Վերջին տարիներին արձանագրվել է բռնագանձումների զգալի աճ։ ԴԱՀԿ ղեկավարի խոսքով՝ եթե 2009թ. ԴԱՀԿ-ի միջոցով բռնագանձումների ծավալը կազմել էր Դ6 մլրդ, որից Դ1,2 մլրդ-ը՝ հօգուտ բյուջեի, անցած տարի այդ ծավալը կազմել է Դ14,2 մլրդ, որից հօգուտ բյուջեի՝ Դ2,4 մլրդ։ «Եթե նախկինում մարդիկ պարտքերի վերադարձման հարցում դիմում էին ինչ-ինչ եղանակների, ներկայում նրանք դիմում են դատական ատյաններին»,– բռնագանձումների և կատարողական թերթերի աճը այդպես բացատրեց Պողոսյանը։
Ըստ նրա՝ անցած տարի մեծացել է հայտնաբերված միտումնավոր սնանկացման գործերի թիվը. եթե 2010թ. ԴԱՀԿ-ն դատախազություն էր ուղարկել միտումնավոր սնանկացման 21 գործ, որից 11-ի մասով հարուցվել էր քրեական գործ, անցած տարի այդպիսի գործերի թիվը կազմել է 35, որից 17-ի մասով հարուցվել է քրեական գործ։ Պողոսյանի խոսքով՝ սնանկացման են դիմում տնտեսավարող այն սուբյեկտները, որոնք պետության առջև մեծ՝ մի քանի տասնյակ միլիոնի պարտավորություններ ունեն և այդ եղանակով փորձում են խուսափել դրանց կատարումից։
Անցած տարի Ռուսաստանում պրիստավները հնարավորություն ստացան արգելել պարտապանների մեկնումը երկրից: «Օրակարգ»-ի հարցին, թե Հայաստանը չի՞ պատրաստվում նույնպես այդ պրակտիկան ներդնել, Պողոսյանը պատասխանեց. «ԴԱՀԿ-ն փորձում է հասկանալ ինչպես այդ, այնպես էլ մի շարք այլ մեխանիզմների արդյունավետությունը, այլ երկրներում արձանագրված արդյունքները և միայն նոր դա կիրառել։ Այդ ուղղությամբ աշխատանք է տարվում, բայց դրա հետ կապված կան խնդիրներ. մեր բնակչության զգալի մասը մեկնում է արտագնա աշխատանքի և կարողանում է գումար աշխատել: Նմանատիպ գործառույթ իրականացնելով՝ հարկադիր ծառայությունը նրանց կզրկի դրանից»։
Պողոսյանի խոսքով՝ իրենք հրաժարվել են այդ պրակտիկան ներդնելուց, քանի որ Հայաստանից շատերը մեկնում են դրսում փող աշխատելու և պարտքերը փակելու համար:
Պողոսյանը «բիզնես չունի»
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ լինելով պետական պաշտոնյա՝ ԴԱՀԿ ղեկավարը բիզնեսներ ունի, Պողոսյանը պատասխանեց, թե 2007-ից, ինչ գործի է անցել ԴԱՀԿ-ում, բիզնես գործունեությամբ չի զբաղվել՝ «վաճառել-հեռացել է «Քեթրին Գրուպ»-ից»։ «Քեթրինի շենքը հանդիսանում է իմ սեփականությունը, և «Ֆրեշ» սուպերմարկետների որոշ շենքերի սեփականատերը նույնպես ես եմ: Դրանք վարձով տրված են այդ կազմակերպություններին։ Այսօր այդքան մասով են իմ բիզնեսները, որը ինձ բավարարում է պետական պաշտոնում աշխատել և ֆինանսապես ապահով լինել»,– ասաց Պողոսյանը։
Նա հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, որ ինքը ղեկավարելու է ՀՀԿ-ի Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախընտրական շտաբը և նշանակվելու է նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար: «Ես ամեն ինչ իմանում եմ մամուլից»,– ասաց ԴԱՀԿ ղեկավարը։
Civilnet











