Այս երկու գործարքների արդյունքում «Ռոստելեկոմ»-ը Հայաստանի լայնաշերտ ինտերնետի շուկայում կունենա առնվազն 13% մասնաբաժին։ Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ GNC-Alfa-ն և Ucom-ը պատկանում են մեկ սեփականատիրոջ՝ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին: Ի դեպ՝ Filor Ventures Ltd-ի մասին որևէ տեղեկատվություն ինտերնետում չկա։
Անցած տարվա վերջին Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը «Օրակարգ»-ին տված հարցազրույցում հերքել էր ընկերության հնարավոր վաճառքի մասին լուրերը։ «Մենք գալիք տարի պետք է ապահովենք լուրջ ներդրումային հոսքեր, և հնարավոր է՝ այս հանգամանքն է դարձել պատճառ նման տեղեկությունների։ Մենք չենք գնում վաճառքի, նման բան չկա»,– ասել էր Եսայանը։
GNC-Alfa-ի հնարավոր վաճառքի վերաբերյալ լուրերը տարածվել էին դեռ անցած տարվա մայիսին։ «Կոմերսանտ»-ը գրել էր, որ GNC-Alfa-ն գնահատվել է $50-60 մլն, իսկ ընկերության բաժնետերերը ռուսական ՄՏՍ-ին, «Ռոստելեկոմ»-ին և «Տրանստելեկոմ»-ին ուղարկել են առաջարկներ։ Թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, որ հայկական ընկերության ձեռքբերման համար կարող է հայտ ներկայացնել նաև France Telecom-ը:
«Ռոստելեկոմ»-ի մամուլի ծառայությունում «Օրակարգ»-ին ասացին, որ նախապես չեն հայտարարում և չեն մեկնաբանում հնարավոր ձեռքբերման գործարքները։ Ընկերությունում հաստատեցին, որ երեկ (հունվարի 16-ին) տեղի է ունեցել տնօրենների խորհրդի նիստ, որին, սակայն, կոնկրետ ընկերության ձեռքբերման հարց չի քննարկվել։ «Նիստին քննարկվել են ընդհանուր ռազմավարության հարցեր, իրավիճակը ԱՊՀ երկրների հեռահաղորդակցության շուկաներում, ինչպես նաև Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք ուղղությունների զարգացման հարցեր։ Կոնկրետ գործողություններ առանձին ընկերությունների հետ տնօրենների խորհուրդը չի քննարկել»,– ասացին «Ռոստելեկոմ»-ում:
GNC Alfa-ից գործարքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ հնարավոր չեղավ։
Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի մասնակիցներից մեկը, որը չցանկացավ անունը հրապարակել, «Օրակարգ»-ի հետ զրույցում մեկնաբանելով հնարավոր գործարքը, ասաց, որ Հայաստանում ակտիվների ձեռքբերումով «Ռոստելեկոմ»-ը զուտ բիզնես շահեր է հետապնդում և Ռուսաստանում ընդլայնվելուց հետո սկսում է ընդլայնման գործընթացը ԱՊՀ երկրներում։ Այս գործարքով գլոբալ շուկայում կընթանա կոնսոլիդացիա, այսինքն՝ «Ռոստելեկոմ»-ն ընդլայնում է իր մայրուղային ցանցը՝ ցամաքով Պարսից ծոցը կապելով Ռուսաստանի և Եվրոպայի հետ։
Նշենք, որ GNC-Alfa-ն Հայաստանի ինտերնետի երեք մագիստրալ օպերատորներից մեկն է և ելք ունի դեպի Իրան և Վրաստան: Ընկերությունն ապահովված է երեք միջազգային կապուղիներով՝ մեկը՝ հարավում, երկուսը՝ հյուսիսում:
Բիզնեսի ընդլայնման տեսակետից «Ռոստելեկոմ»-ը, գնելով GNC-Alfa-ն, կկարողանա ամբողջականացնել Հյուսիս-Հարավ մագիստրալային սեփական ցանցը՝ Իրանը կապելով Ռուսաստանի հետ: Ռուսական այս ընկերությունը դեռ 2010թ. GNC-Alfa-ի հետ համաձայնագիր էր ստորագրել ՀՀ տարածքում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո ծառայություններ մատուցելու մասին: Համաձայնագիրը նախատեսում է հայաստանյան հաճախորդներին «Ռոստելեկոմ»-ի այնպիսի ծառայությունների տրամադրում, ինչպիսիք են IP-տարանցումը, կորպորատիվ հաճախորդների համար ինտերնետային կապը և կապուղիների վարձակալությունը:
«Ռոստելեկոմ»-ը ներկայում GNC-Alfa-ի հյուսիսային ուղղության տարանցիկ պրովայդերն է, այսինքն՝ Հայաստան ներկրվող ինտերնետը մասամբ ձեռք է բերվում «Ռոստելեկոմ»-ից: Հարավում GNC Alfa-ի ցանցը փոխկապակցված է իրանական TIC (Telecommunication Infrastructure Company) ընկերության ցանցի հետ։
«Ռոստելեկոմ»-ի հիմնական բաժնետերը Ռուսաստանի Կառավարությունն է:
Civilnet











