Գլխավոր Լրահոս

Կովերը կոկոս չեն կերել

Կովերը կոկոս չեն կերել

Ավելի վաղ ՏՄՊՊՀ-ն «Աշտարակ կաթ»-ից պահանջել էր մեկնաբանել ընկերության արտադրանքի թանկացման պատճառը, ինչին ի պատասխան «Աշտարակ կաթ»-ը հայտնել էր, որ ներմուծվող ապրանքների գներն աճել են: Արդյունքում ուսումնասիրելով մաքսային փաստաթղթերը՝ ՏՄՊՊՀ-ն մեծ քանակությամբ ներմուծվող կոկոսի յուղ էր հայտնաբերել և լաբորատոր հետազոտության արդյունքում պարզել, որ ներմուծվող կոկոսի յուղն օգտագործվել է կաթնամթերքի արտադրության մեջ:

Կառավարության 2006թ. որոշմամբ սահմանվում են կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջները, ըստ որոնց՝ միայն պաղպաղակում կարելի է օգտագործել կոկոսի յուղ: Մասնագիտական գնահատականներով՝ նման բուսական յուղերի օգտագործումը որոշակի բացասական ազդեցություն է թողնում մարդու առողջության վրա:

«Աշտարակ կաթ»-ի տնօրեն Ստեփան Ասլանյանը ՏՄՊՊՀ որոշումից հետո հրավիրված ասուլիսին հայտարարել էր, որ իրենց ընկերության «ցանկացած արտադրանքը պարունակում է այն, ինչ նշված է փաթեթավորման վրա»: Նա նշել էր, որ կոկոսի յուղի օգտագործման դեպքում ընկերությունը կմակնշեր այն, քանի որ ըստ կանոնակարգի՝ դա արգելված չէ:

ՏՄՊՊՀ նախագահի օգնական Արման Մանասերյանը Civilnet.tv-ին տեղեկացրել է, որ «Աշտարակ կաթ»-ն արդեն իսկ ամբողջությամբ վճարել է տուգանքը: «Կարելի է եզրակացնել, որ «Աշտարակ կաթ»-ն ընդունել է իր մեղավորությունը»,– ասել է նա:

«Աշտարակ կաթ»-ում, սակայն, «Օրակարգ»-ին այլ կերպ մեկնաբանեցին տուգանքի վճարումը՝ նշելով, որ դա արվել է՝ համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ըստ որի՝ անկախ այն հանգամանքից, թե «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն կբողոքարկի հանձնաժողովի որոշումները, թե ոչ, ընկերությունը պարտավոր է հնգօրյա ժամկետում կատարել որոշմամբ սահմանված տուգանքի վճարումը:

Ընկերության ուղարկած բացատրությունում նշված է. ««Աշտարակ կաթ» ընկերությունը եղել է ՀՀ օրենքների պահանջների և կանոնակարգումների խիստ հետևողը և շարունակելու է այդպիսին մնալ: «Աշտարակ կաթ» ընկերությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ ընկերության կաթնամթերքի թե՛ «Դասական», թե՛ «Կովիկ» բրենդների ավանդական տեսականիում (կաթ, մածուն, թթվասեր, կաթնաշոռ) իսպառ բացակայում է կոկոսի յուղը: Այն օգտագործվում է միայն այն մթերքներում, որոնց բաղադրության անբաժանելի մասն է կազմում և օրենքով թույլատրելի է՝ պաղպաղակ, սփրեդ, պանրիկներ: Դրա մասին կատարվում է համապատասխան մակնշում վերը նշված մթերքների փաթեթավորման վրա:

Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ դրանում համոզվելու համար կարող է ընկերության կաթնամթերքը փորձաքննության հանձնել ցանկացած արտոնագրված լաբորատորիա: Ընկերությունը պատրաստ է փոխհատուցել փորձաքննության հետ կապված ծախսերը»:

Ըստ օրենքի՝ ՏՄՊՊՀ ստուգումները ընկերություններում կարող են անցկացվել տարին մեկ անգամ: Այսինքն՝ մինչև հաջորդ ստուգում այդպես էլ հայտնի չէ, թե արդյոք այս տարի կաթնարտադրողները, եթե իսկապես օգտագործել են հավելանյութեր, հրաժարվելո՞ւ են դրանցից: Իսկ եթե դատարանի որոշման արդյունքում պարզվի, որ «Աշտարակ կաթ»-ը և մյուս արտադրողները նման քայլերի չեն դիմել, ՏՄՊՊՀ-ն որևէ պատասխանատվություն կրելո՞ւ է այդ ընկերությունների գործարար համբավին վնաս հասցնելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում