Այս ամիս Ֆինանսների նախարարությունն արդեն կատարել է պետպարտատոմսերի չորս տեղաբաշխում, և դրանց եկամտաբերությունը եղել է ավելի բարձր թե՛ անցած տարվա նույն ժամանակահատվածի, թե՛ տարեվերջին տեղաբաշխված պարտատոմսերի եկամտաբերությունից։ Այսպես՝ տեղաբաշխված Դ0,5 մլրդ-ի կարճաժամկետ պարտատոմսերի միջին եկամտաբերությունը կազմել է 11%, տեղաբաշխված միջնաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը (3 տարվա մարման ժամկետ)՝ 13,62%, իսկ 5 տարվա մարման ժամկետով պարտատոմսերինը՝ 14,78%:
Նշենք, որ 2011թ. հունվարին կարճաժամկետ պետական պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմում էր 8,46%, իսկ միջնաժամկետ պարտատոմսերինը՝ 5 տարի մարման ժամկետով՝ 13,85%։ Անցած տարի դեկտեմբերին կարճաժամկետ պետական պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10,47%։
Փաստորեն, մեկ տարվա ընթացքում պետպարտատոմսերի եկամտաբերությունն աճել է 1-տոկոսային կետով, իսկ հունվարին՝ 0,5-տոկոսային կետով։ Արձանագրվել է եկամտաբերության աճ ոչ միայն առանձին պարտատոմսերի գծով, այլև ընդհանուր առմամբ թանկացել է ներքին պետական պարտքը։ Անցած տարվա հունվարի վերջին պետպարտատոմսերի միջին եկամտաբերությունը 11,7% էր, իսկ դեկտեմբերին՝ 12,95%:
2011թ. պետպարտատոմսերի եկամտաբերության աճը Ֆինանսների նախարարությունը բացատրում էր տարվա առաջին կեսի բարձր գնաճով։ Բայց հիմա, երբ Հայաստանում գնաճային ճնշումները, ըստ ԿԲ-ի, չեզոք են, նախարարության կողմից հենց տարեսկզբին «թանկ» փողերի ներգրավումն այդքան էլ հասկանալի չէ, եթե հաշվի առնենք, որ բյուջեն դրանց կարիքն ըստ էության չունի. հունվարին սովորաբար բյուջեն լինում է պրոֆիցիտային: Ստացվում է, որ իրականում այդ «թանկ» փողերի կարիքը չի եղել։
Իրականում Ֆինանսների նախարարությունն այդ թողարկումներից ստացված Դ4,5 մլրդ-ի կարիքն զգացել է, քանի որ հունվարին պետք է կատարի անցած տարի թողարկած Դ4,5 մլրդ-ի կարճաժամկետ պարտատոմսերի մարումը։ Սակայն եթե անցած տարի այդ գումարը ներգրավվել էր 8,6% միջին եկամտաբերությամբ, պարտքը վերադարձնելու համար փողը ներգրավվել է մոտ 13% միջին եկամտաբերությամբ։
Բանկերի թելադրանքով
Պետական պարտատոմսերի շուկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ իրականում եկամտաբերությունը թելադրում է ոչ թե առաջարկը՝ Ֆիննախը, այլ պահանջարկը՝ ֆինանսական շուկայի մասնակիցները, հատկապես բանկերը։ Ֆիննախը հայտնվել է մի իրավիճակում, երբ նախորդ թողարկումների մարումներն ապահովելու համար ստիպված է խաղալ բանկերի խաղի կանոններով։
Հունվարին պետպարտատոմսերի եկամտաբերության աճը հրահրել են հենց բանկերը և Կենտրոնական բանկը։ ԿԲ-ն փոփոխություններ է կատարել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (ուժի մեջ է 2011թ. դեկտեմբերի 8-ից), ըստ որի՝ բանկերի կողմից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց ԿԲ-ում պարտադիր պահուստավորումը (ներգրավված միջոցների 12%-ը) իրականացվում է դրամով:
Նախկինում ներգրավված միջոցների 12%-ի 9%-ը պետք է իրականացվեր դրամով, 3%-ը՝ արտարժույթով։ Այս փոփոխությունը նշանակում է, որ բանկերն ունեն դրամի պահանջարկ (ավանդների մոտ 70%-ը արտարժութային է), ինչը հանգեցրել է շուկայում ազգային արժույթի թանկացմանը։
Մյուս կողմից՝ դրամի պահանջարկ ունի նաև Ֆիննախը, և ստիպված է ստեղծված պայմաններում թանկ փող ներգրավել։ Բանկերն օգտվում են այն հանգամանքից, որ նախարարությունը փողի խնդիր ունի:
Այս տարի նախարարությունը կանգնած է լինելու լուրջ մարտահրավերի առջև. միայն նախորդ տարիներին թողարկած պարտատոմսերի մարմանը պետք է ուղղի շուրջ Դ65 մլրդ։ Սա նշանակում է, որ դա կատարելու համար Ֆիննախը շուկայից միջոցներ է ներգրավելու բարձրացող եկամտաբերությամբ։ Սակայն խնդիրները դրանով չեն վերջանում. անհրաժեշտ է լինելու ներքին պարտքի հաշվին ապահովել Դ30,2 մլրդ՝ պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար, իսկ տեղաբաշխված պարտատոմսերից շուրջ Դ26 մլրդ ուղղել պարտատոմսերի սպասարկմանը։
Շարժվելով բանկերի թելադրած կանոններով՝ ֆիննախը գնում է դասական ֆինանսական բուրգ կառուցելու ճանապարհով:
Civilnet










