայքար էր գնում: Խորհրդարանական ընտրությունների առաջին և երկրորդ փուլերի ընթացքում՝ մայիսի 27-ին, Երևանում՝ նախ երկաթուղային կայարանի, ապա Էրեբունիի տարածքում, գրանցվեց բախում, որին զոհ գնացին ավելի քան երկու տասնյակ հայ քաղաքացիական անձինք: Ընդհանուր ընկալումն այն է, որ սադրանքը հրահրել էին Մոսկվայից, որպեսզի կանխեն ՀՀՇ-ի հաջողությունն ընտրությունների երկրորդ փուլում:
1991թ. սեպտեմբեր 21-ին Հայաստանում կայացավ Անկախության հանրաքվե: Ընտրական իրավունք ունեցող բնակչության շուրջ 94,5 տոկոսը մասնակցեց, ավելի քան 99 տոկոսն «այո» ասաց անկախ, ազատ և ինքնիշխան պետություն ունենալու հայ ժողովրդի երազանքին: Այս արդյունքն անակնկալ էր անգամ անկախության կողմնակիցների համար, քանի որ Հայաստանում դեռ ուժեղ էին ԽՍՀՄ-ը պահպանելու կողմնակից կոմունիստներն ու ռուսախոս հայ մտավորականությունը:
Սեպտեմբերյան հանրաքվեից մեկ ամիս առաջ օգոստոսի 19-21-ի Մոսկվայի ձախողված հեղաշրջման փորձը ամենաուժեղ ազդեցությունը թողեց հանրաքվեի արդյունքների վրա: Խորհրդային Միության պահպանմանը կողմնակից ամենաուղղափառ հայերն անգամ հասկացան, որ դա վերջն է, հսկայական տերությունը քանդվում է, և անկախությունն ինքն է չոքում քո առաջ:
1991թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանում կայացան նախագահական առաջին ընտրությունները: Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշն այնքան բարձր էր, որ նա անգամ քարոզարշավ չարեց: Տեր--Պետրոսյանը հաղթեց առաջին փուլով՝ ստանալով քվեների շուրջ 83 տոկոսը: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ստացավ 7 տոկոս, իսկ սիրված դերասան, ՀՅԴ թեկնածու Սոս Սարգսյանը՝ 4,3 տոկոս: Ընտրություններին մասնակցում էին նաև հրապարակախոս Զորի Բալայանը (0,45 տոկոս ձայն), ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը (0,39 տոկոս) և Հանրապետական կուսակցության ղեկավար Աշոտ Նավասարդյանը (0,16 տոկոս): Միասին թերթենք մեր ոչ հեռավոր անցյալի պատմության անմոռանալի էջերը:
Թաթուլ Հակոբյան











