ՊԵԿ-ի կողմից հրապարակվող խոշոր հարկ վճարողների տարեկան ցանկերի ուսումնասիրությունը չի հաստատում Ալավերդյանի հայտարարությունը։
Հիմք ընդունելով, որ Հայաստանում խոշոր հարկ վճարողներ են հնչեցրած 462 ընկերությունները՝ 2008թ. հարկ վճարողների ցուցակի առաջին 462 ընկերությունները վճարել են ընդհանուր առմամբ Դ392 մլրդ-ի հարկեր, ինչը կազմում է պետբյուջե մուտքագրված Դ598,8 մլրդ հարկային եկամուտների 65,5%-ը։ Ճգնաժամային 2009թ. այդ ընկերություններն ապահովել էին պետբյուջեի հարկային եկամուտների 63,9%-ը, 2010թ.՝ 63,4%-ը։ Հաշվի առնելով, որ 2011թ. ցուցանիշները դեռ չեն հրապարակվել, հնարավոր չէ ներկայացնել այդ ընկերությունների կողմից վճարված հարկերի ծավալները, բայց ինը ամիսների արդյունքով՝ այդ 462 ընկերություններն ապահովել են պետբյուջե մուտքագրված հարկային եկամուտների 64%-ը։
Փաստորեն, խոշոր հարկ վճարողների մասնաբաժինն ընդհանուր հարկային մուտքերում այս տարիներին միշտ եղել է 60%-ից ավելի, և նույնիսկ մինչև բարեփոխումները 462 ընկերությունները կրել են պետբյուջեի բեռը։
Ու թեև որոշակի բարեփոխումներ ՊԵԿ-ում կատարվել են, խոշոր հարկ վճարողներին հարկային դաշտ բերելու հարցում լուրջ առաջընթաց տեսանելի չէ: Դրա մասին վկայում է նրանց վճարած հարկերում ուղղակի հարկերի (շահութահարկ, եկամտահարկ) մասնաբաժինը։ Այսպես՝ 462 ընկերությունների վճարած հարկերում ուղղակի հարկերի մասնաբաժինը 2008թ. կազմում էր 22,1%, 2010թ.՝ 20,4%, 2011թ. ինը ամիսներին այդ ցուցանիշը հասել է 26%-ի։
Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ խոշոր հարկ վճարողներն ավելի շատ շահութահարկ են վճարել, քան մինչև ճգնաժամը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ անցած տարի, 2008թ. համեմատ, Հայաստանում միջին աշխատավարձն ավելացել է 25%-ով, ինչը նշանակում է, որ ավելացել է աշխատակիցների եկամտահարկը։ Ստացվում է, որ խոշոր հարկ վճարողների ուղղակի հարկերի տեսակարար կշռի ավելացումը հիմնականում պայմանավորված է խոշոր հարկ վճարողների ոչ թե շահութահարկի ծավալների ավելացումով, այլ աշխատակիցների եկամտահարկի աճով։
ՊԵԿ-ի ցանկերից նաև երևում է, որ թե՛ 2008թ., թե՛ մյուս տարիներին այդ 462 ընկերություններից հարկերի հավաքագրումը հավասարաչափ ընկնում է հարկային և մաքսային մարմինների վրա։ Այսպես՝ 2008թ. հարկային մարմինները հավաքագրել են ընդհանուր հարկերի 49,8%-ը, 2010թ.՝ 49,7%-ը։ 2011թ. ինը ամիսների կտրվածքով՝ 462 հարկ վճարողներից հավաքագրված ընդհանուր հարկերի 54%-ը հավաքել է հարկայինը։
Civilnet











