Բարձրացնում են նարուշիլովկայի գինը
Փոքր մարդիկ ավելի են փոքրանալու, մեծերը միայն զգալու են իրենց մեծությունը: Որովհետև օրենքի կիրառումով բջջային հեռախոսները ոչ ոք չեղյալ չի համարել: Կարող է, չէ՞, խախտում արած «լավ տղեն» զանգել ոստիկանապետին, նա էլ դիմի իր համապատասխան ենթականերին ու ասի՝ չեղյալ համարեք: Այս սարքերն ընդամենը բարձրացնում են նարուշիլովկայի գինը:
Որովհետև մեր մենթալիտետի ագրեսիվությունը սարքերով ու տեսախցիկներով չես զսպի, պարզապես խախտում անողն ստիպված կլինի բարձրաստիճան ոստիկանության հետ սերտ լինելու ավելի աղայական հարաբերություններ ստեղծելու եղանակներ մտածել: Խնդիրը օրենքը ոչ ադեկվատ կիրառողներն են, որոնք նույնքան ոչ ադեկվատ են դարձնում տեսախցիկներն ու արագացուցիչ սարքերը:
Իմ կարծիքով՝ ոստիկանապետն իր պաշտոնի համար ոչ ադեկվատ մարդ է, որովհետև միայն ոչ ադեկվատը կնստի իր ավտոմեքենան, չի նկատի ավտոմեքենայի տեխզննման և ԱՊՊԱ կտրոնների բացակայությունը, որը կնկատի մամուլը, կհրապարակի այդ մասին, որից հետո նույն ոստիկանապետը նկատողություն կհայտարարի իր վարորդին...
Տեխնիկական սարքերի նորամուծությունն ինձ իրականում սարսափեցնում է, որովհետև դուք նախ և առաջ ձեր անզորությունն ու խոր կոռումպացվածությունն եք թաքցնելու դրանց տակ: Ինչպե՞ս: Ենթադրենք՝ ոստիկանապետի կամ ԱԱԾ ղեկավարի հովանավորությունը վայելող որևէ ոստիկան կամ գործարար իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկում մի մեծահասակ կնոջ: Փաստը, որ նա վրաերթի է ենթարկել, արդեն բավարար է, որ նա հայտնվի ճաղերի հետևում, չէ՞:
Բայց արի ու տես, որ վրաերթի ենթարկելիս նա չի գերազանցել տվյալ մայրուղու համար նախատեսված արագությունը, որովհետև դուք մամուլին վստահեցնում եք, որ բոլոր սարքերը հենց դա են ցույց տալիս: Իսկ մենք ի՞նչ ենք տեսնում՝ միայն ձեր հավաստիացումը: Իսկ դուք մինչև հիմա ի՞նչ եք արել, որ ձեզ ավելի վստահենք, քան մեր ներքին համոզմունքին: Սարքերը ձեզ ավելի լա՞վն են դարձրել, դուք այլևս փող շորթելու ցանկություն չունե՞ք:
Բայց փողը շորթվելու է, որովհետև հանուն ինչի՞ դուք պիտի ասեք, որ արագությունը չի գերազանցվել, հանուն ինչի՞ դատարանը պիտի հաշվի նստի ձեր արձանագրած ցուցիչի հետ, եթե նույնիսկ դուք խոսում եք փաստերով: Որովհետև խնդիրն այն է, որ սարքերը հայտնվում են, երբ մարդը՝ վարորդը և ոստիկանը, անուղղելի են ամեն առումով: Նախկինում բավարար էր, որ մարդը եկեղեցում խոստովանի իր հանցանքը: Հիմա խոստովանելու բան կունենան միայն նրանք, ովքեր նարուշիլովկա ունեն և տիրապետում են ոստիկանապետի «Աստծուն»...
Թեմա
Մհեր Արշակյան










