Ըստ Խալիկյանի՝ Երևանում վերջին երեք ամսում ստուգվել է 15 բենզալցակայան, որոնցից չորսի գործունեությունը կասեցվել է: «Մեկ հորից երեք տեսակի բենզին են վաճառել՝ «ռեգուլյար», «պրեմիում» և «սուպեր»: Նման բենզալցակայանների գործունեությունը կասեցրել ենք»,– ասել է Խալիկյանը:
Նա տեղեկացրել է, որ նման բացահայտումներ տեսչությունը կարողացել է անել շարժական երկու լաբորատորիաների միջոցով, որոնք տեղում ստուգում են վաճառվող բենզինի օկտանային թիվը: Տեսչության պետի խոսքով, սակայն, բենզալցակայանները դիմում են միայն որակական և ոչ քանակական խաբեության, քանի որ «պակաս լիտրերի» վերաբերյալ ո՛չ բողոքներ կան, ո՛չ էլ բացահայտումներ:
Դեռ 2011թ. հունիսին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում սկսված ուսումնասիրության ընթացքում բացահայտել էր, որ այս շուկայում գործող որոշ տնտեսավարողներ թույլ են տվել օրենքի խախտումներ: Այդ ժամանակ հանձնաժողովը որոշել էր վարչական վարույթ հարուցել «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության նկատմամբ: Վերջինը դիզելային վառելիքի և բենզինի շուկաներում գերիշխող դիրք ունի: Հիշյալ ընկերության մասնաբաժինը դիզելային վառելիքի շուկայում 2011թ. կազմել է 40,8%, իսկ բենզինի շուկայում՝ ավելի քան 41,7%:
Շուկայի մյուս գերիշխող ընկերությունը «Ֆլեշ» ընկերությունն է, որին հաշվետու ժամանակահատվածում բաժին է ընկել շուկայի 42,6%-ը։
Civilnet











