Ստացվում էր՝ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, որոնց սեփականատերերի մեջ կա նաև Ազգային ժողովի պատգամավոր, ու որոնք ունեն պրոֆեսիոնալ իրավաբանական ծառայություններ, օրենքը սխալ են հասկացել: Այնուհետ պարզվեց, որ ծխախոտի ակցիզն իսկապես բարձրացել է, սակայն դա կատարվել է ոչ թե «Ակցիզային հարկի մասին» օրենքով, այլ «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրենքով: Այսինքն՝ երկու կողմերն էլ յուրովի ճիշտ են, պարզապես իրավական դաշտը հավուր պատշաճի ներկայացնել չգիտեն:
Առաջին հայացքից՝ սա աբսուրդային իրավիճակ է, բայց իրականում արտահայտում է այն խառնաշփոթը, որ ստեղծվել է հարկային օրենսդրությունում: Հարկային օրենքները փոփոխվում են հաճախակի ու արագ: Տարվա ընթացքում հարյուրավոր հոդվածներ ենթարկվում են խմբագրման, օրենքներ կան, որ ընդամենը 5-6 տարվա կյանք են ունենում:
Փոփոխություններն իրականացվում են առանց հրապարակային քննարկումների, առանց պատշաճ տեղեկացման: Դրա ամենավառ ապացույցը հարկային վերջին փաթեթն էր, որը հրապարակվեց ու մասնագետներին հասանելի եղավ Ազգային ժողովում հաստատվելուց մեկ շաբաթ առաջ: Իսկ չէ՞ որ խոսքը վերաբերում էր մոտ 25 օրենսդրական փոփոխությունների:
Նույնիսկ պրոֆեսիոնալ հաշվապահներն ու իրավաբանները դժվարությամբ են հասցնում հետևել հարկային օրենսդրության փոփոխություններին, իսկ փոքր և միջին բիզնեսը, որ պրոֆեսիոնալ իրավաբաններ ու հաշվապահներ վարձելու հնարավորություններ չունի, երբեմն նույնիսկ տեղյակ չէ, թե ինչ փոփոխություններ են կատարվել: Իսկ դա ուժեղացնում է հարկային մարմինների վարչական լծակները, հանդիսանում կոռուպցիայի աղբյուր:
Ադամ Սմիթին չեն ճանաչում
Իրականում հարկային գործընթացը (հարկային օրենքների մշակման, քննարկման ու ընդունման փուլերը) էական նշանակություն ունի տվյալ երկրի հարկային համակարգը բնութագրելու համար: Պատմությունը վկայում է, որ հենց հարկային օրենքներ մտցնելու իրավունքի համար պայքարը նպաստեց պառլամենտարիզմի զարգացմանը: Առաջին անգամ Ազատությունների մեծ խարտիան, որ Անգլիայում ընդունվեց 1215թ., սահմանեց մի այսպիսի դրույթ՝ ցանկացած նոր հարկ կարելի է մտցնել միայն թագավորության ընդհանուր խորհրդի կողմից:
Այսինքն՝ հարկատուները գործուն մասնակցություն էին ունենում հարկային օրենքների մշակման և ընդունման գործում: Սակայն այս սկզբունքի գիտական հիմքերը շարադրեց շոտլանդացի հայտնի տնտեսագետ Ադամ Սմիթը 18-րդ դարում: «Հարկը, որ պարտավորվում է վճարել յուրաքանչյուր անհատ, պետք է որոշվի ճշտորեն, այլ ոչ թե կամային: Վճարման ժամկետը, վճարման ձևը, վճարման գումարը,– այդ ամենը վճարողի և ցանկացած այլ անձնավորության համար պետք է լինի պարզ և որոշակի... Հարկադրման անորոշությունը զարգացնում է լկտիությունը»,– գրում էր նա իր հանրահայտ՝ «Ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների ուսումնասիրություն» աշխատության մեջ:
Հիմա փորձենք պարզել, թե որքանով է հայաստանցի սովորական հարկատուն տեղյակ հարկային օրենքներին: Առաջին քայլը, բնականաբար, Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում տեղեկատվություն փնտրելը կլինի: Սակայն անորոշության մեջ գտնվող հարկատուներն այստեղ վերջնականապես կմոլորվեն: Բանն այն է, որ ՊԵԿ-ի taxservice.am կայքի «հարկային օրենսդրություն» բաժինն արդեն վաղուց չի թարմացվում: Այնտեղ կարելի է գտնել օրենքներ, որոնք վաղուց չեղյալ են համարվել, ու չեք գտնի ոչ մի նոր փոփոխություն: Օրինակ՝ 2010թ. նոյեմբերին Ազգային ժողովը չեղյալ հայտարարեց «Բենզինի և դիզելային վառելիքի հաստատագրված վճարների մասին» օրենքը, որը մինչ այսօր հանված չէ ՊԵԿ-ի կայքից:
Հարկային վերջին փոփոխություններին ծանոթանալու համար հարկատուն պարզապես պետք է գիտահետազոտական աշխատանք իրականացնի, քանի որ չկա մի այնպիսի ընդհանուր հարթակ, որտեղ օպերատիվորեն կզետեղվեին հարկային գործող օրենքները: Բացի այդ՝ հաշվապահները դժգոհում են, որ Ֆինանսների նախարարությունում հաշվապահի որակավորման քննություններ հանձնելիս ստիպված են լինում պատասխանել այնպիսի հարցերի, որոնք վերաբերում են արդեն ուժը կորցրած հոդվածների:
Կարծում ենք՝ այս բնավ ոչ երկրորդական հարցը պետք է հարկային բարեփոխումների առաջնահերթ խնդիրը դառնա, եթե, իհարկե, այս օրենսդրական խառնաշփոթը միտումնավոր չի ստեղծվում: Ընդ որում՝ ՊԵԿ-ի պաշտոնական կայքէջը կարգի բերելը (կամ դրան փոխարինող որևէ այլ հարթակի ստեղծումը) առանձնապես բարդ խնդիր չէ:
Civilnet











