Գլխավոր Լրահոս

Հայրաստեղծից չեն վախենում

Հայրաստեղծից չեն վախենում

Երեկ Աբովյան փողոցում սկսվել է մայթեզրյա տաղավարների ապամոնտաժումը:

Անցյալ տարի, երբ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց իր հեռանալու մասին՝ դա պայմանավորելով ռուսական ընկերությունում բարձր պաշտոնի առաջարկով, կասկածելի էր, որ նա իսկապես դրա համար է հեռանում:

Շատերը Կարապետյանի որոշումը բացատրեցին նրանով, որ Փափազյան փողոցը մանր կրպակատերերից մաքրելով՝ նա չկարողացավ գործը շարունակել և տրամաբանական ավարտին հասցնել քաղաքի կենտրոնում, հատկապես Աբովյան փողոցում, քանի որ բարձրագույն իշխանությունից չստացավ այդ մանդատը:

Չստացավ թերևս երկու պատճառով. նախ՝ այնտեղ, ի տարբերություն Փափազյան փողոցում ծայրը ծայրին հասցնող առևտրականների, բախվելու էր խոշոր շահերի, հաճախ՝ քաղաքական շահերի հետ, և երկրորդ՝ այդ խոշորների հախից գալը անհամեմատ բարձրացնելու էր նրա վարկանիշը:

Իշխանությունը հավանաբար զգուշացավ այս երկրորդ տարբերակից, քանի որ քաղաքապետի պաշտոնը լավագույն ցատկահրապարակն է դեպի վարչապետի և հատկապես նախագահի պաշտոն:

Ի դեպ՝ Ժակի Շիրակի, Ռեջեփ Էրդողանի և այլոց կենսագրությունները հենց դա էլ փաստում են: Երևանի դեպքում այդ «վտանգը» շատ ավելի մեծ է, քանի որ այն Հայաստանի ընտրազանգվածի կեսն է, որտեղ կենտրոնացած է երկրի քաղաքականապես ամենաակտիվ, ամենատեղեկացված և ամենադժգոհ զանգվածի գերակշիռ մասը:

Հարց կարող է առաջանալ՝ իսկ մի՞թե Երևանի ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանը նույնպես չի կարող հավակնել վարչապետի կամ նախագահի աթոռին: Պատասխանը միանշանակ է՝ ոչ: Ինչո՞ւ: Որովհետև նա, թեև լավ թաղապետ է եղել Ավան համայնքում և գուցեև լավ քաղաքապետ լինի Երևանում, միևնույն է, ինքնաստեղծ (self-made) անձնավորություն չէ, այլ հայրաստեղծ (father-made) է, և չունի իր նախորդի կրթական ցենզն ու խարիզման:

Աբովյան փողոցի կրպակների ապամոնտաժումը պետք է դիտարկել ոչ միայն առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախօրեին իշխանության կողմից ուժեղների և թույլերի հավասարության տպավորություն ստեղծելու մտադրությամբ, այլև նրանով, որ իշխանությունը վտանգ չի տեսնում Երևանի ներկա քաղաքապետի մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում