ՎՏԲ խմբի նախաձեռնության իմաստն այն է, որ, օրինակ, եթե «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի հաճախորդը միջոցներ կանխիկացնի Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում և Ադրբեջանում գործող ՎՏԲ դուստր բանկերի բանկոմատներում, ապա սակագինը կլինի այնպիսին, ինչպիսին սահմանել է մայր բանկը։ Այսինքն՝ ՎՏԲ-ի հաճախորդների համար միջոցների կանխիկացման կոմիսիոն վճարը նույնն է թե՛ Ռուսաստանում, թե՛ արտերկրում։
«ՎՏԲ Հայաստան բանկ»-ի հաճախորդից, օրինակ, միջոցներն արտերկրում կանխիկացնելու համար, անկախ գումարից, գանձվելու էր $3, իսկ Հայաստանում իր բանկի բանկոմատներից միջոցների կանխիկացման դեպքում միջնորդավճարը Visa պլաստիկ քարտերի համար կազմում է 0,2%: Ռուսական «ՎՏԲ 24»-ի պլաստիկ քարտերով միջոցների կանխիկացման համար բանկի բանկոմատներից սպասարկման գումար չի գանձվում։ Այս քայլն առաջին հերթին բխում է ՎՏԲ-ի շահերից։
Այսօր Ռուսաստանից Հայաստան բանկային համակարգով տարեկան մասնավոր փոխանցումների ծավալը կազմում է մոտ $1,4 մլրդ, և այդ գումարի համար վճարվում են միջնորդավճարներ (շուրջ $10 մլն)։ ՎՏԲ-ի բանկոմատների միավորման արդյունքում հնարավորություն է ստեղծվում Ռուսաստանից Հայաստան միջոցներ ուղարկել առանց միջնորդավճարների։ Խոսքն այն մասին է, որ Ռուսաստանից գումարներ փոխանցողը պարզապես կարող է դառնալ «ՎՏԲ 24»-ի քարտապան, հիմնական կամ լրացուցիչ պլաստիկ քարտը ուղարկել Հայաստան, և այդ քարտով Հայաստանում գումարներն արդեն կկանխիկացվեն առանց սպասարկման գումարի:
«ՎՏԲ 24» բանկի քարտապանները բանկի բանկոմատներում գումարների կանխիկացման համար վճարում են 0% միջնորդավճար։ Պլաստիկ քարտերի տարեկան սպասարկումը տատանվում է 150-750 ռուբլու ($5-$25) շրջանակում։
ՎՏԲ խմբի քայլը մարտահրավեր է Հայաստան դրամական փոխանցումներ իրականացնող մյուս, հատկապես «Անելիք» և Unistream համակարգերի համար: Վերջինիս բաժին է ընկնում Ռուսաստանից Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների կեսից ավելին:
Այս համակարգերում գումարի փոխանցման համար գանձում են 0,35%-ից մինչև 1,3%՝ կախված գումարի չափից և արժույթից։ Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանից Հայաստան դրամական միջին փոխանցման միջնորդավճարը կազմում է 0,5%, իսկ «ՎՏԲ 24» բանկի հիմնական և լրացուցիչ քարտի տարեկան սպասարկումը՝ $5, ապա «ՎՏԲ 24»-ի քարտերի միջոցով գումարների կանխիկացումը ձեռնտու կլինի, եթե Հայաստան տարեկան փոխանցվող գումարը գերազանցի $1000-ը կամ ամսական $85-ը։
Սակայն պետք է հաշվի առնել նաև, որ Հայաստան մասնավոր փոխանցումների զգալի մասը կատարում են արտագնա աշխատանքի մեկնածները, որոնցից ոչ բոլորն են փոխանցումներ կատարում պլաստիկ քարտերով: Ուստի պետք չէ ակնկալել, որ Ռուսաստանից Հայաստան դրամական հոսքերի «բեռն» անմիջապես կընկնի ՎՏԲ-ի վրա: Բայցևայնպես, այդ «բեռը» կմեծանա:
Civilnet











