Թեղուտավտանգ համակարգ
Հունվարի 15-ին Երևանից մի քանի հարյուր բնապահպաններ և ակտիվիստներ արշավով գնացին Թեղուտ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով տեղի անտառները ոչնչացնել ենթադրող հանքարդյունաբերական ծրագրի իրականացման դեմ:
Բնապահպաններին Թեղուտում միանշանակ չդիմավորեցին: Գյուղացիների մի մասը հայտարարում էր, թե «երևանցիները թող մեր գործերին, մեր անտառներին չխառնվեն»: Թեղուտի հանքը շահագործել պատրաստվող «Վալլեքս» ընկերության աշխատակիցներն էլ բնապահպաններին որակում էին «գրանտակերներ»՝ նշելով, թե հանքի շահագործումը «բնությանը ոչ մի վնաս էլ չի տա»:
Մի կողմ թողնելով պարզունակ այս հայտարարություններն ու այն, թե ինչ էկոլոգիական հետևանքներ կարող է ունենալ մի ամբողջ էկոհամակարգի ոչնչացումը՝ մեկ այլ կարևոր պահ նկատենք Թեղուտի արշավի մեջ:
Հայաստանի ներկա քաղաքական համակարգի և ապօրինությունների դեմ ժողովրդի կուտակված ընդվզումը Ազատության հրապարակից կարծես տեղափոխվել է բնություն ու անտառներ՝ Թռչկան, Քաջարան, Թեղուտ: Բնապահպանական այս շարժումները հատկապես հետաքրքիր են քաղաքական մեծ իրադարձությունների՝ այս տարվա խորհրդարանական և մյուս տարվա նախագահական ընտրությունների նախաշեմին: Դրանք կարող են մեծացող ձնագնդիի էֆեկտ ունենալ, որի համար պարարտ դաշտն առաջին հերթին երկրում եկամուտների խիստ անհավասար բաշխվածությունն է և մեծացող աղքատությունը:
Թե բնապահպանական այս ինքնաբուխ թվացող շարժումներն ինչպես կարող են վերաճել քաղաքական մեծ փոփոխությունների, թերևս ականատես կլինենք առաջիկայում:
1980-ականների երկրորդ կեսին, երբ Խորհրդային Հայաստանում սկսվեցին բնապահպանական շարժումները Ատոմակայանի, Նաիրիտի, Կիրովականի քիմկոմբինատի և այլ ձեռնարկությունների փակման պահանջով, ոչ ոք, այդ թվում՝ շարժման ակտիվիստները, չէին կարող ենթադրել, որ իրենց կողմից գլորվող ձնագունդը վերաճելու է Ղարաբաղյան շարժման և հանգեցնելու հսկա մի համակարգի փլուզման:
Քաղաքականությանը սերտաճած բիզնես վերնախավի համար, որ այժմ ղեկավարում է Հայաստանը, բնապահպանական շարժումները շատ ավելի լուրջ վտանգ են ներկայացնում, քան որևէ քաղաքական ուժ: Այստեղ ազգային համաձայնությունը շատ ավելի զորեղ է, քան քաղաքականության մեջ:
Civilnet










