-Պարոն Պողոսյան, ի՞նչ է հաշվեքարտը:
-Հաշվեքարտը անշարժ գույքի շուկայի վերլուծության ու գնահատման նոր գործիք է, որի նպատակն է նպաստել արդյունավետ ու թափանցիկ անշարժ գույքի շուկայի զարգացմանը: Հաշվեքարտը մշակվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (Center for International Private Enterpreneurship) և Անշարժ գույքի միջազգային հիմնադրամի (International Real Property Foundation) կողմից:
Այն պատկերում է շուկայի կայուն զարգացման համար անհրաժեշտ վեց հիմնական տարրերի կարգավիճակը՝ համապատասխան գույներով: Դրանք են՝ գույքային իրավունքներին վերաբերող օրենքները, փոքր ձեռնարկատերերի համար վարկային ռեսուրսների մատչելիությունը, կառավարման արդյունավետությունը, վեճերի արդար լուծումը, ֆինանսական թափանցիկությունը և պատշաճ կարգավորումը:
-Դուք ուսումնասիրել եք Երևանի և Դիլիջանի անշարժ գույքի շուկան: Ինչպե՞ս է կատարվել ուսումնասիրությունը:
-Անցկացվել են հարցազրույցներ փորձագետների տարբեր խմբերի հետ՝ բանկային և ֆինանսական համակարգի, անշարժ գույքի շուկայի, հարկային ոլորտի մասնագետների և իրավաբանների հետ: Կազմակերպվել են նաև ֆոկուս խմբերի քննարկումներ փոքր ձեռնարկատերերի հետ՝ համեմատելու և համադրելու փորձագետների և նրանց կարծիքներն ու փորձը: Այս հետազտությունների հիման վրա պատրաստվել է հաշտվետվություն, և ճշտվել են հաշվեքարտի տարրերին տրվող գնահատականները: Այս ուսումնասիրությունը և հաշվեքարտի ներդրումը միաժամանակ կատարվել է չորս երկրում՝ Հայաստանում, Քենիայում, Ֆիլիպիններում և Չինաստանում:
-Ո՞րն է հաշվեքարտի հիմնական նպատակը:
-Հաշվեքարտի նպատակն է բացահայտել այն խնդիրները, որոնք կապված են հաշվեքարտի տարրերի հետ, և առաջարկել լուծումներ: Հաշվեքարտի վերջնական նպատակը ՓՄՁ ոլորտի զարգացմանն օժանդակելն է, անշարժ գույքի շուկայում բարենպաստ գործարար միջավայր ձևավորելը և ֆինանսական միջոցները մատչելի դարձնելը:
-Ո՞ւմ են ներկայացվելու ուսումնասիրության արդյունքները:
-Ուսումնասիրությունն ուսուցողական և տեղեկատվական բնույթ ունի, այսինքն՝ որևէ պարտադրանք չի պարունակում: Սակայն այն կարող է հիմք լինել պետական մարմինների համար, որոնք զբաղվում են այդ ոլորտներում բարեփոխումների իրականացմամբ, օրինակ՝ Կադաստրի, Էկոնոմիկայի նախարության, ՊԵԿ-ի, ինչպես նաև բանկային համակարգի համար, որոնք կարող են օգտվել այդ տեղեկատվությունից:
-Ինչպե՞ս կարող է լուծվել ՓՄՁ-ի համար ֆինանսական միջոցների մատչելիության հարցը:
-Այլընտրանքային ֆինանսական գործիքների ներդրումը թույլ կտա լուծել փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսների անբավարարության խնդիրը: Հայաստանում, օրինակ, չկան ՓՄՁ ֆինանսավորման այլընտրանքային գործիքներ, ասենք՝ հրեշտակային ֆինանսավորումը, վենչուրային հիմնադրամները և այլն: Ավելին՝ վարկերը թանկ են, դրանց տրամադրման պայմանները՝ խիստ, շատ հաճախ ՓՄՁ-ներին վարկ տրամադրելու համար որպես գրավ պահանջվում է անշարժ գույքը Երևանում: Քիչ են նաև միկրովարկավորման մեջ մասնագիտացած ինստիտուտները՝ չնայած առկա պահանջարկին:
Զարգացած երկրներում անշարժ գույքի շուկան լայն հնարավորություններ է ընձեռում ՓՄՁ ոլորտին ոչ միայն վարձակալության, այլև անշարժ գույք ձեռք բերելու համար՝ տրամադրելով մատչելի հիփոթեքային վարկեր: Հայաստանում նման պրակտիկա չկա: Այստեղ ձեռնարկատերը պետք է բիզնես ծրագրում ներառի անշարժ գույքի ձեռքբերման մասը, հիմնավորի դա և գուցե այդ պարագայում կարողանա միջոցներ ներգրավել: Այնինչ սեփական անշարժ գույքի ձեռքբերումը կայուն հող է ստեղծում ՓՄՁ-ի զարգացման համար:
-Ֆինանսական միջոցներից բացի՝ որո՞նք են անշարժ գույքի շուկայի խնդիրները Հայաստանում:
-Հիմնական խնդիրներից մեկը վարձակալների իրավունքներն են: Օրինակ՝ եթե փոքր բիզնեսը վարձակալել է տարածք, այն ապահովագրված չէ, որ տարածքի տերը վաղը չի վաճառի այն: Ստացվում է, որ մարդիկ վարկ են վերցնում բանկից, սակայն մեկ օրում հայտնվում են փողոցում, կանգնեցնում իրենց գործունեությունը, կորցնում գույքը: Օրենսդրորեն և վարչական առումով վարձակալների իրավունքները պաշտպանված չեն:
Civilnet











